Հայաստանը դրական կրթական հետագիծ ունի․ այնպես չէ, որ մենք ինչ-որ մի անգրագետ ցեղ ենք․ Կրթության փորձագետը՝ PISA-ի, դպրոցի ձևի ու բովանդակության մասին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ PISA 2025 միջազգային գնահատման առաջին արդյունքների հրապարակումը երկրում մասնագիտական, հանրային ու քաղաքական շրջանակների քննարկման առարկան դարձավ օրեր շարունակ․ փնտրում էին մեղավորների։
PISA-ն 15-ամյա աշակերտների գիտելիքներն ու հմտությունները գնահատող միջազգային ծրագիր է, որն իրականացվում է ՏՀԶԿ կողմից։ ՀՀ-ն ծրագրին մասնակցել է առաջին անգամ. գնահատմանը մասնակցել է 293 դպրոցի 6804 աշակերտ, որոնք ներկայացնում են Հայաստանի մոտ 24 հազար 15-ամյա դպրոցականներին։ Նրանց միջին ցուցանիշները բնագիտության, մաթեմատիկայի, ընթերցանության և հաշվողական խնդիրների լուծման ոլորտներում ցածր են ՏՀԶԿ երկրների միջինից։
Օրինակ՝ ընթերցանության ոլորտում PISA-ի սահմանած Կարդալու հմտությունների 2-րդ մակարդակին (տեքստի ըմբռնում, տեղեկատվության որոնում, եզրահանգումներ) հասել է աշակերտների 19%-ը։ ՏՀԶԿ երկրների միջինը 69% է, իսկ Ադրբեջանում՝ 35%։
Մաթեմատիկայում բազային մակարդակին հասել է աշակերտների 28%-ը՝ ՏՀԶԿ-ի 65% միջինի և Ադրբեջանի 48%-ի համեմատ։
Բնագիտության ոլորտում 2-րդ մակարդակին հասել է աշակերտների 28%-ը, մինչդեռ ՏՀԶԿ միջինը 74% է։ Բարձր՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակներում Հայաստանի աշակերտներ գրեթե չեն եղել։
Նկատենք նաև, որ առհասարակ, ըստ OECD-ի վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է ընթերցանության և մաթեմատիկական հմտությունների կտրուկ անկում։ Փորձագետները սա համարում են սմարթֆոնների երկարատև օգտագործման և կենտրոնացման տևողության (attention span) պակասի հետևանք։
Ամեն դեպքում, PISA-ի արդյունքները որքանո՞վ են օբյեկտիվ փոխանցում իրականությունը և ովքե՞ր են մեղավոր հայաստանցի աշակերտների այս արդյունքների համար․ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին։
«Թեև հանրակրթությունը ճգնաժամի մեջ է, այդուհանդերձ, ինձ թվում է` այն արդյունքները, որ Հայաստանն ունեցավ PISA-ում, սպասվածից ավելի ցածր էին, որովհետև 90 երկրների մեջ 79-րդ տեղը Հայաստանի նման երկրի համար իսկապես անսպասելի ցածր էր։ Անկախ մեր ունեցած դժգոհություններից, խնդիրներից՝ ամեն դեպքում, Հայաստանը դրական կրթական հետագիծ ունի․ պետք է գնահատենք մեր խորհրդային ժառանգությունը և անկախության տարիների ժառանգությունը։ Այսինքն, այնպես չէ, որ մենք ինչ-որ մի անգրագետ ցեղ ենք, դրա համար այսպես եղավ,- արձագանքեց Սերոբ Խաչատրյանը, ապա սեփական դիտարկումը ներկայացրեց՝ ինչու այսպես եղավ հարցին ի պատասխան,- Կան խնդիրներ, որոնք պայմանավորված են կառավարման հարցերով, և կան խնդիրներ, որոնք ունեն որոշակի օբյեկտիվություն։ Օրինակ, օբյեկտիվ է այն, որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այս ստուգատեսին, և բնական է՝ երբ որ դու առաջին անգամ ես մասնակցում, դեռ այդքան պատրաստված չես, փորձ չունես։ Սա օբյեկտիվ գործոն է։ Օբյեկտիվ գործոն է նաև այն, որ մեր կրթական համակարգի դասագրքերը, թեստերը հարմարեցված չեն PISA-ին»։
