Բաժիններ՝

Որակյալ աշխատատեղ՝ ամսական 80 հազար դրամ աշխատավարձո՞վ

Ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը պարբերաբար հարկային արտոնություններ է տրամադրում որոշ ընկերությունների՝ հետաձգելով նրանց կողմից ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը։

Երեկ ՀՀ կառավարությունը որոշել է հարկային արտոնություն տրամադրել «Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ-ին և նրա կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. հուլիսի 20-ը։

Ինչպես նշվում է պաշտոնական հիմնավորման մեջ, Կոտայքի մարզում կառուցվող 5 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է իրականացնել ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում։ Դրա շնորհիվ կգործարկվեն հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնցով նախատեսվում է տարեկան թողարկել շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք. դրա գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։

Ուշագրավն այն է, որ որոշման նախագծի հիմնավորման մեջ որպես տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն նշվում է՝ ներդրումների ներգրավում և նոր որակյալ աշխատատեղերի ստեղծում: Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչ այս անհայտ այս ընկերությունը ստեղծելու է որակյալ աշխատատեղեր։ Եվ նույն փաստաթղթում նշվում է. ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 100 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)` միջին աշխատավարձը կազմելով 2014թ.– 80, 2015թ.- 90 և 2016թ.-90 հազ. դրամ:

Նշենք, որ միջին անվանական ամսական աշխատավարձը այս պահին 138 հազար դրամ է և տարեկան աճում է 3-4%-ով։ Այս ֆոնի վրա 80-90 հազար դրամ աշխատավարձը՝ այն էլ առաջիկա երեք տարիների ընթացքում, ամենևին համահունչ չէ որակյալ աշխատատեղերի մասին պատկերացումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս