Նոր հետազոտություն` սահմանային սակավարյունության` անեմիայի կապը մահացության բարձր ռիսկերի հետ
«Annals of Internal Medicine» ամսագրում տպագրված նոր հետազոտությունը բացահայտել է , որ այսպես կոչված «սահմանային անեմիան» (երբ հեմոգլոբինի մակարդակը մի փոքր է բարձր ԱՀԿ-ի սահմանային շեմից) կապված է բոլոր պատճառներից մահացության բարձր ռիսկի հետ: Տվյալները ցույց են տվել, որ այս խնդիրը հատկապես տղամարդկանց և 60-ից բարձր կանանց մոտ մեծացնում է սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից մահանալու հավանականությունը:
Գիտնականները նշում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից տասնամյակներ շարունակ կիրառվող ստանդարտ սահմանները (կանանց համար՝ 12 գ/դլ, տղամարդկանց համար՝ 13 գ/դլ) բավարար չեն երկարաժամկետ առողջական ռիսկերը լիարժեք գնահատելու համար: Ամենացածր մահացության ռիսկը նկատվել է այն անձանց մոտ, որոնց հեմոգլոբինի մակարդակը ԱՀԿ-ի սահմանային շեմից բարձր է 1–3 գ/դլ-ով («վստահելի նորմա»):
Հետազոտողները շեշտում են, որ սահմանային ցածր հեմոգլոբին ունեցող անձանց մոտ հաճախ առկա է լինում երկաթի թաքնված անբավարարություն կամ քրոնիկական բորբոքային պրոցեսներ, որոնք ժամանակին չբուժվելու դեպքում մեծացնում են սրտանոթային հիվանդությունների և ուռուցքների զարգացման կամ վատթարացման հավանականությունը:
Քանի որ ռիսկերը հատկապես բարձր են տղամարդկանց և 60-ից բարձր տարիքի կանանց մոտ, մասնագետները խորհուրդ են տալիս այս խմբերին առավել ուշադիր լինել ընդհանուր արյան քննության արդյունքների նկատմամբ և համադրել դրանք սրտանոթային համակարգի այլ ռիսկային գործոնների հետ:
Հետազոտողները միևնույն ժամանակ շեշտում են, որ սա դիտարկողական հետազոտություն է. այն ուղղակիորեն չի ապացուցում, որ սահմանային ցուցանիշների դեպքում միանգամից հավելյալ դեղորայք կամ երկաթի հավելումներ ընդունելն ավտոմատ կերպով կնվազեցնի մահացության ռիսկը, սակայն այն հստակ ազդանշան է, որ այս խումբ պացիենտները կարիք ունեն ավելի մանրակրկիտ բժշկական հսկողության:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

