Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆյա Հովսեփյանի դեմ, ի՞նչ է պահանջում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ։ Այս մասին Sputnik Արմենիա-ն տեղեկացել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Նախկին պատգամավորի դեմ հայցը հուլիսի 10-ին վարույթ է ընդունվել և մակագրվել Շիրակի մարզի քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։ Նրանից Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հունիսի 9-ին hraparak.am-ում հրապարակված տեղեկությունների համար, որոնք, ըստ Փաշինյանի, իր հասցեին վիրավորանք և զրպարտություն են պարունակում։
Հովսեփյանը ասել էր, թե՝ «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք, և բնականաբար հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք` ինչ պետք է անի», և այլն։
Փաշինյանը պահանջում է ոչ միայն հրապարակային ներողություն, հերքում, այլև 2 միլիոն դրամ փոխհատուցում վիրավորանքի և 4 մլն դրամ էլ՝ զրպարտության համար։
Էդմոն Մարուքյանի դեմ հայցը հուլիսի 10-ին մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։
Փաշինյանը կրկին պահանջում է հերքում և ներողություն հունիսի 9-ին Մարուքյանի կողմից ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունների համար, սակայն պահանջի ամբողջական բովանդակությունն անհայտ է, քանի որ «Դատալեքս» համակարգում պահանջի տվյալները թերի են լրացված։

