Թեհրանը չի հանդուրժի իր նավահանգիստների շրջափակումն ու ԱՄՆ-ին կոչ է անում «փոխել վարքագիծը»․ Մոհսեն Ռեզայի

Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շարունակական շրջափակումը և պատասխան քայլեր կձեռնարկի, որոնց հետևանքով կտուժի ամերիկյան զինուժը, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

«Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան նավերն ու ուժերը լուրջ ռիսկերի կբախվեն և զոհեր կլինեն», – X-ում գրել է Ռեզային։

«ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը, հակառակ դեպքում մենք չենք հանդուրժի սա։ Մենք երբեք թույլ չենք տա, որ երկրորդ միջանցք բացվի Հորմուզի նեղուցում»,- նշել է իրանցի պաշտոնյան։

ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների շրջափակումը վերսկսեց հուլիսին մի քանի օր անց այն բանից հետո, երբ հունիսին չեղյալ հայտարարվեց Թեհրանի և Վաշինգտոնի միջև նեղուցի վերահսկողության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

ԱՄՆ զինված ուժերը հայտնել է, որ այդ պահից ի վեր փոխել է առնվազն 44 նավի ուղղությունը, շարքից հանել է երկու և գրավել երկու նավ։

Reuters հաղորդում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների շուրջ անորոշության ֆոնին Հորմուզի նեղուցի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցներով նավագնացության ծավալը շաբաթվա սկզբին «մեծ մասամբ անփոփոխ է մնացել»։
Ծովային երթևեկության մոնիթորինգ իրականացնող Kpler ընկերության տվյալները վկայակոչելով՝ գործակալությունը հայտնել է, որ երկուշաբթի Կարմիր ծովը և Ադենի ծոցը միացնող Բաբ ալ-Մանդեբ նեղուցով անցել է 20 նավ, այդ թվում՝ 12 տանկեր և 8 բեռնատար նավ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան կիրակի օրը։

Իրանի դաշնակից հութիները հուլիսի 20-ին հայտարարեցին Բաբ ալ-Մանդեբ նեղուցը փակելու մասին և հարձակվեցին սաուդական մի քանի տանկերների և նավթային օբյեկտների վրա՝ փաստացի բացելով պատերազմի նոր ճակատ: Պատերազմից առաջ Բաբ ալ-Մանդեբով օրական միջինը մոտ 40, իսկ Հորմուզի նեղուցով մոտ 130 նավ էր անցնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31