Անդամահատում, հոգեկան խանգարում, թմրանյութի անդառնալի հետևանքները
Թմրանյութերի, դրանց վտանգավորության մասին զրուցել ենք նարկոլոգ, «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ նախագահ Աննա Ասատրյանի հետ։

– Ովքե՞ր և ինչո՞ւ են դառնում թմրամոլ։
– Թմրամիջոցներ գործածել կարող են բոլորը, իհարկե, կան ռիսկի խմբում գտնվող անձինք, ովքեր ավելի խոցելի խմբում են, և նրանց դեպքում թմրամիջոց գործածելու ռիսկն ավելի մեծ է։ Ցավալիորեն կարող եմ նշել դեռահասներին։ Ներկա ժամանակաշրջանում, ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ն նույնպես անմասն չի մնացել՝ մեր երկրում ևս ունենք՝ ինչպես թմրամիջոց գործածողների քանակական աճ, այնպես էլ՝ երիտասարդացում։ Եվ դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս թմրամիջոցների վաճառքի շուկան տեղափոխվել է օնլայն հարթակներ, այսինքն, եթե նախկինում թմրամիջոց ձեռք բերելու համար անձը պետք է հանդիպեր այլ մարդու, որպեսզի ձեռք բերեր իրեն անհրաժեշտ չափաքանակը, ներկայումս հավելվածների միջոցով են պատվիրում։
– Թմրանյութ գործածողներն արդյոք հասկանո՞ւմ են դրա վտանգավորության աստիճանը։
– Սկզբնական շրջանում թմրամիջոց գործածող անձանց թվում է, թե ամեն ինչ իրենց վերահսկողության ներքո է, և իրենք են ամբողջությամբ կառավարում իրավիճակը։ Սակայն կախվածությունը հենց ինքը քրոնիկական հիվանդություն է։ Կախվածությունն ախտորոշում ենք՝ ելնելով 6 չափանիշներից. դրանցից մեկն այն է, որ անձը գործածում է թմրամիջոցներ, տեսնում է վնասակար հետևանքները, սակայն, միևնույն է, շարունակում է գործածել։ Վնասակար հետևանքները կարող են լինել առողջական, տուժում է նրա աշխատանքը, ընտանեկան հարաբերությունները։ Կախվածությունը չի սահմանափակվում միայն տվյալ անձով և չի վնասում միայն տվյալ անձին։ Դա վերաբերում է ամբողջ հասարակությանը։
– Առողջական ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ մարդու մոտ։
– Ցավոք, թմրամիջոցները որևէ օրգան-համակարգ անմասն չեն թողնում։ Ախտահարվում են բոլոր օրգան-համակարգերը՝ սկսած կենտրոնական նյարդային համակարգից։ Կախված թմրամիջոցի տեսակից, չափաքանակից, տարիքից, ունենում ենք նաև հոգեկան խանգարումներ, ու հաճախ բժիշկ-նարկոլոգը չի կարողանում օգնել ու արդեն ուղղորդում է հոգեբույժի մոտ։ Հիմնականում նման երևույթի ականատես ենք լինում վերջին շրջանում հոգեխթանիչներով պայմանավորված։ Վերջին 4-5 տարների ընթացքում թվաքանակի աճ ունենք, և դրա վտանգավորությունը կայանում է նրանում, որ հենց մեկ անգամ գործածումը՝ անկախ եղանակից․ ծխել, ներշնչել, ներերակային եղանակով, կարող է բերել գերդոզավորման, հոգեկան խանգարումների առաջացման։
Տուժում են նաև սիրտ-անոթային, մարսողական համակարգերը։ Ցավոք, հաճախ հետևանքները լինում են անդառնալի։
– Կան մարդիկ, ովքեր ասում են՝ 1-3 անգամ գործածել են թմրանյութ, հետո այնքան կամքի ուժ են ունեցել, որ այլևս չեն հիշել թմրանյութի մասին։ Արդյո՞ք հնարավոր է նման բան։