Կրթության փորձագետը սա չի համարում հին ու նոր չափորոշիչների խնդիր և, առհասարակ, շեշտում է՝ չափորոշիչը «պանացեա» չէ։
«Դուք կարող եք չափորոշչում լիքը բաներ գրել, բայց կարևոր է, թե ինչ է անում ուսուցիչն ամեն օր դասարանում։
Նաև օբյեկտիվ է այն հանգամանքը, որ մեզ մոտ կա մի արատավոր դրսևորում՝ 9-րդ դասարանից հետո լավ սովորողներն են գնում քոլեջներ, մինչդեռ այլ պարագայում սովորաբար քոլեջների ընտրությունը պետք է առավել ցածր առաջադիմությամբ երեխաների դեպքում լիներ․ քոլեջն այն երեխաների համար է, որոնք ուզում են միջին մասնագիտական համակարգում մնալ»,- հավելեց մասնագետը։
Կրթության փորձագետը դեպի քոլեջներ ձգտումը պայմանավորում է հանգամանքով, որ այդ ուղղությամբ գրավիչ պայմաններ են ստեղծվել՝ կրթաթոշակ ու որակավորում են տալիս։
«Մենք այսօր ունենք երեխա, որը գերգերազանց էր դպրոցում սովորում, հիմա՝ խոհարարական քոլեջում զբաղեցնում է խոհարար դարձողի տեղը, հետո խոհարարական քոլեջից ընդունվում է Ամերիկյան համալսարան` քոլեջից դուրս թողնելով այն երեխային, որն իրոք ուզում էր դառնալ խոհարար։ Իսկ քոլեջում սովորող այդ գերազանցիկներն, օրինակ, չեն կարող մասնակցել PISA-ին, այդ ձևաչափը դպրոցների համար է, ու այստեղ Հայաստանն էլի օբյեկտիվորեն կարող է կորցնել, որովհետև PISA-ին մասնակցում են մեր ոչ առաջադեմ աշակերտները»,- պարզաբանեց Սերոբ Խաչատրյանը։
Մասնագետը նշեց նաև սուբյեկտիվ գործոնները՝ ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերին մատների արանքով նայելը, ինչպես նաև՝ դպրոցների տնօրենների ընտրության կարգը։ Վերջինի պարագայում նա հիշեցրեց՝ ունենք դպրոցներ, որոնք, մի քանի տարի է՝ տնօրեն չունեն։
«Այսինքն՝ կան նաև խնդիրներ, որոնք կառավարման հետ են կապված, և, այո՛, մենք կարող էինք ավելի լավ արդյունքներ տալ, եթե ավելի լավ կառավարեինք դպրոցական համակարգը։
Նաև կան խնդիրներ, որ բխում են մեր համակարգի առանձնահատկություններից ու կառուցվածքից։ Այժմ պետք է փորձենք հասկանալ` ի՞նչը շտկենք, ի՞նչը փոխենք, բայց այս իրավիճակում այն, ինչ չպետք է փորձի անել Հայաստանն առաջիկա 3 տարիներին, այն է, որ երեխաներին չվարժեցնի հաջորդ PISA-ի համար։ Դա, այո՛, կարևոր ստուգատես է, բայց մենք չպե՛տք է մեր հանրակրթությունը հարմարեցնենք PISA-ի պահանջներին, որովհետև այն բացարձակ չէ։
Ամենակարևորը, որ հիմա պետք է անենք, դասագրքերի հարցն է․ դասագիրք գրելն ինստիտուցիոնալ պրոցես է։ Մարդը պետք է տարիներով գրի այդ դասագիրքը, ոչ թե… 24 ժամ դասագիրք գրող մարդը չի կարող լավ դասագիրք գրել,- ամփոփեց կրթության փորձագետը՝ հորդորելով թեկուզ մեկ-երկու դպրոց քիչ սարքել և դրա գումարն ուղղել ուսումնական նյութերին,- Երբ դու դպրոց ես վերանորոգում, դրանից օգտվում է միայն այդ դպրոցը, բայց երբ սարքում ես արժեքավոր ուսումնական նյութեր, դրանից օգտվում են բոլորը»։

