Քաղաքական «խցանումներ»՝ Երևանի խցանումների քննարկումների համատեքստում
Վերջին շրջանում Երևանի խցանումների թեման արհեստականորեն ուռճացվում է և, ըստ ամենայնի, դրա հիմքում կան այլ՝ ոչ թե քաղաքային երթևեկության, այլ քաղաքական շարժերի հետ կապված նպատակադրումներ։ Իրականում մայրաքաղաքի խցանումները սարսափելի մակարդակի են հասել, այո՛, և դա լուրջ խնդիր է։ Բայց այնպես չէ, որ այսպիսի խցանումները հենց վերջին շաբաթներին են առաջացել, ավելի կամ պակաս ուժգնությամբ Երևանը գրեթե նույնքան խցանված է արդեն առնվազն մի քանի տարի։
Այդ պայմաններում, երբ խցանումների դեմ պայքարի հարցը տեղափոխվում է իշխանական ընտանիքի անդամների ու Անվտանգության խորհրդի քարտուղարի քննարկման տիրույթ, նշանակում է՝ խցանումների միջոցով ոմանք ցանկանում են ազատել ոչ միայն Երևանի փողոցները, այլ նաև որոշակի պաշտոններ։
Հաջորդ տարվա սեպտեմբերին տեղի են ունենալու Երևանի ավագանու/քաղաքապետի ընտրություններ, և այս աժիոտաժը կապված է հենց դրանց հետ՝ խցանումների թեման կարող է օգտագործվել գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ և ճանապարհ բացել իշխանության մեկ այլ թեկնածուի համար:
Այս հարցը հանրային ու քաղաքական տեսանկյունից գրեթե հետաքրքրություն չէր ներկայացնի, եթե վերաբերեր միայն ներիշխանական հակասություններին ու գզվռտոցներին։ Մեծ հաշվով, հանրության համար երկրորդային է՝ Երևանի քաղաքապետի անունը Տիգրա՞ն է, թե՞ ազգանունը Սիմոնյան կամ Հակոբյան։ Հայաստանում գործում է անձնիշխանություն, և անկախ ազգանուններից՝ բոլոր պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի սատրապներն են որևէ կարգավիճակում։ Գուցե բացառությամբ Հակոբյան ազգանվան։ Բայց անգամ դա շատ էական չէ։
Ավելի կարևոր է, որ Երևանի խցանումների թեմայի արհեստական շիկացումը կարող է կապված լինել ավելի գլոբալ քաղաքական հարցերի հետ։
Նոր Սահմանադրության ընդունման թեման իշխանության համար կենաց-մահու նշանակություն է ստացել։ Ընդդիմությունը, արդյունավետ կամ ոչ, հանդես է գալիս դրա դեմ պայքարի միասնական ճամբարով՝ փորձելով հասարակությանը հաղորդակից դարձնել Սահմանադրության թեմայի կարևորությանը, իշխանության կողմից հակահայկական Սահմանադրության ընդունման վտանգներին։
Այս պայմաններում իշխանության համար կենսականորեն կարևոր է քաղաքացիներին տեղափոխել իրենց ամենօրյա կյանքին վերաբերող տիրույթ։ Բոլորի համար անտանելի, նյարդայնացնող խցանումների թեման դրան մեծապես կարող է նպաստել։
Բայց դրանով Երևանի խցանումների ու նոր Սահմանադրության կապը չի ավարտվում։ Եթե իշխանությանը հաջողվի Սահմանադրության նախագիծը որևէ կերպ անցկացնել ԱԺ-ում, ապա սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու հաջորդ տարի։
Բացառված չէ, որ իշխանությունը Սահմանադրության հանրաքվեն և Երևանի ավագանու ընտրությունները փորձի միատեղել՝ եթե ոչ կոնկրետ նույն օրն անցկացնելու, ապա առնվազն ժամանակահատվածի իմաստով՝ օրինակ, մեկ-երկու ամիսների տարբերությամբ։ Դա իշխանությանը հնարավորություն կտա Երևանի խցանումների վերացման և Ալիևի պահանջած նոր Սահմանադրության հարցն առնվազն քարոզչական իմաստով փոխկապակցել՝ մոտավորապես «չես ուզում նյարդայնանալ խցանումներում, կողմ քվեարկիր Սահմանադրությանը» կարգախոսով։
Բացի քարոզչական ազդեցությունից, դա կջլատի ընդդիմության ռեսուրսները, որոնք օբյեկտիվորեն կկիսվեն սահմանադրական հանրաքվեի ու Երևանի ավագանու ընտրությունների բերումով։
Այնպես որ, Երևանի խցանումների թեմայով իշխանության ներկայացուցիչների լալահառաչ «մտահոգություններին» պետք չէ միարժեք վերաբերվել։ Դրա տակ կան ականներ, որոնք կարող են պայթել ոչ միայն առանձին վերցրած ՔՊ-ականների քաղաքական կարիերայի ճանապարհին։
Հարություն Ավետիսյան

