Անվերապահ լռությո՞ւն, թե՞ «արժանապատիվ խաղաղություն». Ինչո՞ւ Երևանը բարձր մակարդակով չի քննադատում Բաքվի սադրանքները

«Խաղաղության գործընթաց» անվանումը գնալով ավելի դժվար է տեղավորվում այն իրականության մեջ, որտեղ Ադրբեջանը շարունակում է ուժի գործադրման միջոցով ձեռք բերված արդյունքները քաղաքականապես ամրագրելու, պատմությունը վերաշարադրելու և Հայաստանին նոր պահանջների առաջ կանգնեցնելու քաղաքականությունը։ Ադրբեջանի վերջին օրերի քայլերը հերթական անգամ թարմացնում են հարցը՝ իրականում ի՞նչ է փոխվել հայ-ադրբեջանական հարաբերություններում, եթե «խաղաղության գործընթացի» մասին պաշտոնական հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է վարել ճնշման և պատմական հիշողության վերաձևակերպման քաղաքականություն։

Օրերս Ադրբեջանն օտարերկրյա դիվանագետների տարավ Արցախ և նրանց ներկայացրեց տարածաշրջանի պատմության իր մեկնաբանությունը՝ հայկական միջնադարյան վանքերը ներկայացնելով որպես կովկասյան աղվանական ժառանգության մաս, ծաղրելով և խեղաթյուրելով հայոց պատմությունը։ Սա պարզապես հերթական ադրբեջանական քարոզչական միջոցառումը չէր՝ հատկապես այն փուլում, երբ կողմերը միջազգային հարթակներում խոսում են խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին։

Այստեղ ամենաէականը նույնիսկ այն չէ, թե ինչ է ասում Բաքուն հայկական պատմության մասին։ Ավելի կարևոր է՝ ինչ քաղաքական նպատակով է դա անում հենց այս փուլում։ Ադրբեջանի համար պատերազմից հետո Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատումը միայն ռազմական կամ վարչական խնդիր չէ. այն նաև պատմական և քաղաքական նարատիվի ամբողջական վերակառուցման գործընթաց է։ Դիվանագետներին Արցախ տանելով՝ Բաքուն միջազգային ներկայացուցիչներին ոչ միայն ցույց է տալիս իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլև փորձում է նրանց աչքի առաջ ամրագրել այդ տարածքի վերաբերյալ սեփական պատմական մեկնաբանությունը՝ զուգահեռաբար առիթը բաց չթողնելով ծաղրել, զրոյացնել հայոց պատմությունն ու հայ ժողովրդին։

Դրան զուգահեռ՝ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ևս առանձնապես չեն հիշեցնում քաղաքական վարքագիծ, որը սովորաբար բնորոշ է հարաբերությունների իրական հաշտեցման փուլին։

Կարդացեք նաև

«Դուք հավանաբար տեսել եք լուսանկարները. Հայաստանը դիտավորյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր և կովեր է պահել մզկիթներում՝ մեզ վիրավորելու և նվաստացնելու համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա և չենք մոռանա»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ երբեք չեն մոռանա Խոջալուի զոհերին, «ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային կենտրոնները, և այս հիշողությունն ավելի զգոն կդարձնի»:

Ըստ նրա, այն թույլ չի տա, որ խաբվեն քաղցր խոսքերով, թույլ չի տա Ադրբեջանի ժողովրդի դեմ ավելի նենգ ծրագրեր:

Ադրբեջանի նախագահի քաղաքական խոսքում խաղաղությունը շարունակում է զուգակցվել ուժի, պատերազմի արդյունքների, Ադրբեջանի առավելության և հայկական կողմի նկատմամբ տարբեր նախապայմանների մասին ուղերձների հետ՝ զուգահեռաբար վարկաբեկելով և մեղադրելով հայ ժողովրդին ինչ-ինչ անհասկանալի երևույթների մեջ։

Ավելին, Բաքվի պաշտոնական շրջանակները նույնիսկ այս օրերի դիվանագիտական այցի շուրջ հայկական արձագանքը ներկայացնում են որպես Հայաստանի իշխանությունների ՝ խաղաղությաննհանդեպ անկեղծ չլինելու ապացույց։

