ՄՕԿ-ը մեղմել է ռուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները
Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գործունեությունը՝ ռուս մարզիկներին հնարավորություն տալով մասնակցել միջազգային մի շարք մրցաշարերի, այդ թվում՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլերին։
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գործունեությունը կասեցվել էր 2023-ի հոկտեմբերին, երբ այն ճանաչել էր Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում գործող օլիմպիական խորհուրդները։
ՄՕԿ նախագահ Քիրսթի Քովենթրին հայտարարել է, որ կոմիտեն չի արդարացնում որևէ պատերազմ, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմը, սակայն մարզիկները չպետք է պատասխան տան իրենց կառավարության գործողությունների համար։
Միևնույն ժամանակ, ռուսական դրոշի, օրհներգի և ազգային գույների հարցում վերջնական որոշում դեռ չկա։ ՄՕԿ-ը հայտնել է, որ այդ հարցին կանդրադառնա ավելի ուշ՝ Լոս Անջելեսի խաղերից առաջ։ Միջազգային մրցաշարերին վերադարձող ռուս մարզիկները նաև պետք է մի քանի դոպինգ-թեստ հանձնեն։
Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևը ողջունել է որոշումը՝ այն «կանաչ լույս» որակելով ռուս մարզիկների վերադարձի համար։
Ուկրաինայի արտգործնախարարությունը որոշումը մտահոգիչ է համարել և կոչ արել մրցաշարեր հյուրընկալող երկրներին պահպանել ռուսական պետական խորհրդանիշների արգելքը։
Մարզիկների իրավունքներով զբաղվող Global Athlete և FairSport կազմակերպություններն էլ հայտարարել են, որ այս քայլով ՄՕԿ-ը նվազեցնում է իր իսկ չափանիշները՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի պայմաններում։

