Երբ խախտվում է ազատ տեղաշարժվելու իրավունքը
Երբ Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում կայացրեց, որ մերձքաղաքային տրանսպորտի վերջնականգառը պետք է լինեն մայրաքաղաքից դուրս գտնվող ավտոկայանները, էջմիածինցիները հայտնվեցին դաժան փաստի առաջ: Այլ քաղաքի բնակիչների օրինակով նրանք էլ պետք է օրական 4 երթուղային տաքսի փոխեին համալսարան կամ աշխատավայր հասնելու համար և վճարեին օրական առնվազն 1000 դրամ: Այսինքն՝ ստացվում էր, որ ամսական միայն 25.000 դրամ էջմիածինցին վճարում է տրանսպորտի գումար, երբ աշխատավարձը, լավագույն դեպքում, 80 կամ 100.000 դրամ է կազմում:
Սակայն միայն դրանով խնդիրը չի ավարտվում: Նախ՝ գոյություն ունի ընդամենը մեկ գիծ, որն իրականացնում է Էջմիածին-Երևան ուղևորափոխադրումն ու Էջմիածնի և շրջակա մի քանի գյուղերի հազարավոր բնակիչների մուտքը Երևան: Այսինքն՝ ստացվում է մենաշնորհ, որը երբեք չի կարող լինել հօգուտ քաղաքացու:
Էջմիածինը Երևանին ամենամոտ քաղաքն է, որտեղ չկան գործարաններ կամ այլ աշխատատեղեր. հետևաբար՝ քաղաքի և շրջակա գյուղերի բնակչության մի հսկայական զանգվածն աշխատում է մայրաքաղաքում: Հենց սա է պատճառը, որ, ի տարբերություն այլ քաղաքների երթուղային գծերի՝ Երևան-Էջմիածինը շատ պահանջված է, ու կանգառում միշտ կհանդիպեք երթուղայինի սպասող ուղևորների: Երևանից Էջմիածին հեռավորությունը 18-20 կիլոմետր է, սակայն երթուղայինի գինը 250 դրամ է: Սա՝ այն դեպքում, երբ Երևանից նույն կամ մի քիչ ավելի հեռավորության վրա գտնվող Աբովյանում կամ Արտաշատում գինը 200 կամ 150 դրամ է: Ուղևորափոխադրումների գինը սահմանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը. գծի օգտագործման իրավունքը տրվում է մրցույթի կարգով: Փաստ է, որ նման շահավետ մրցույթներում սովորաբար ներկայացված է լինում մեկ կազմակերպություն ու, որպես կանոն, գիծը պատկանում է տվյալ քաղաքի պատգամավորին կամ օլիգարխին:
Էջմիածինն էլ բացառություն է: Երևան-Էջմիածին երթուղին պատկանում է պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Բացի բարձր գնից, երեկոյան ժամը 8-ից հետո անհնար է Կենտրոնական ավտոկայանում Էջմիածին-Երևան երթուղային տաքսի գտնել: Սա՝ այն դեպքում, երբ Տրանսպորտի և կապի նախարարությունից մեզ հավաստիացրեցին, որ վերոնշյալ երթուղայինը, ըստ մրցույթի պայմանների, պետք է աշխատի մինչև երեկոյան ժամը 22:00-ն:
Բացի վերոնշյալ գծից, գործում է նաև անհատ տաքսիստների մի խումբ, որոնք յուրաքանչյուր անձի համար հուլիսի 1-ից՝ 400, իսկ երեկոյան ժամերին՝ 500 դրամով են սպասարկում: Բազմաթիվ քաղաքացիներ, հատկապես՝ ուշ ժամերին, նախընտրում են ոչ թե կանգառում առնվազն 20 րոպե սպասել ու ծալապատիկ հասնել ավտոկայան, այլ օգտվել տաքսիստների առաջարկած ծառայություններից: Շատերն էլ ճարահատյալ են դիմում, որովհետև վստահ չեն, որ ավտոկայանում այդ ժամին երթուղային տաքսին կաշխատի: Մի խոսքով, ստացվում է անհասկանալի մի իրավիճակ, երբ քաղաքացին աշխատանքի կամ տուն հասնելու համար ամեն օր պետք է պայքարի, նյարդեր քայքայի ու բավական գումար ծախսի: Մինչդեռ կա ավելի քաղաքակիրթ մոտեցում:
Նախ՝ Տրանսպորտի նախարարությունը պետք է անընդհատ հետևի և ստիպի գծատերին, որպեսզի վարորդները մինչև սահմանված ժամն աշխատեն: Իսկ սահմանված նորմը խախտելու պարագայում տուգանք սահմանի, ընդհուպ՝ լիցենզիայից զրկում: Բացի այդ, պետք է հաշվի առնել երկու հանգամանք. որքա՞ն է քաղաքների միջև հեռավորությունն, ու բնակիչները որքա՞ն հաճախ են օգտվում տվյալ տրանսպորտային գծի ծառայություններից: Վերոնշյալ խնդիրների լուծումը, բնականաբար, կխոսի ի շահ քաղաքացու, այլ ոչ մասնավորի, սակայն, ինչպես ժամանակն է ցույց տալիս, գերատեսչությունն այս դեպքում ոչ թե արդարություն պահանջող քաղաքացու, այլ մասնավորի կողմից է:
Հ. Գ. Ի դեպ, տաքսիստների համար նախատեսված կանգառում անընդհատ երիտասարդ տղաներ են հերթապահում, ովքեր արգելում են, որ կողմնակի անձինք սպասարկեն քաղաքացիներին: Նրանք հայտարարում են, թե տարածքը պետական գիծ է, և միայն իրենց մեքենաներն իրավունք ունեն մարդկանց սպասարկելու: Մինչդեռ Տրանսպորտի և կապի նախարարությունից հավաստիացնում են, որ գերատեսչությունը տաքսիների հարցով չի զբաղվում, և նրանք պետական գիծ չեն: