Ղազախստանը նոր փոփոխությունների շեմին

Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը

Ղազախստանը մտել է զարգացման մի փուլ, երբ փոփոխությունների են ենթարկվում պետության քաղաքական ճարտարապետությունը և նրա ինստիտուտները։ 2026-ը դառնում է այն սահմանագիծը, որից հետո «Նոր Ղազախստան» գաղափարը կգնահատվի նոր Սահմանադրության, նոր խորհրդարանի, վերակառուցվող պետական համակարգի գործունակության տեսանկյունից։

2026-ի առաջին 6 ամսում Ղազախստանում քաղաքական ժամանակն ընթացավ հսկայական արագությամբ․ Նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հանդես եկավ սահմանադրական բարեփոխման նախաձեռնությամբ, ձևավորեց Սահմանադրական հանձնաժողով, վերջինս մշակեց Սահմանադրության նախագիծը, որը դրվեց համաժողովրդական քննարկման, ընդունվեց մարտի 15-ին անցկացած հանրաքվեով և ուժի մեջ մտավ հուլիսի 1-ին։

2026 թվականի երկրորդ կեսին արդեն Ղազախստանը ձեռնարկում է պետական համակարգ նոր Սահմանադրությանը համապատասխան «վերագործարկելու» հաջորդական քայլեր։ Առջևում օգոստոսի 23-ին նշանակված խորհրդարանական ընտրություններն են։ Երկպալատ խորհրդարանի փոխարեն մրցակցային ընտրություններում կձևավորվի միապալատ Կուռուլթայ։ Առաջիկա մի քանի տարում պարզ կդառնա՝ արդյո՞ք այս փոփոխությամբ ընդլայնվել է ժողովրդական ներկայացուցչության իրական տարածքը, թե՞ նախագահական իշխանությունը մնացել է իր հաստատուն և առանցքային դիրքերում։

Կարդացեք նաև

Նոր Սահմանադրությամբ, ի թիվս բազմաթիվ լիազորությունների, Կուռուլթայը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը։ Սակայն այդ որոշումն ինքնաբերաբար չի հանգեցնում կառավարության հրաժարականին․ վերջնական որոշումը Նախագահինն է։

Նրա ձեռքում են նաև կառավարության լիազորությունները դադարեցնելու, նախարարներին պաշտոնանկ անելու կարևոր լծակները։ Քաղաքագիտական իմաստով սա իշխանության ապակենտրոնացում չէ, այլ նախագահական գերակայության ինստիտուցիոնալացում․ քանի որ փորձ է արվում անձնական իշխանության տրամաբանությունը աստիճանաբար տեղափոխել սահմանված կանոնների և ընթացակարգերի դաշտ, ինչն առաջադիմական քայլ է իրավական պետության ճանապարհին։

Ուշագրավ է Փոխնախագահի պաշտոնի վերականգնումը։ Հետխորհրդային շատ երկրներում այս պաշտոնը սահմանելիս և վերացնելիս բերվել են հավասարապես ընդունելի փաստարկներ, այն ոչ համադարման է, ոչ էլ իշխանության փոխանցման դեպքում՝ անվտանգության բարձիկ։

Ըստ ամենայնի, Ղազախստանում Փոխնախագահի ինստիտուտին փորձելու են հաղորդել նրա պատմական (ամերիկյան) բովանդակությունը՝ որպես իշխանության հաջորդականության ճարտարապետության առանցքային դեմք։ Իսկ թե ում կվստահվի այդ պաշտոնը, ինչ քաղաքական կշիռ կունենա այդ անձը՝ կախված է սահմանադրական բարեփոխման խորությունից։

Կուռուլթայ հին անունով նոր խորհրդարան

Օգոստոսի 23-ի ընտրությունները նոր Սահմանադրության առաջին քննությունը կլինեն։ Կուռուլթայ անվանված խորհրդարանի 145 պատգամավորներն ընտրվելու են մեկ համազգային ընտրատարածքից՝ համամասնական ընտրակարգով։ Այս սկզբունքը կարող է փոխել քաղաքական ներկայացուցչության բնույթը։ Ղազախստանն իր տարածքով աշխարհի խոշորագույն պետություններից է, և աշխարհագրական տարբեր կողմերում գտնվող մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրները նույնը չեն։

