Ակցիայի մասնակիցների պահանջներն ու գծատերերի անունները

Արդեն 5-րդ օրն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պայքարում են հասարակակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ: Այսօր Մաշտոցի պուրակում «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն ընդունում «քաղաքապետի հակասոցիալական որոշումը».

«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության Սահմանդրության սկզբունքները և առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով հայտարարում ենք, որ մենք չենք ընդունում քաղաքապետարանի հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի հակասոցիալական որոշումը։

Այս որոշումով խախտվում է ՀՀ Սահմանդրության առաջին հոդվածը, ըստ որի` ՀՀ-ն սոցիալական պետություն է»: Ըստ նրանց, թանկացման հարցով հանրային քննարկումներ չեն իրականացվել, տեղեկությունը տարածվել է որոշման ուժի մեջ մտնելուց 2 օր առաջ, չեն ներգրավվել նաև շահագրգիռ կողմերը` վարորդներ, ուղևորներ, խոցելի սոցիալական խմբեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը ապօրինի է:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին նաև, որ իրենք չեն վստահում ուղեվարձի գնի բարձրացման պաշտոնական հաշվարկներին և համարում են, որ քաղաքապետարանը գերադասել է մասնավոր շահը:

Ակցիայի մասնակից Ռուզաննա Գրիգորյանը մեջբերեց նաև գծատերերի անուններն ու ասաց, թե նրանք բոլորին են հայտնի. «Բոլոր պաշտոնյաները գծատերեր են, օրինակ՝ Հենրիկ Նավասարդյանը, Գագիկ Բեգլարյանը։

Նաև շրջանառվում են լուրեր, ըստ որի, գծատեր են Տարոն Մարգարյանը և իր աներձագը, կաթողիկոսը, Գալուստ Սահակյանը, մի շարք մականունավոր պատգամավորներ՝ Լֆիկ Սամո, Ծաղիկ Ռուբո, Թոխմախի Մհեր, Նեմեց Ռուբո, սա նշանակում է, որ քաղաքական գործիչների որոշումները պայմանավորված են բացառապես իրենց շահերով»:

Ռ. Գրիգորյանի խոսքով, վարորդները իրավունք չունեն պահանջել 150 դրամ, որովհետև որոշումը դեռ ուժի մեջ մտած չէ. «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել մարդկանց խաբեությունը, 150 դրամ վերցնելը և պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, պաշտոնյաններին, ովքեր ներգրավված են եղել այս կեղծիքի իրականացման մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս