Հիմա ինչի՞ են նախապատրաստում ժողովրդին
Երկու տարի առաջ իշխանությունները համառորեն համոզում էին, որ Հայաստանում պետք չէ ցորեն աճեցնել, որովհետև ցորենի արտադրությունը ձեռնտու չէ։ Ասում էին՝ ցորեն կարող ենք դրսից էլ բերել, ոչ մի խնդիր չկա, ցորեն աճեցնելու փոխարեն՝ պետք է ինտենսիվ այգիներ հիմնել։
Նիկոլ Փաշինյանն անձամբ էր իջևանցիներին խորհուրդ տալիս սալոր տնկել։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հիմնավորում էր, թե ինչու Հայաստանում ձեռնտու չէ ցորեն ցանելը։ Ասում էր՝ կառավարությունը ծախսում է քաղաքացիների փողը։ Մենք չենք կարող քաղաքացու փողերով իրականացնել ծրագրեր, որոնք տնտեսապես ձեռնտու չեն։
Երբ քամուն էին տալիս քաղաքացու փողերը կամ քաղաքացու փողերով իրենց միլիոնների պարգևավճարներ էին բաժանում, քաղաքացուն չէին հիշում։ Պետական մակարդակով ցորեն ցանելուց հրաժարվելը հիմնավորելու համար՝ հիշել էին, որ քաղաքացու փողերն են ծախսում։
«Եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում։ Դրա փոխարեն՝ այլ նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում։
ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 450.000 դրամի ցորեն, բայց ծախսվում է 420.000 դրամ»,- ցորեն ցանելուց հրաժարվելու իշխանությունների նախաձեռնությունը հիմնավորում էր էկոնոմիկայի նախարարը։
Այդ հիմնավորմամբ էլ դադարեցրին ցորենի սուբսիդավորումը։ Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ապրանքի արտադրության կարևորությունը, առավել ևս՝ մի երկրի համար, որն ինքնաբավության լուրջ խնդիր ունի, հատկապես այն բանից հետո, երբ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, մղեցին երկրորդ պլան։ Պետական սուբսիդավորման դադարեցումով արգելակեցին ցորենի արտադրության խրախուսումը՝ հույսը դնելով ներմուծումների վրա։
Զարմանալի չէ, որ եթե մի ժամանակ ցորենի ինքնաբավությունը նույնիսկ 50 տոկոսից բարձր էր, հիմա կրկնակի ցածր է՝ հազիվ 22-25 տոկոսի է հասնում։
Նույնիսկ սկսեցին հիմնավորումներ բերել, թե այնպես չէ, որ ռազմավարական համարվող այդ ապրանքը հարկ եղած դեպքում չեն կարող այլընտրանքով փոխարինել։
Ցորենի փոխարեն, կարող ենք բրինձ ուտել՝ խորհուրդ էր տալիս ԱԽՔ քարտուղարը։ Ասում էր՝ պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։
«Կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»,- սեփական մտքի գոհարներն էր շաղ տալիս ԱԽՔ քարտուղարը։
Այսպիսի գլուխգործոցներից 2 տարի անց, հիմա էլ այլ բան են ասում. Երկու տարի առաջ նպատահարարմար չէին համարում Հայաստանում ցորեն աճեցնելը, հիմա որոշել են, որ պետք է խթանել ցորենի արտադրությունը։
Կառավարությունում վերջերս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մի խորհրդակցություն, որտեղ քննարկվեց, պատկերացնում եք՝ «ցորենի արտադրության խթանման հնարավորությունները»։
Խոսքն այն նույն ցորենի մասին է, որի արտադրությունը ոչ վաղ անցյալում համարում էին ոչ ձեռնտու ու խորհուրդ էին տալիս ցորենի փոխարեն՝ այգի հիմնել։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը:
Վերլուծության արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացումից հետո էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններով:
Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումն ու ոլորտում առկա զարգացումներին և նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը: Ընդգծվել է նաև ցորենի ինտենսիվ մշակության ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը:
Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ և ներկայացնել քննարկման»,- ցորենի արտադրության խթանման խորհրդակցության վերաբերյալ այսպիսի հաղորդագրություն էր տարածել կառավարությունը։
Թե ի՞նչն է ստիպել կառավարությանը վերադառնալ ցորենի արտադրության խթանմանը, երբ ընդամենը 2 տարի առաջ խորհուրդ էին տալիս հրաժարվել ցորեն ցանցելուց, թերևս, կարելի է միայն գուշակել։ Բայց մինչ դրան անդրադառնալը, էկոնոմիկային նախարարին արժե հիշեցնել իր այն հաստատակամ հիմնավորումները, որ Հայաստանում ցորեն աճեցնելը եկամտաբեր չէ, ուստի չեն կարող իրենց թույլ տալ քաղաքացիների գումարները նման անիմաստ բաների վրա ծախսել։ Հիմա ի՞նչ եղավ, որ որոշեցին քաղաքացիների փողերը ներդնել տնտեսապես ոչ ձեռնտու ցորենի արտադրությունը խթանելու ծրագրերի մեջ։
Կառավարության այսպիսի կերպարանափոխումից կարելի է ենթադրել, որ մեզ հերթական դժվարին ժամանակներն են սպասվում։ Ու սրանով հասկացնում են, որ առաջիկայում կարող ենք բախվել ռազմավարական նշանակության ցորենի ներկրման հետ կապված խնդիրների։
Ցորենը, ինչպես հայտնի է, Հայաստան է ներկրվում հիմնականում Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վերջին շրջանում այնքան են վատացել, որ մի օր բոլոր տնտեսական ու առևտրային կապերը հանկարծակի կարող են կտրվել։ Այդ ժամանակ արդեն խնդիր կունենանք ոչ միայն ռուսական շուկա հայկական ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքների արտահանումների, այլև այնտեղից իրականացվող ապրանքների, այդ թվում՝ ռազմավարական ապրանքների, նաև ցորենի ներմուծումների հետ կապված։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

