Ամերիկյան խաղաղության թուրքական բաղադրիչը․ ի՞նչ է փոխվում Հարավային Կովկասում

«Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի» թեմայով Նյու Յորքում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ցույց է տալիս, որ այս երկրները կարող են համատեղ աշխատել հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության առաջխաղացման համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Անկարան նպատակ ունեն նվազեցնել Սև ծովում լարվածության սրման ռիսկերը, ապահովել նավարկության անվտանգությունը և Սև ծովը դարձնել համագործակցության, այլ ոչ թե խնդիրների աղբյուր։

«Մինչ մենք մոտենում ենք հարաբերությունների հաստատման 100-ամյակին՝ մեր պատմությունն ապացուցում է, թե ինչի կարող ենք հասնել միասին։ Ես խորապես համոզված եմ, որ այս ուժեղ ներուժը, որն ամրապնդվել է նախագահ Էրդողանի և նախագահ Թրամփի միջև հարաբերությունների շնորհիվ, կօգնի մեզ ինստիտուցիոնալացնել և խորացնել մեր համագործակցությունը տարբեր տարածաշրջաններում և տարբեր հարցերի շուրջ»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին մոտենալուն զուգընթաց՝ հնարավորություն է ստեղծվել գնահատելու, թե ինչի է հասել երկու երկրների միջև գործընկերությունը մինչ օրս և ինչի կարող է հասնել ապագայում:

Կարդացեք նաև

«Մեր հարաբերությունները ժամանակի ընթացքում փորձության են ենթարկվել և ցույց են տվել իրենց կայուն արժեքը։ Աշխարհագրորեն հեռու գտնվող երկու երկրներ դարձել են գործընկերներ և դաշնակիցներ՝ իրենց ազդեցությամբ մեր սահմաններից շատ ավելի հեռու։ Մեր հարաբերությունները դիմացել են՝ չնայած հակամարտություններին, ճգնաժամերին և միջազգային համակարգում տեղի ունեցած դրամատիկ փոփոխություններին»,- ասել է նա։

Ֆիդանը նշել է, որ երկու երկրներն էլ կարողացել են հաղթահարել մարտահրավերները, քանի որ գիտակցեցին գործընկերության կարևորագույն արժեքը։ Հաքան Ֆիդանն անդրադարձել է նաև հարաբերություններում սահմանափակումների վերացման անհրաժեշտությանը, հարաբերությունների ողջ ներուժի իրացմանը՝ պնդելով, որ էրդողան-Թրամփ վստահելի հարաբերությունները պետք է ողջ ծավալով անդրադառնան երկկողմ օրակարգի վրա։ Եվ ընդհանուր առմամբ Ֆիդանի  նյույորքյան ելույթը հերթական անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ու Թուրքիան կիսում են միևնույն նպատակները։

Ամիսներ առաջ էր ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել, որ պարբերաբար խորհրդակցում է թուրք պաշտոնյաների հետ Հարավային Կովկասին առնչվող հարցերի վերաբերյալ: Նա մանրամասնել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի միջոցով Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ: ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը նշել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը խրախուսում է նման շփումները:

«Օրինակ՝ ես զանգահարում եմ Թոմին և հարցնում, թե ինչ կարծիք ունի Իբրահիմն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ես կարող եմ շատ նման օրինակներ բերել»,- ասել էր Ուիթքոֆը Նյու Յորքում Concordia ամենամյա գագաթնաժողովին ելույթի ընթացքում: Ըստ նրա՝ թուրք դիվանագետներն ու հետախուզությունն էական դեր ունեն տարածաշրջանային հարցերում ԱՄՆ-ի ղեկավարի թիմի համար։

Այս զարգացումների ֆոնին Հարավային Կովկասում ձևավորվող ամերիկյան խաղաղության մոդելը դժվար է դիտարկել որպես բացառապես Վաշինգտոնի նախաձեռնություն։ Ավելի ճիշտ է այն դիտարկել որպես ԱՄՆ-ի և Թուրքիայի սերտ համակարգման վրա կառուցվող տարածաշրջանային քաղաքականություն, որտեղ Թուրքիան աստիճանաբար ստանում է ոչ միայն միջնորդի, այլև տարածաշրջանային առանցքային դերակատարի կարգավիճակ։ Ֆիդանի հայտարարությունը, որ Անկարան և Վաշինգտոնը համատեղ աջակցում են Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին, այդ մոտեցման հրապարակային արտահայտությունն է։

