«Տպավորություն է, որ ՌԴ-ն չի ցանկանում հարաբերությունները խզել Հայաստանի հետ, երկկողմանի զգուշություն կա». Քաղաքագետ

Օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության հինգամյա ծրագիրը ներկայացնելու ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալ-չմնալու հարցին՝ շեշտելով, որ առաջիկա 5 տարում կառույցում Հայաստանն աշխատանքները չի ակտիվացնելու։

«Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նրա այս հայտարարությանն արձագանքել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ասելով՝ եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չի կայացնում, Հայաստանից և Ռուսաստանից պաշտոնյաների մակարդակով հնչող այս փոխադարձ հայտարարություններն ի՞նչ զարգացում կարող են ունենալ։

Կարդացեք նաև

Ցանցային հետազոտությունների երևանյան ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ ամեն ինչ կապված է Ռուսաստանի ռազմավարական քաղաքականության հետ։

«Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները կարող էին ժամանակին ստանալ իրենց լուծումները, եթե Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի մեջ չլիներ։

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխություն կոչվածի վրա աշխատել են հավանաբար 35 ուղեղային կենտրոններ, որոնք զբաղված են քաոսներ տարածելով։ Ռուսական քաղաքականությունը յուրահատուկ է, իզուր չէ, որ հայտարարում են, որ իրենց միակ ռազմավարական դաշնակիցը համարում են նավատորմին ու բանակին, այսինքն՝ Ռուսաստանի «փափուկ» քաղաքականությունն իր մեջ կարող է պարունակել սրիկայության շատ մեծ դոզա, որն այս պահին Հայաստանի հանդեպ չի ուզում անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։

Ըստ նրա, այս պահին ռուսական կողմից միայն տեղեկատվության առումով կա որոշակի ակտիվություն, քանի որ գործնականում փորձում են հաղթել Ուկրաինայում։

«Ինձ մոտ տպավորություն է, որ Ռուսաստանը չի ցանկանում հարաբերությունները խզել Հայաստանի հետ և այդ պատճառով էլ բավականին զուսպ է, բավարարվում է  միայն զգուշացումներով կամ օդում հնչող սպառնալիքներով։ Ռուսաստանը չի ցանկանում բոլոր կապերը խզել Հայաստանի հետ»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։

Քաղաքագետը նաև նկատեց՝ եթե միայն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ լիներ, ապա նա վաղուց դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց նա ինքնուրույն որոշում ընդունել չի կարող։

«Վերջերս ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակում գործել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա։ Անկախ ամեն ինչից, Արևմուտքում նույնպես հակված չեն լիովին ջնջել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Առավել ևս այն պարագայում, երբ տեսնում են, որ Ռուսաստանը մեծ շանսեր ունի Ուկրաինայում։

Երկկողմանի զգուշություն կա, որն այս կամ այն չափով ստիպում է կողմերին մանևրել, որպեսզի հարաբերությունները շատ չսրվեն»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31