Ալեքսանդր Իսկանդարյան. ԵՄ-ի և Մաքսային միության հետ համագործակցության ձևաչափերը միանգամայն համատեղելի են

«Իհարկե, քաղաքականության մեջ երբեք չի կարելի որևէ բան պնդել 100 տոկոսով, բայց, կարելի է ասել, գործընթացը բավական բարեհաջող է ընթանում»,- այսօր «Նովոստի» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովի և Եվրոպական միության (ԵՄ) հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացի մասին:

Ըստ քաղաքագետի`  ամենայն հավանականությամբ, Հայաստանը վիլնյուսյան գագաթաժողովում կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը: Այնուամենայնիվ, այս գործընթացը, ըստ Իսկանդարյանի, բավական երկար ժամանակ կպահանջի, քանի որ մինչ դրա ստորագրումն անհրաժեշտ  է կատարել մի շարք բյուրոկրատական գործողություններ, օրինակ` համաձայնագրի տեքստն անհրաժեշտ է թարգմանել եվրոպական բոլոր լեզուներով, այնուհետև այն պետք է քննարկվի Եվրամիության անդամ պետությունների խորհրդարաններում:
Իսկ այս համատեքստում քննարկվող այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնության և մի քանի այլ նախկին խորհրդային պետությունների կողմից նախաձեռնված Մաքսային միության հետ Հայաստանի որևէ փաստաթղթի ստորագրումը կարող է ազդել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի վրա, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց` «երբեք մի ասեք՝ երբեք»:

«Սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, և քաղաքականության մեջ լինում են կտրուկ շրջադարձեր` ֆորսմաժորային իրավիճակներ, որոնք կանխատեսելը շատ դժվար է»,- ասաց Իսկանդարյանը` միաժամանակ ավելացնելով, որ Եվրամիության և Մաքսային միության հակադրություն իրականում չկա, այդ հակադրությունը, ըստ նրա, կա միայն Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում:

«Երբ արտասանում ես՝ «գագաթաժողով», «Վիլնյուս», «Ասոցացման համաձայնագիր» բառերը, Հայաստանում անընդհատ ծագում է նույն հարցը` «Ռուսաստան-Եվրոպա, իսկ այդ գործընթացները մեկը մյուսին չե՞ն խանգարում»: Ո՛չ, չեն խանգարում»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը հիշեցրեց, որ, բացի Մաքսային միությունից, դեռևս չկա այլ ձևաչափ, ինչպես, օրինակ` Եվրասիական միությունը, որն առայժմ գոյություն ունի միայն նախագծի տեսքով:

«Իսկ Մաքսային միություն մեզ ոչ ոք չի կանչում»,- ասաց նա:

«Եթե Հայաստանին մի կողմից՝ կանչեին Եվրամիություն, իսկ մյուս կողմից` Մաքսային միություն, դա արդեն անհնար կլիներ»,- ասաց Իսկանդարյանը: Ըստ նրա` այդ դեպքում երկու ձևաչափերն անհնար կլիներ համատեղել, քանի որ Մաքսային միության անդամակցությունը ենթադրում է, որ տվյալ երկիրն իր սահմանային լիազորությունները հանձնում է միությանը, նույնը Եվրամիություն մուտք գործելու դեպքում է, երբ պետության ազգային լիազորությունների մի մասը փոխանցվում է վերազգային մակարդակին:

«Բայց մեզ ո´չ կանչում են ԵՄ, ո´չ էլ Մաքսային միություն, իսկ ԵՄ-ի և Մաքսային միության հետ համագործակցության ձևաչափերը միանգամային համատեղելի են»,- ասաց նա:

«Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կնշանակի՝ մասնավորապես, Իրանի և Վրաստանի հետ սահմանային համագործակցության կտրուկ փոփոխությունը, ինչը նման կլիներ Արևմտյան Բեռլինի ժամանակների օդային կամրջին` Հայաստանի և Ռուսաստանի միջև, դա հնարավոր չէ, այդ հարցը չի քննարկվում»,- ավելացրեց նա:

Կովկասի ինստիտուտի տնօրենը խոսեց նաև հարցին առնչվող մեկ այլ խնդրի մասին, թե որքանո՞վ է իրական Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը հայ-թուրքական փակ սահմանների պայմաններում, և արդյոք հնարավո՞ր է, որ Ասոցացման համաձայնագրի գործընթացին զուգահեռ՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ բանակցություններում կարողանա հասնել այդ սահմանների բացմանը:

«Իհարկե, սա լուրջ խնդիր է: Սահմանների փակ լինելու հարցը  ոչ թե պարզապես Ասոցացման համաձայնագրի կամ Եվրոպայի հետ համագործակցության, այլ ընդհանրապես Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրներից է: Մաքսային միության հետ նույնպես կա նման խնդիր, որովհետև աբխազական երկաթուղին չի աշխատում»,- ասաց քաղաքագետը:

«Հնարավո՞ր է, որ Եվրոպան ճնշում գործադրի Թուրքիայի վրա, և վերջինս բացի սահմանները, ցավում եմ, բայց ո՛չ, հնարավոր չէ»,- նշեց Ա. Իսկանդարյանը:

Ա. Իսկանդարյանի խոսքերով` դրա պատճառը հետևյալն է` Եվրոպան առաջնորդվում է, այսպես ասած, «փափուկ ուժի» (soft power) քաղաքականությամբ, իսկ այս դեպքում անհրաժեշտ է ուղղակի ճնշում, որը կարող է գործադրել, օրինակ, Միացյալ Նահանգները:

«Բացի այդ, այն գազարը, որը կախել են Թուրքիայի առջև, այնքան էլ համեղ չէ: Եթե օրակարգում դրված լիներ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, և թուրքերին ասեին` դուք բացում եք Հայաստանի հետ սահմանները, և մենք ձեզ ընդունում ենք Եվրամիություն, դա ուրիշ է, բայց այդ «գազարը» չկա»,- խնդիրը պատկերավոր կերպով ներկայացրեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս