Գագիկ Ծառուկյանի առյուծը անկել է կենդանաբանական այգում. լուրը պաշտոնապես հաստատվեց
Երեկ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը անկել է։
Հիշեցնենք, որ կենդանիները հատուկ թմրեցումով տեղափոխվել էին Կենդանաբանական այգի։
Կենդանաբանական այգին հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով.
«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։
Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