Երբ որևէ մարզից եկած պատգամավորն ընտրվում է համազգային կուսակցական ցուցակով, նրա կապն իր տարածքի հետ բնականորեն թուլանում է, ու առաջանում է հարց․ եթե խորհրդարանական ներկայացուցչության հիմքը կուսակցական է, ապա ո՞վ է խորհրդարանում ներկայացնելու տարածաշրջանների խնդիրներն ու շահերը։ Չի բացառվում, որ այդ բացը մասամբ լրացնեն մարզային ակիմները, տեղական տնտեսական վերնախավերը և կենտրոնի հետ նրանց ձևավորած պաշտոնական ու ոչ պաշտոնական հաղորդակցության մեխանիզմները։

Հետևաբար, Կուռուլթայի գործունեության որակը պետք է գնահատել ոչ այնքան խորհրդարան եկող նոր դեմքերի քանակությամբ, որքան նրանով, թե արդյո՞ք այն կկարողանա մասնակցել օրենսդրական և վերահսկողական օրակարգերի ձևավորմանը։

Նոր դեմքը դեռ նոր քաղաքականություն չէ։ Նկատելի փոփոխության մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ խորհրդարանը սկսի քննարկել կառավարության ներկայացրած օրինագծերը, հարցապնդումներ հղել նախարարներին, հաշվետվություններ պահանջել նրանցից, արծարծել համապետական բնույթի խնդիրներ, մի խոսքով՝ կառավարության հետ մտնել կառուցողական համագործակցության և բովանդակային բանավեճի մեջ։

Անձերից առավել կարևոր է կառավարման մոդելը

Նորընտիր Կուռուլթայի առջև կառավարությունը պետք է վայր դնի լիազորությունները։ Գործող Վարչապետ Օլժաս Բեկտենովի հեռանալը կանխորոշված չէ, ընդհակառակը՝ քաղաքական շարունակականության տրամաբանությունից ելնելով՝ միանգամայն հավանական է նրա վերանշանակումը, չէ՞ որ հիմնական խնդիրը անձերի փոփոխությունը չէ։ Ցանկացած Կառավարության քաղաքական լեգիտիմության չափանիշը նրա գործունեության արդյունավետությունն է։

«Արդար Ղազախստան» գաղափարը պետք է վերածվի չափելի արդյունքի՝ եկամուտների, գների, բնակարանների, ճանապարհների, ջրամատակարարման, էներգետիկայի, պետական ծառայությունների որակի մակարդակում։ Սահմանափակ քաղաքական մրցակցության պայմաններում մարդկանց վստահությունը մեծապես կախված է իշխանության կատարողական կարողությունից։ Ղազախստանի համբերատար, բայց և աչալուրջ քաղաքացիները Վարչապետի ու նախարարների աշխատանքը գնահատում են ոչ թե նրանց պերճախոսությամբ, այլ ընդունված որոշումների որակով և դրանց իրականացման արագությամբ։

Ղազախստանը Կենտրոնական Ասիայի «Հնգյակում»

Վերջին տարիներին փոխվել է Ղազախստանի «քաղաքական բնակության միջավայրը»՝ Կենտրոնական Ասիան։ Երբեմնի հետխորհրդային հինգ հանրապետություններն աստիճանաբար քաղաքական սուբյեկտայնություն են ձեռք բերում տարածաշրջանի սահմաններից դուրս։ Կանոնավոր են դարձել պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումները, ձևավորվել և կատարելագործվում են անվտանգության, տրանսպորտի, ջրային ռեսուրսների, արդյունաբերական, տնտեսական համագործակցության մեխանիզմները։

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների VII խորհրդակցական հանդիպմանը (2025թ․ նոյեմբերի 16, Տաշքենդ) ընդունվեց «Տարածաշրջանային անվտանգության, կայունության և կայուն զարգացման հայեցակարգը» և «2026-28 թթ․ անվտանգության ռիսկերի կատալոգը»։ Նշված հանդիպմանը Ադրբեջանը լիիրավ մասնակցի կարգավիճակով միացավ «Հնգյակին»։

Դրանով Կենտրոնական Ասիայի քաղաքական աշխարհագրությունը փաստացի ընդլայնվում է դեպի Կասպից ծով և Հարավային Կովկաս, նոր նշանակություն է ստանում Միջին միջանցքը՝ Չինաստանից Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա ու Եվրոպա ձգվող հաղորդակցային առանցքը։ Խոսքը միայն բեռնափոխադրումների մասին չէ։ Աստիճանաբար վերաձևավորվում է Եվրասիայի տնտեսական աշխարհագրությունը՝ ստեղծելով արևելք-արևմուտք հաղորդակցության այլընտրանքային ուղի։

