Բաժիններ՝

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի անդրադարձը Պաշտպանի բարձրացված խնդիրներին

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մայիսի 27-ից Ժնևում մեկնարկած 63-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի զեկույցը: Դրան զուգահեռ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին այլընտրանքային զեկույց էր ներկայացրել և բարձրաձայնել մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա համակարգային բացերը և հանդես եկել համապատասխան առաջարկություններով: Երեխաների իրավունքների կոմիտեն, քննարկելով զեկույցները, ներկայացրել է ոլորտի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ:

Հարկ է նշել, որ 11 կետերից բաղկացած իր առաջարկություններից 7-ում կոմիտեն անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված մտահոգություններին: Մասնավորապես կարևորել է Պաշտպանի կողմից բարձրաձայնված այն խնդիրները, որոնք վերաբերում են ՀՀ-ում գործող երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգին՝ սկսած Խնամակալության և հոգաբարձության մարմիններից, որոնք հաճախ ոչ մասնագիտական մոտեցումներ դրսևորելով՝ համայնքային մակարդակում երեխաների կյանքի համար կարևորագույն որոշումներ են կայացնում, մինչև Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, որի գործունեության արդյունավետությունն այսօր մեծ հարցականի տակ է դրվում:

Կոմիտեն անդրադարձել է նաև Պաշտպանի կողմից բարձրացված մի շարք այլ խնդիրների ևս՝ կապված ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող երեխաների որդեգրման պրակտիկայում առակա բացերի, համակարգված այլընտրանքային խնամքի և խնամքի հանձնելու լավ մշակված ընթացակարգերի բացակայության, անչափահասների, մասնավորապես 14 տարին չլրացած երեխաների՝ տնտեսական շահագործման, անչափահասների արդարադատության ոլորտում համապարփակ օրենքի և մասնագիտացված դատարանների բացակայության հետ:

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն առաջարկել է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Իսկ հերթական զեկույցը Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի 2019 թվականի հունվարին:

Պաշտպանի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս