«Խաղողի մթերումն այս պահին վտանգված է». Աշոտ Հարությունյան
Արդեն երրորդ ամիսն է՝ գյուղատնտեսական մի շարք ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելված է, ըստ ռուսական կողմի՝ պատճառն այդ ապրանքների որակն է։ Լոլիկ, ծիրան, պղպեղ, վարունգ և այլ պտուղ-բանջարեղեն արտադրողները մշտապես բողոքում են, որ բերքը տեղում փչանում է, որին ի պատասխան՝ Կառավարությունն ասում է, թե փոխհատուցում կտա:
Ավելին՝ հայտարարում է, թե կարող են արտահանել ԵՄ շուկա, ինչը հայ արտադրողներն իրատեսական չեն համարում, այն էլ այն ծավալներով, ինչ նախկինում արտահանել են Ռուսաստան։
Շուտով արդեն խաղողի բերքահավաքի սեզոնն է, խաղողագործներն է՞լ են կանգնելու նույն խնդրի առաջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելուն զուգահեռ՝ կապարակնքվել էին նաև Երևանի գինու և կոնյակի գործարանի դռները։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով՝ խաղողի հետ կապված խնդիրն ավելի շղթայական է. եթե, օրինակ, ծիրանի դեպքում այգետեր, վաճառող կամ գնորդ և արտահանումն է, ապա խաղողի դեպքում այլ է՝ տեխնիկական սորտերը, սպիրտի, գինու 90 տոկոսից ավելին հիմնականում մթերում են հայկական ընկերությունները։
«Եթե այդ ընկերությունները չկարողանան իրենց գինին ու կոնյակը նորմալ արտահանեն, նշանակում է՝ ունենալու են ֆինանսական ու տարայի խնդիրներ։ Նշանակում է, որ մոտ 200 հազար տոննա խաղող (խոսքը նախորդ տարվա մթերման մասին է), ինչը լուրջ խնդիր է։ Մթերումն այս պահին վտանգված է, կապված տարաների հետ, եթե տարաներ չունեցան, մթերումը չեն կարող անել, դրան զուգահեռ՝ նաև ֆինանսական խնդիրներ են ի հայտ գալու»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը։
Ըստ մեր զրուցակցի, խաղողի սեղանի սորտերը հիմնականում սպառվում են տեղական շուկայում ու արտահանվում են ԵԱՏՄ շուկա։
«Բայց, ինչպես գիտեք, հիմա ճանապարհը փակ է, արգելափակումն էլ դրված է, այս առումով էլ խնդիրը լուրջ է, որովհետև տեղական շուկան՝ սառնարաններով ու իրացումով, այդքանը չի կարող ապահովել։
Ինչ վերաբերում է ԵՄ շուկա արտահանելուն, ապա՝ ի տարբերություն ծիրանի, որ այդքան ասում են՝ հայկական ծիրանը բրենդ է, խաղողը հիմնականում արդեն Եվրոպայում լուրջ տեղ չունի, որովհետև Իտալիայում, Հունգարիայում, Թուրքիայում, էլ չասեմ՝ Ֆրանսիայում այնպիսի սեղանի սորտեր են աճեցնում, որոնք աչք են ծակում, համային տեսանկյունից էլ լավն են։ Այնտեղ կա ղազախական խաղող ևս, խաղողի դեպքում ԵՄ շուկայում առավելություն չունենք»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։
Նախորդ տարի խաղողագործները գոհ են եղել խաղողի բերքի ծավալներից, սակայն այս տարի քիչ բերք են սպասում։
Արարատի մարզի խաղողագործներից մեկը՝ Կարեն Միքայելյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ մթերող ընկերության հետ արդեն պայմանագիրը ստորագրել են, սակայն բերքի ծավալն այս տարի ընդհանուր առմամբ շատ քիչ է։

«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի բերքը լավ չէ, Այս տարի բերքը լավ չէ, պատճառները տարբեր են՝ եղանակն է, դե, տարվա հետ է, տարի կա՝ լավ բերք ենք ստանում, տարի կա՝ չէ։ Մթերման հետ անձամբ ես խնդիր չեմ ունենա, պայմանագիրը ստորագրված է, բերքն էլ քիչ է, կմթերեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ բերքը քիչ է, մթերող ընկերությունը մթերման գները փոփոխության չի ենթարկել, մթերելու է նույն արժեքով, ինչ նախորդ տարի է եղել՝ 1 կգ-ն 130-135 դրամ։
«Ես մթերող ընկերությանը չեմ փոխել, մշտապես այդ ընեկերությանն եմ հանձնում։ Հայաստանից դուրս խաղող չենք արտահանում, արդեն 2 տարի է՝ չեն տանում, էլի։ Մենք հանձնում էինք արտահանող ընկերությանը, այդ ընկերությունն էլ արտահանում էր, բայց այս տարի դեռևս որևէ խոսակցություն չկա։ Տեսնենք, գուցե սեպտեմբերին լինի, այդ ժամանակահատվածում է լինում, որ խաղողն արդեն ընդունում են ու արտահանում։ Բայց ասում եմ՝ դեռ նման խոսակցություն չկա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

