Բաժիններ՝

Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի՝ վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով՝ երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…(«Սոնա յար» Կոմիտաս)

Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր:

Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031