Այս ֆոնին, թեև զարմանալի չէ, բայց հերթական անգամ ուշագրավ է Երևանի պահվածքը։ Հայաստանի իշխանությունը որդեգրել է առավելագույն զսպվածության քաղաքականություն՝ անգամ այն դեպքերում, երբ ադրբեջանական քայլերն ակնհայտորեն ունեն սադրիչ կամ քարոզչական բաղադրիչ: Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական երկակի ստանդարտն աչք է ծակում, երբ Մոսկվայի կամ Մինսկի ցանկացած դիվանագիտական հայտարարության կամ գործողության նկատմամբ Երևանը ցուցաբերում է ծայրահեղ անհանդուրժող, կոշտ և մերժողական վերաբերմունք՝ հաճախ սրելով հարաբերությունները, մինչդեռ Բաքվի բացահայտ սադրանքների, տարածքային նկրտումների, պատմության խեղաթյուրման ու ուժային ճնշումների հանդեպ որդեգրում է անհասկանալիորեն մեղմ, լռելյայն համակերպվող և «առավելագույն զսպվածության» քաղաքականություն։

Երևանից այս ամենին արձագանքում են՝ նշելով, որ նույնիսկ սահմանային միջադեպերին, կրակոցներին Հայաստանը չպետք է պատասխանի կրակոցով: Իսկ պաշտոնական արձագանք Գանձասարի սադրանքին համարում են Մատենադարանի տնօրենի հայտարարությունը:

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ խաղաղությունը միայն փաստաթղթի տեքստը չէ, այլ հարաբերությունների ընդհանուր մթնոլորտը, քարոզչական բաղադրիչը:

Ըստ նրա, եթե մի կողմը խոսում է խաղաղության մասին, իսկ մյուս կողմի պատմական, քաղաքական և տեղեկատվական գործողությունները շարունակում են կառուցվել հաղթողի ու պարտվողի տրամաբանությամբ, ապա հասարակությունների համար ստեղծվում է խաղաղության և իրականության միջև վտանգավոր ճեղք։ Այդ պատճառով, վերլուծաբանի կարծիքով, խաղաղության գործընթացի գլխավոր չափանիշը պետք է դառնա ոչ թե այն, թե քանի անգամ է «խաղաղություն» բառը հնչում պաշտոնական ելույթներում, այլ, թե ինչպես են փոխվում, վերանում թշնամական նարատիվները, ճնշման գործիքները: Սակայն, նրա որակմամբ, դա կարծես տեղի չի ունենում:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ Հայաստանի իշխանությունների համար այս իրավիճակը բարդ երկընտրանք է ստեղծում, քանի որ մի կողմից՝ ՀՀ կառավարության ամբողջ քաղաքական տրամաբանությունը կառուցված է այն մտքի շուրջ, որ Հայաստանը պետք է հնարավորինս խուսափի նոր ռազմական էսկալացիայից և խաղաղության գործընթացը դարձնի պետական քաղաքականության առանցք, մյուս կողմից՝ խաղաղության անվան տակ ցանկացած ադրբեջանական քայլի, հայտարարության լուռ ընդունումը կարող է հասարակության մեջ ստեղծել այն տպավորությունը, որ Հայաստանը ոչ թե վարում է զսպվածության քաղաքականություն, այլ պարզապես հրաժարվել է քաղաքական հակադարձումից՝ դրա բոլոր հետևանքներով։

Նա նշեց, որ մինչ Բաքուն հետևողականորեն շարունակում է իր երկարաժամկետ ռազմավարական և գաղափարական նպատակների իրագործումը՝ ձգտելով հիմնովին վերափոխել տարածաշրջանային իրողությունները և պատմական հիշողությունը, Երևանի կողմից որդեգրված զսպվածությունը գործնականում խորացնում է ռեգիոնալ անհավասարակշռությունը: «Նման անհավասարակշիռ մոտեցումը ոչ միայն չի զսպում ադրբեջանական նորանոր պահանջներն ու ճնշումները, այլև ավելի է խորացնում հասարակական անվստահությունը և լրջորեն վտանգում շահերը»,- ասաց նա:

Ապացույցի կարիք նույնիսկ չունի բանաձևը, որ տևական և արժանապատիվ խաղաղություն հնարավոր է կերտել միայն այն դեպքում, երբ կա հավասարակշռություն, երբ անվերապահ լռությունը փոխարինվի փոխադարձ հարգանքի, սկզբունքային դիրքորոշման և պետական շահերի հստակ պաշտպանության վրա հիմնված իրական քաղաքականությամբ։ Հակառակ պարագայում՝ խաղաղության այսպիսի միակողմանի օրակարգը ոչ թե կանխում, այլ միայն հետաձգում է հնարավոր նոր ցնցումների վտանգը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930