Բաժիններ՝

Պետք է սովորենք եկեղեցի գնալ հրաժարիմքից առաջ, միասնաբար սատանայից հրաժարվել, խոստովանել մեր հավատքը և զղջալ մեր մեղքերի համար. Տեր Միքայել

Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կոչ է անում պատարագի գնալ հրաժարիմքից առաջ, միասնաբար սատանայից հրաժարվել, խոստովանել մեր հավատքը և զղջալ մեր մեղքերի համար։

Տեր Հոր խոսքով՝ Սուրբ Պատարագի ժամանակ յուրաքանչյուրի մասնակցությունը հոգևոր մեծ բավականություն է Պատարագիչ հոգևորականի համար:

«Սուրբ Պատարագից առաջ կատարվում է «Հրաժարիմք» և ապա՝ հավատի խոստովանության կարգ, որին հաջորդում է Զղջման՝ ապաշխարության աղոթքը: Հրաժարիմքից առաջ, եկեղեցիները, սովորաբար, գրեթե դատարկ են լինում, իսկ զղջումից հետո արդեն լինում են ոմանք:

Սուրբ Պատարագի ժամանակ, երբ արդեն պետք է հոգևորականը քարոզ խոսի, եկեղեցին ավելի մարդաշատ է, ինչու՞:

Սիրելիներ, մենք պետք է սովորենք եկեղեցի գնալ հրաժարիմքից առաջ, միասնաբար սատանայից հրաժարվել, խոստովանել մեր հավատքը և զղջալ մեր մեղքերի համար և պատրաստ կանգնենք Սուրբ Պատարագի աղոթքին, որով էլ կարժանանանք Սուրբ Հաղորդությանը՝ լսելով նաև օրվա հոգևոր պատգամը պատարագիչ քահանայից:

Հիմա համեմատություն աշխարհիկ կյանքի հետ:

Երբ որևէ խնջույք եք պատրաստում և ժամ եք սահմանում, բայց հյուրերը նշված ժամից ուշանում են, միջոցառումն սկսում եք առանց հյուրերի կամ քիչ հյուրերով, և միջոցառման սրահը լցվում է հյուրերով միջոցառման ընթացքում և ուշացողները զրկվում են որոշակի երևույթներից ու սննդից, կախված ուշանալու տևողությունից և անհարմարություն ստեղծում միջոցառման տիրոջ համար:

Նույնն է նաև Պատարագի պարագայում, մի ուշացեք, և Տիրոջ համար անհարմարություն մի ստեղծեք, մի մտածեք, թե քահանայի համար է անհարմարությունը, ոչ, այլ Տիրոջ, քանի որ Պատարագը Տիրոջ զոհաբերության խորհուրդն է, իսկ քահանան, զուտ խորհրդակատարն է:

Այնպես որ, եթե քահանան բերկրանք է ապրում եկեղեցու լեցուն լինելու փաստից, ապա որքան առավել Տերն է ուրախանում ձեր ներկայությունից:

Ապահովեք Տիրոջ ուրախությունը և ձեր փրկությունը Սուրբ Պատարագի մասնակցությամբ»,- նշել է Տեր Միքայելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031