«Տոնուսի» պահանջատերերի առաջին ժողովը՝ օգոստոսի 23-ին
Սնանկ ճանաչված «Տոնուս» ընկերության պահանջատերերի առաջին ժողովը տեղի կունենա օգոստոսի 23-ին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Նրա խոսքով՝ ներկայում հավաքվում և ուսումնասիրվում են փաստաթղթերը, քաղաքացիներն իրենց պահանջները:
«Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո պարզ կդառնա՝ ո՞ւր են գնացել բանկից վերացրած վարկային միջոցներն ու քաղաքացիներից հավաքագրված գումարները, բայց միանշանակ է, որ բոլոր հիմքերը կային ընկերության սնանկացման համար: «Տոնուսն» անվճարունակ է, այն չունի այնքան ակտիվներ, որքան պարտք ունի»,- ասաց Հ.Ղամբարյանը:
Հիշեցնենք, որ «Տոնուս» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել հունիսի 14-ին: «Տոնուսի» գործունեությունից բողոքում են ընկերության կողմից կառուցվող Փափազյան 118/1 և Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում 44/4 բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարան ձեռք բերած քաղաքացիները: