ՄԱԿ-ում Փաշինյանը շարունակելու է իր արտաքին քաղաքական գիծը, որը, բացի կապիտուլյացիայից, ուրիշ բովանդակություն չունի․ քաղաքագետ
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
Ի՞նչ սպասել Փաշինյանի ամերիկյան այցից՝ հատկապես հայ-ադրբեջանական այս գործընթացների համատեքստում․ 168.am-ն այս հարցադրումն ուղղել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանին։
Քաղաքագետը նշեց՝ ԱՄՆ այցից դրական սպասումներ չունի։
«Փաշինյանն արդեն հայտարարել է, որ առաջարկում է՝ Ալիևին էլ ինչ-որ մրցանակ տան՝ այն դեպքում, երբ Ալիևը նորանոր հարձակումներ ու ոճրագործություններ է անում հայ ժողովրդի դեմ, փորձում է պատմություն գողանալ արդեն նաև Գանձասարի, Դադիվանքի թեմայով, Ինտերպոլ է դիմում և այլն, Ադրբեջանում ծայրահեղ հակահայկական քարոզչություն է տարվում, հայերին պահում են ադրբեջանական բանտում, ու շատ այլ հարցեր։
Ըստ իս՝ սա է լինելու նաև այս այցի խոսույթը»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։
Քաղաքագետը նկատի ունենալով Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովների ժամկետները՝ արձանագրեց նաև, որ թեև Փաշինյանն ուներ 2 տարի սեփական շահերը ներկայացնելուն նախապատրաստվելու համար, սակայն, մեծ հաշվով, շարունակել է հակահայկական շահերի ներկայացումը։
«ՄԱԿ-ում Փաշինյանը շարունակելու է իր արտաքին քաղաքական գիծը, որը տանում է վերջին մի քանի տարին, իսկ այն, բացի կապիտուլյացիայից, ուրիշ բովանդակություն չունի»,- ամփոփեց նա։

