ՀԱՊԿ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերը
Ռուսաստանի նախագահությամբ Կազանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համակարգող խորհրդի 28-րդ նիստը։
Նիստին մասնակցել են Թաթարստանի Հանրապետության ղեկավարությունը, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, Տաջիկստանի նախագահի առընթեր Թմրամիջոցների վերահսկման գործակալության, Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀԱՊԿ համակարգող խորհրդի նախագահ Ալեքսանդր Խրապովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նրանք ընդգծել են թմրամիջոցների սպառնալիքի դեմ պայքարում միջազգային ջանքերի համախմբման կարևորությունը, ինչպես նաև համակարգող խորհրդի դերը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միասնական ռազմավարության և համատեղ միջոցառումների մշակման ու իրականացման գործում։
Վալերի Սեմերիկովն իր ելույթում նշել է, որ աշխարհում ռազմաքաղաքական և քրեածին իրավիճակի արագ փոփոխությունների ու դրանց սրման միտումների պայմաններում թմրամիջոցների շրջանառության ոլորտում շարունակում է բարդ իրավիճակ պահպանվել ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքով պայմանավորված՝ թմրամիջոցների խնդիրը մշտապես գտնվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։
Նիստի ընթացքում ամփոփվել են համակարգող խորհրդի՝ 2026 թվականի գործունեության արդյունքները, այդ թվում՝ «Կանալ» հատուկ գործողության արդյունքները։ Կողմերը համաձայնեցրել են նաև 2027 թվականի համատեղ աշխատանքի ծրագրերը։
Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի պահանջարկի, արտադրության և մաքսանենգության, թմրաբիզնեսից ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի գործնական միջոցառումներին, ինչպես նաև համակարգող խորհրդի գործունեությանն ու «Կանալ» հատուկ գործողության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