– Նշեմ, որ կախվածությունը հիվանդություն է և պայմանավորված չէ կամքի թուլությամբ կամ առհասարակ թույլ լինելու հանգամանքով։ Լինում են դեպքեր, երբ մեկ անգամ գործածում են և այլևս չեն վերադառնում, սակայն որևէ մեկն ապահովագրված չէ, և մենք չենք կարող հստակ ասել, որ եթե մեկ անգամ գործածել է՝ կախվածության համախտանիշ չի ձևավորվի կամ գերդոզավորում չի լինի։ Միջազգային ցուցանիշները փաստում են, որ մեծ քանակությամբ դեպքեր են գրանցվում, երբ անձն առաջին անգամ գործածում է թմրամիջոց, և դա ավարտվում է գերդոզավորմամբ, անգամ մահվան ելքով։
– Պրակտիկայում ի՞նչ ծանր դեպքերի եք հանդիպել։
– Երբ անձն արդեն իսկ ունենալով բարդացած խնդիր՝ պայմանավորված անոթների խցանմամբ, չի դադարեցրել, չի հետևել բժշկի ցուցումներին, ու ունեցել ենք անդամահատումներ։
– Ընտանիքի անդամներն ինչպե՞ս կարող են մարդուն համոզել, հասկացնել, որ դա առաջին հերթին վնասում է իրենց, երկրորդը՝ ընտանիքի անդամներին։
– Իրականում այստեղ հարազատների դերը շատ մեծ ու կարևոր է, քանի որ փոփոխությունները նկատում են մոտ գտնվող անձինք. կինը, մայրը, ընկերը։ Նման դեպքերում չպետք է անցնել պատժողական մեթոդների, հնչեցնել մեղադրական խոսքեր, որովհետև դա բերելու է վիճակի թաքցնելուն, ավելի խորացմանը, և, բնականաբար, բուժումն ուշանալու է։
Հիմնականում սկզբում վարքագծի փոփոխություններ են լինում։ Ծնողը կարող է նկատել, որ երեխան դարձել է ավելի տարօրինակ, կասկածելի վարքագիծ է ցուցաբերում, ուշ է վերադառում տուն, մեկուսանում է, խուսափում է խոսել, կա անքնություն, առաջանում են որոշակի ֆինանսական խնդիրներ։
– Շա՞տ են թմրանյութ գործածող դեռահասները։
– Ըստ վիճակագրական տվյալների ՝ ՀՀ-ում հաշվառված է թմրամիջոց գործածող մոտ 8000 անձ, և նրանցից 6-ն են անչափահաս։ Պրակտիկայում հանդիպել եմ դեռահասների, ովքեր նշել են, որ սկզբում եղել է հետաքրքրասիրություն։ Երեխա կար, ում մոտ կախվածության համախտանիշ էր, և ստիպված դեղորայքային բուժում նշանակեցինք։

– Թեկուզև մեկ անգամ թմրանյութ գործածելիս կախվածություն առաջանո՞ւմ է ։
– Կարող եմ ասել, որ այո։ Նշեմ, որ կարևորություն ունի գենետիկ նախատրամադրվածությունը։ Թմրամիջոցն օրգանիզմին վնաս է հասցնում՝ անկախ գործածման եղանակից։
–Բուժումը դեղորայքայի՞ն է, և որքա՞ն ժամանակ է պահանջվում բուժման համար։
– Բուժման տևողությունն անհատական է, ինչպես նաև բուժման մեթոդը։ Որոշվում է բժշկի կողմից։ Հաշվի են առնում, թե երբվանի՞ց է օգտագործում, քանի՞ տարեկան է, առողջական ի՞նչ խնդիրներ կան։ Բուժման եղանակները ներկա դրությամբ երեքն են․ ամբուլատոր, ստացիոնար և մետադոնի փոխարինող բուժում, որը նշանակվում է, եթե կա ափիոնի խմբի թմրամիջոցներից կախվածություն։
Հիմնական բուժման կուրսի ավարտից հետո բուժառուն կրկին պետք է լինի բժշկի հսկողության ներքո և շարունակի իր աշխատանքը հոգեբանի հետ։
– Եթե ընտանիքի անդամներից մեկը թմրանյութ է գործածել՝ մյուսները ևս ռիսկի խմբո՞ւմ են։
– Այո։ Եվրոպական երկրներում հենց այդ սկզբունքով էլ իրականացնում են կանխարգելումը։ Խոսքը երեխաների մասին է, ովքեր անառողջ միջավայրում ռիսկի գոտում են։ Նրանց հետ պետք է հատուկ աշխատանք տարվի հոգեբանների, մանկավարժների կողմից, որ զերծ պահեն թմրամիջոցի գործածումից։
– Համաձայն պաշտոնական տվյալների՝ վերջին 5 տարում 6,3 տոկոսով ավելացել է թմրանյութ գործածողների թիվը։ Խոսքը հաշվառված անձանց մասին է։ Աճել է նաև կանանց թիվը։ Տղամարդիկ և կանայք նույն պատճառներո՞վ են թմրանյութ օգտագործում։
– Կանանց երևի թե առաջնորդում է ավելի շատ էմոցիոնալ ֆոնը, ապա միջավայրը, տվյալ իրավիճակին համապատասխանելը և այլն։ Ունեցել ենք կին բուժառուներ, ու երբ հարցրել ենք, թե ե՞րբ, ի՞նչ ճանապարհով են սկսել գործածել, ի՞նչը դրդեց, հիմնականում նշում են, որ ակտիվ ժամանցի վայրերում, ակումբներում միջավայրի հետ համահունչ լինելու համար հյուրասիրել են, և ինքը չի հրաժարվել։ Նշում են, որ 1-2 անգամ հրաժարվել են, ընթացքում սկսել են հետաքրքրվել ու որոշել են փորձել։
– Վերջին տարիներին խոսվեց մարիխուանայի ազատականացման մասին. եթե այդպիսի բան լինի՝ ի՞նչ է սպասվում մեր հասարակությանը։
– Միանշանակ դեմ եմ կանաբինոիդների լեգալիզացիային, քանի որ հատկապես մեր երկրում, հասարակությունում դա իսկական աղետ կլինի։ Բազմաթիվ հետազոտություններ կան թմրամիջոցների ազդեցությունների հետ կապված՝ կանաբինոիդների ոլորտում։ 2026թ․ Վաշինգտոնում հետազոտություն էր իրականացվել և մանրամասն անդրադարձ էր կատարվել, թե ինչպե՞ս է այն վնասում հիշողությանն ու ինտելեկտին։ IQ-ն բավականին իջնում է, և տարիների ընթացքում դժվարանում են անգամ պրիմիտիվ հաշվարկներ կատարել։
ԱՄՆ-ում նախորդ տարի մասնակցում էի վերապատրաստման ծրագրի, ու այնտեղ կան նահանգներ, որտեղ լեգալիզացված է, և հարց ուղղեցի՝ հասկանալու իրավապահ, առողջապահական համակարգերի մոտեցումը։ Նշեցին, որ դա արվել է առաջին հերթին այն նպատակով, որ այն գործածողները, ովքեր կապ ունեն թմրամիջոցների հետ՝ հայտնվեն իրենց ափում, ավելի տեսանելի լինեն։ Նշեմ, որ նրանք, ովքեր գործածում են կանաբիս, հաճախ նաև այլ տեսակի թմրամիջոց են գործածում և հայտնվում են իրավապահ համակարգի տեսադաշտում։

– Կա՞ միֆ, որին հավատում են թմրանյութ գործածողները։
– Օրինակ, այն, որ դա հիվանդություն չէ, կամքի թուլություն է, և, եթե ցանկություն ունենան՝ ցանկացած պահի կարող են դադարեցնել։ Դա այդպես չէ, իրենց վերահսկողությունից դուրս է։ Նյութն է իրենց վերահսկում ու թելադրում, թե ո՞ր ժամին գործածեն, և ի՞նչ եղանակով, ու այդ գիտակցմանը գալիս են շատ ավելի ուշ։
Խորհուրդ եմ տալիս զերծ մնալ հոգեներգործուն նյութերի գործածումից, քանի որ առաջին գործածումը կարող է բերել կախվածության համախտանիշի զարգացմանը։