Հայաստանը հետաքրքրված է այս գործընթացով․ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և անհրաժեշտ քաղաքական պայմանների ձևավորման դեպքում Հայաստանը կարող է իր տեղը գտնել Ասիան Եվրոպային կապող նոր տրանսպորտային ճարտարապետության մեջ։

«Հնգյակում» առանձնահատուկ նշանակություն ունեն Ղազախստան-Ուզբեկստան հարաբերությունները։ Երկար ժամանակ Ղազախստանը տարածաշրջանի տնտեսական ծանրության անվիճելի կենտրոնն էր։ Արագ զարգացող և ավելի քան 37 մլն բնակչությամբ Ուզբեկստանը այսօր ձևավորվում է որպես երկրորդ հզոր բևեռ․ Կենտրոնական Ասիայի անվտանգ և բարգավաճ զարգացման պայմանը ոչ թե երկրներից մեկի գերակայությունն է, այլ ղազախա-ուզբեկական տանդեմի ներդաշնակ գործակցությունը։

2025-ին երկու երկրների միջև առևտրի ծավալը հասել է շուրջ 5 մլրդ դոլարի, երկուստեք նպատակ են դրել այն կրկնապատկել։ Իրականացվում են համատեղ արդյունաբերական, լոգիստիկ և ներդրումային խոշոր ծրագրեր։

Աստանայի տնտեսական, ֆինանսական, դիվանագիտական փորձի համադրումը Տաշքենդի ժողովրդագրական կշռի, ընդլայնվող շուկայի և տնտեսական ակտիվության հետ կարող է նպաստել նրան, որ Կենտրոնական Ասիան արտաքին ուժերի մրցակցության տարածքից վերածվի սեփական շահերը ձևակերպող և միջազգային հարաբերություններում ակտիվ դերակատարություն ունեցող տարածաշրջանի։ Այդ փոփոխությունը Ղազախստանի համար ամենևին չի նշանակում ազդեցության կորուստ, այն նոր առաջնորդության հնարավորություն է, և Ղազախստանը առաջնորդվում է «Ոչ թե գերակայել, այլ համախմբել» սկզբունքով։ 

Փոխվում է բազմավեկտորության բովանդակությունը

Ղազախստանի դիվանագիտության ամենահայտնի բնորոշումը «բազմավեկտորությունն» է։ Սակայն այսօր այդ եզրը վերաիմաստավորման է ենթարկվում։ ՌԴ-ն, ՉԺՀ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը Ղազախստանի համար այլևս չորս համադրելի վեկտորներ չեն, քանի որ նրանցից յուրաքանչյուրի հետ փոխկապվածության բնույթը տարբեր է։  

Ռուսաստանը խորապես ներկա է արդյունաբերության, առևտրի,  տարանցման, ԵԱՏՄ-ի, պատմական և մարդկային կապերի և, իհարկե, ՀԱՊԿ-ի միջոցով։ 2025-ին երկու երկրների հարաբերությունները պաշտոնապես բարձրացվեցին համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների մակարդակի։ 

Չինաստանն արագորեն մեծացնում է իր նշանակությունը որպես շուկա, կապիտալի, արդյունաբերական նախագծերի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների աղբյուր։ Չինաստանի և Ղազախստանի հարաբերություններն ունեն հավերժ համակողմանի ռազմավարական գործընկերության կարգավիճակ։  

Եվրոպական միությունը կարևոր է ներդրումների, արտահանման շուկաների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրիտիկական հումքի ոլորտներում։  

Միացյալ Նահանգների առևտրային կշիռը համեմատաբար փոքր է, սակայն նրա աշխարհաքաղաքական, ֆինանսական, նավթային և այլ ոլորտների տեխնոլոգիական նշանակությունն անհամեմատ մեծ է։

2026-ի հունվար-մայիսին Ղազախստանի արտահանման 19,9%-ը և ներմուծման 28,8%-ը բաժին են ընկել ՉԺՀ-ին, իսկ համապատասխանաբար 8,8%-ը և 31,6%-ը՝ ՌԴ-ին։ Այս թվերը հուշում են, որ բազմավեկտորությունը ներկայումս տարբեր ուժային կենտրոններից հավասար հեռավորություն պահպանելու քաղաքականություն չէ սոսկ, այլ ասիմետրիկ կախվածությունները կառավարելու արվեստ։ Սա պահանջում է բարդ դիվանագիտական աշխատանք, և Նախագահ Տոկաևին հաջողվում է յուրաքանչյուր արտաքին գործընկերոջ ուժը օգտագործել իր երկրի ռազմավարական ինքնուրույնությունն ընդլայնելու նպատակին։

Աճը դեռ զարգացում չէ

Ղազախստանի տնտեսությունը ներկայում արձանագրում է բարձր աճ։ ԱՄՀ-ն 2026-ի իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսում է մոտ 4,6% և միաժամանակ մատնանշում տնտեսության «գերտաքացման», բարձր ներքին պահանջարկի, պետական ու քվազիպետական ծախսերի ռիսկերը։ Ավելի խորքային խնդիրը տնտեսության կառուցվածքն է։ 2026-ի առաջին հինգ ամիսներին հում նավթին և նավթամթերքին բաժին է ընկել արտահանման 44,6%-ը։

Արտահանման հաջորդ խոշոր հոդվածներից են պղինձը և պղնձի հանքաքարը։ Այսինքն՝ Ղազախստանի համար տնտեսական դիվերսիֆիկացումը դեռևս ռազմավարական նպատակ է, բայց ոչ կատարված փաստ։ Չի լուծվում նաև մյուս տնտեսական պարադոքսը․ բնական պաշարները շարունակում են մնալ զարգացման հիմքը և հետաձգում են կառուցվածքային փոփոխությունները։

Չի հաջողվում լիովին զսպել գնաճը։ ԱՄՀ-ն 2026-ին սպասում է շուրջ 10% գնաճ։ Բարձր տոկոսադրույքները՝ վարկավորման թանկացումը, անհրաժեշտ են գնաճային ճնշումը զսպելու համար, բայց միաժամանակ դժվարացնում են մասնավոր բիզնեսի կարիքների համար ֆինանսական միջոցների ներգրավումը։

Ուստի իրական տնտեսական բարեփոխման չափանիշը ՀՆԱ-ի հերթական բարձր ցուցանիշը չէ, այլ այն, թե արդյո՞ք Ղազախստանը կարող է նավթային եկամուտներն ուղղել բարձր ավելացված արժեք ստեղծող նոր արտադրությունների, տեխնոլոգիաների և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը։ Ղազախստանն ունի հսկայական տարածք, բնական պաշարներ, աշխարհագրական բացառիկ դիրք, մարդկային կապիտալ և աճող թվային ներուժ։

Սակայն XXI դարում բնական պաշարները հնարավորություն են, որը դեռ պետք է կյանքի կոչել։ Երկրի իրական մրցունակությունը որոշվելու է նրանով, թե որքան արդյունավետ այն կկարողանա արդյունահանել, վերամշակել ընդերքի հարստությունները և այդ բարիքները վերածել արդի տնտեսության, ուժեղ ինստիտուտների ու տեխնոլոգիական ինքնուրույնության։

Տեխնոլոգիական արդիականացումից դեպի թվային ինքնիշխանություն

Արհեստական բանականության և թվայնացման ոլորտներում Ղազախստանի հավակնությունները չպետք է դիտարկել որպես տուրք ժամանակի տեխնոլոգիական օրակարգին։ Խնդիրը շատ ավելի խոր է։ Առաջիկա տասնամյակում պետության մրցունակությունը որոշվելու է ոչ միայն նավթով, հազվագյուտ մետաղներով կամ հաղորդակցության ուղիներով, այլև տվյալներով, հաշվարկային հզորություններով, սեփական թվային հարթակներով, կիբերանվտանգությամբ, ԱԲ կիրառելու կարողությամբ։

Ղազախստանն արդեն ունի կարևոր մեկնարկային առավելություններ՝ զարգացած էլեկտրոնային կառավարություն, թվային բանկային և ֆինանսական ծառայությունների արդիական համակարգ, Astana Hub տեխնոլոգիական ընկերությունների կենտրոն, թվային ծառայություններից ակտիվորեն օգտվող հասարակություն և իշխանություն, որն այս ոլորտը դիտարկում է որպես պետական առաջնահերթություն։ Ղազախստանի առաջադրանքը սոսկ թվայնացումը չէ։

