Ռուսաստանյան Су-30 կործանիչը կարող են զինել «օդ — մակերևույթ» դասի ծանր հրթիռով
Ռուսաստանյան Су-30 կործանիչը կարող են հարմարեցնել «օդ — մակերևույթ» կամ «օդ — նավ» դասի ծանր հրթիռի կիրառման համար։ Նման սպառազինության ինտեգրման աշխատանքներն արդեն ուսումնասիրվում են, հայտնել է Սուխոյի փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Պանկովը, տեղեկացնում է ТАСС-ը։
«Նման ուսումնասիրություն կա, ցանկություն կա, կառուցվածքի փոքր լրամշակում է պահանջվում։ Դա իրագործելի է», — հայտարարել է Պանկովը «Звезда» հեռուստաալիքի «Ռազմական ընդունում» հաղորդման եթերում։ Ըստ նրա, ծանր հրթիռի տեղադրումը պահանջել է պատվիրատուն։
Су-30-ը կարող է կրել մինչև ութ տոննա սպառազինություն։ Կործանիչի զինանոցում կան КАБ-500 և ФАБ-500, ուղղորդվող ավիառումբեր, С-8 և С-13 չկառավարվող ավիացիոն հրթիռներ, ինչպես նաև ռուս-հնդկական «Բրահմոս» (BrahMos) գերձայնային հրթիռներ։
«Բրահմոս» հրթիռը նախատեսված է ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային թիրախների խոցման համար և համալրված է մոտ 300 կգ զանգվածով մարտագլխիկով։ Այն մշակել են Ռուսաստանի մեքենաշինության գիտաարտադրական միավորումը և Հնդկաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը։ Ներկայումս հրթիռն արտադրվում է ցամաքային, ծովային և օդային տեղակայման տարբերակներով։
Су-30СМЭ տարբերակը, որը ՆԱՏՕ-ի դասակարգմամբ հայտնի է Flanker-H անվանումով, ռազմական ավիացիայի միջազգային շուկայում առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին՝ Singapore Airshow ավիացուցահանդեսում։

