Քարտեզն առել, ընկել եք հետևներիցս. Դաշնակցությունն այդ սպառնալիքից չի կթվում. Իշխան Սաղաթելյան

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ օրեր առաջ կարևոր արձանագրում տեղի ունեցավ, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են Հայաստանի Հանրապետության համար, և այդ սպառնալիքը չեզոքացնելու համար մենք գնում ենք այդ հարաբերությունների կարգավորմանը, ինչն առաջին հայացքից անխոցելի քաղաքական պատասխան է:

«Բայց որտե՞ղ է թաղված շան գլուխը, որտե՞ղ է հիմնական խնդիրը: Արդյո՞ք այն ճանապարհով, որով գնում եք Դուք, դա հարաբերությունները կարգավորելու ճանապարհն է, և ո՞րն է այն գինը, որը Դուք պատրաստվում եք վճարել՝ իբր այդ հարաբերությունները կարգավորելու համար:

Մեր և Ձեր առճակատումը, բախումը և անհամաձայնությունն այստեղ է: Այդ գինը հետևյալն է. հրաժարվել Անկախության հռչակագրից, ուրանալ Ցեղասպանությունը, սահմանագծման և սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր զիջումներ անել՝ Տիգրանաշենը չեք բացառում, որ կարող եք հանձնել, ՀՀ տարածքով անխոչընդոտ ճանապարհ Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչ ուզում եք՝ անունը դրեք, և Արցախն Ադրբեջանի մասն ճանաչելու  խորհրդարանի կողմից վավերացված պաշտոնական  փաստաթուղթ:

Ահա սա է այն գինը և ճանապարհը, որով փորձում եք կարգավորել հարաբերությունները: Հիմա հարց՝ այսքան զիջումներից հետո բավարարվելո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը, ու կարգավորվեն հարաբերությունները, չեզոքանա այդ սպառնալիքը, միանշանակ՝ ոչ: Որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով յոթ շրջանը վերցնելուց, Արցախը հայաթափելուց, ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քկմ օկուպացնելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց:

Կարդացեք նաև

Եվ վերջապես Թուրքիան և Ադրբեջանը վերջին 100 տարվա ընթացքում մեզ մեր հայրենիքում երկու անգամ ենթարկել են ցեղասպանության։ Հետևաբար՝ այն ճանապարհը, որ դուք առաջարկում եք, դա սպառնալիքը չեզոքացնելու ճանապարհ չէ: Եվ Դաշնակցությունը, պարոն Ռուբինյան, այդ սպառնալիքից չի կթվում։ Կթվողը կթվում է, և այդ կաթը վտանգավոր է ժողովրդին մատուցելու համար։ Հետևաբար՝  մենք դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, մենք դեմ ենք այդ ճանապարհով գնալուն, քանի որ դա համարում ենք կործանման ճանապարհ»,- շարունակեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ երբ ասում են՝ պետք չէ գնալ զիջումների ճանապարհով, և, որ Արցախը հայկական է, դա ընկալվում է ՀՀ-ին սպառնալիք և մեկնաբանվում, որ չեն ճանաչում ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

«Այս քարտեզը, որ փակցրել եք այստեղ, Դուք եք դրել Հայաստանի ամբողջականությունը հարցականի տակ։ Հիմա քարտեզը վերցրել եք, ընկել եք հետևներիցս, մեկ նվեր եք տալիս, մեկ ասում եք՝ փակցրեք, հիմա հարց եմ տալիս, կարո՞ղ եք ասել, թե այս պահին որքան է Հայաստանի դե ֆակտո տարածքը: Ազատագրեք այս քարտեզը, ապահովեք տարածքային ամբողջականությունը, առաջինը ես կփակցնեմ, դրա մեջ վատ բան չկա։ Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը, ինքնիշխանությունը գերագույն արժեք է մեզ համար։ Եվ եթե մենք ասում ենք՝ Արցախը հայկական է, դա չի նշանակում, որ մենք ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ ենք դնում։ Արցախը հայկական է, և դա քննարկման առարկա չէ։ Եվ եթե վաղն օրենք բերեք, եթե մնաք  իշխանության, բերելու եք, որ ով ասի՝ Արցախը հայկական է, գնդակահարելու ենք, միևնույն է, ես՝ իբր դաշնակցական, ու իմ ընկերները, ոչ միայն դաշնակցականները, գալու են այս ամբիոնի մոտ ու ասելու են՝ Արցախը հայկական է։ Եթե դրանով է պայմանավորված Ձեր ատելությունը Դաշնակցության նկատմամբ, դա շատ նորմալ է, եթե այդ ատելության դոզան քչանա, ես կանհանգստանամ, ուրեմն՝ Դաշնակցությունն իր տեղում և դերում չի»,– շեշտեց Իշխան Սաղաթելյանը:

Իսկ թե արդյո՞ք Ռուսաստանը սպառնալիք է ՀՀ-ին, ընդդիմադիր պատգամավորը բացասական պատասխան տվեց:

«Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության պետականությանը սպառնալիք չէ։ Բայց ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգելումը քաղաքական որոշում է։ Արդյո՞ք այդ քաղաքական որոշումը գործընկերային է այդ հարցի պատասխանը դուք տվեք։ Ես ՌԴ նախագահին մոտիկից չեմ տեսել: Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ Վլադիմիր Պուտինն իր ավագ ընկերն է, և ինքն ավելի շատ է շփվում Պուտինի հետ, քան ՀՀ նախկին 3 նախագահները միասին։ Հետևաբար, գնացեք և կարգավորեք այդ հարաբերությունները,  այդ ճգնաժամը Դուք եք ստեղծել, որի համար վճարելու են ՀՀ քաղաքացիները»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև գործող իշխանության որդեգրած ժողովրդավարությանը և թվարկեց քաղբանտարկյալների անունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31