Իսկ մեկ տարի առաջ Սթիվ Ուիթքոֆի՝ Թուրքիայի ներկայացուցիչների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով պարբերական խորհրդակցությունների մասին խոստովանությունը ցույց էր տալիս, որ այդ համակարգումը գործնական մակարդակում արդեն գոյություն ունի։

Սակայն այստեղ էական է հասկանալ, որ Թուրքիայի ներգրավվածությունն ինքնին չեզոք գործոն չէ։ Անկարան Հարավային Կովկասում ունի հստակ ռազմավարական շահեր՝ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացում, իր տնտեսական և քաղաքական ազդեցության ընդլայնում և Կովկասում սեփական դերակատարության ինստիտուցիոնալացում։ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն էլ դա չի թաքցնում. Ֆիդանը միաժամանակ խոսում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության մասին և ընդգծում, որ Թուրքիան շարունակելու է կանգնել Ադրբեջանի կողքին։

Զուգահեռաբար, չունենալով խնդիր պաշտոնական Երևանի հետ, Անկարան չի կարգավորում հարաբերությունները Երևանի հետ, չի բացում սահմանը, դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում։  Հետևաբար, երբ Վաշինգտոնը տարածաշրջանային քաղաքականության մշակման ընթացքում ավելի մեծ չափով հենվում է Անկարայի փորձագիտական, դիվանագիտական և հետախուզական ռեսուրսների վրա, ամերիկյան օրակարգը գործնականում հայտնվում է թուրքական շահերի հետ շատ ավելի սերտ փոխկապակցվածության մեջ։

Հարավային Կովկասում ձևավորվող գործընթացի առանցքային հարցը միայն այն չէ, թե կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ, այլև այն, թե  ինչպիսի տարածաշրջանային կարգ է կառուցվում այդ խաղաղության արդյունքում և ում շահերն են այդ կարգում առավել ամրապնդվելու։ ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայիս համակարգումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը տարածաշրջանում ավելի մեծ դեր է վերապահում Անկարային՝ որպես ազդեցություն ունեցող գործընկերոջ, և,  եթե այդ մոդելը շարունակվի, իսկ այն շարունակվելու է, Հայաստանի համար խաղաղության գործընթացը ոչ միայն հակամարտության ավարտի, այլև նոր տարածաշրջանային իրողությունների ձևավորման գործընթաց է, այդ թվում՝ արտաքին քաղաքականության կոնցեպտի փոփոխման գործընթաց, որտեղ Թուրքիայի տնտեսական, տրանսպորտային և քաղաքական ներկայությունը զգալիորեն աճում է, իսկ Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը՝ նվազում։ Ուստի Երևանի խնդիրը պարզապես խաղաղությունը չէ, այլ այն, թե ամերիկաթուրքական այս մոդելի մեջ Հայաստանի շահերը որտեղ են և ինչպես են հետապնդվելու:

Եզրափակելով՝ նշենք՝ այս ամենը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում Վաշինգտոնի առաջ մղած խաղաղության օրակարգը պետք է դիտարկել ոչ միայն՝ որպես հակամարտության կարգավորման նախաձեռնություն, այլև որպես տարածաշրջանային նոր դասավորության ձևավորման փորձ։ Այդ դասավորության մեջ Թուրքիան այլևս պարզապես արտաքին գործընկեր չէ․ այն աստիճանաբար դառնում է ամերիկյան քաղաքականության կարևոր հենարան՝ իր սեփական ռազմավարական շահերով։

Հետևաբար՝ խաղաղության գործընթացի իրական բովանդակությունը որոշվելու է ոչ միայն նրանով, թե ինչ փաստաթուղթ  է ստորագրվել, կստորագրվի Երևանի և Բաքվի միջև, այլև նրանով, թե այդ գործընթացի արդյունքում ինչպիսի ուժային և հաղորդակցային համակարգ է ձևավորվելու Հարավային Կովկասում։ Հայաստանի համար սա նշանակում է ռեգիոնալ միջավայրի, ուժային հավասարակշռության փոփոխություն՝ իր բոլոր բարդ հետևանքներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930