Խնդիրը բաց տեխնոլոգիական տնտեսության պայմաններում թվային ինքնիշխանությունը պահպանելն է։ Հենց այս կետում է Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և սեփական տեխնոլոգիական կարողությունների միջև հավասարակշռությունը դառնում ազգային անվտանգության հարց։

Գլխավորը կայունության և անվտանգության ապահովումն է

2022 թվականի հունվարի ողբերգական իրադարձությունները Ղազախստանի քաղաքական համակարգի համար դարձան այն, ինչ քաղաքագիտության մեջ կոչվում է ամրության փորձարկում։ Պարզվեց, որ արտաքուստ կայուն համակարգի ընդերքում կուտակվել են սոցիալական, տարածաշրջանային, ներվերնախավային լարվածություններ։ Սահմանադրական և մյուս համակարգային բարեփոխումները հարկ է դիտարկել նաև ա՛յս փորձության լույսի ներքո։

Նոր Սահմանադրությունը, Կուռուլթայը, Ժողովրդական խորհուրդը, Փոխնախագահի ինստիտուտը և կառավարման թվայնացումն առանձին նախաձեռնություններ չեն։ Հանրագումարում դրանք պետական համակարգը կարող են դարձնել ավելի կանխատեսելի և ճգնաժամերի նկատմամբ դիմակայուն։ Հասկանալի է՝ կայունությունը և անշարժությունը տարբեր վիճակներ են։ Հակասությունների առժամանակյա բացակայությունը նույնպես կայունության ապացույց չէ։

Երկարաժամկետ կտրվածքում կայուն է այն համակարգը, որն ունակ է բացահայտել, քննարկել և լուծել հակասությունները՝  քանի դեռ դրանք չեն դարձել անկառավարելի ճգնաժամ։

Բարեկամ Ղազախստանի փորձը Հայաստանի համար օգտակար է նախևառաջ փոփոխությունների ռացիոնալության առումով։ Ղազախական քաղաքական մշակույթում բարեփոխումներն ընկալվում են ոչ թե իբրև նախկին համակարգի բացարձակ բացասում, այլ՝ որպես ներկայացուցչության և վերահսկողության նոր մեխանիզմներով պետական հաստատությունների աստիճանական կատարելագործում և արդիականացում՝ չխաթարելով կառավարելիությունը և համակարգի տարրերի միջև ներդաշնակությունը։ Էվոլյուցիոն զարգացման տրամաբանությամբ են փոխակերպվում նաև Կենտրոնական Ասիայի մյուս երկրները։

Նրանք աստիճանաբար դադարում են իրենց ընկալել սոսկ որպես Ռուսաստանի, Չինաստանի և Արևմուտքի մրցակցության տարածք և ավելի ու ավելի են հանդես գալիս սեփական շահերն ու առաջնահերթությունները ձևակերպող տարածաշրջանային ուժի դիրքերից։ Հայաստանի համար այս փորձը լավագույն առիթ է մտորելու առ այն, որ պետության ուժը որոշվում է ոչ թե ճնշումներով, կտրուկ և տպավորիչ շրջադարձերով, այլ կենսունակ և աշխատող ինստիտուտներ գործարկելու կարողությամբ։

Արդի Ղազախստանում համադրված են հազվադեպ ռազմավարական առավելություններ՝ անհատնում բնական պաշարներ, հսկայական տարածք, Եվրոպայի և Ասիայի միջև շահեկան աշխարհագրական դիրք, Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն, Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային համախմբման կենտրոն դառնալու շանս, արևմտյան կապիտալի ու տեխնոլոգիաների հասանելիություն, զարգացող թվային ենթակառուցվածք։

Աշխարհաքաղաքականությունը, սակայն, ընձեռում է հնարավորություններ, բայց ոչ երաշխիքներ։ Եթե Սահմանադրությունը վերածվի գործող քաղաքական կանոնների, Կուռուլթայը՝ իրական ներկայացուցչական մարմնի, բնական պաշարները՝ ժամանակակից և բազմազան տնտեսության, թվայնացումը բարձրացնի արդյունավետությունը, իսկ բազմավեկտորությունը՝ ռազմավարական ինքնուրույնության աստիճանը, ապա 2026 թվականը կդառնա Ղազախստանի զարգացման նոր փուլի սկիզբը։

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31