Երբ ԵՄ–ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան

«Երբ Եվրամիությունը խոսում է որևէ երկրի էներգետիկ աջակցություն ցուցաբերելու մասին, դա առնվազն կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«ԵՄ–ն ինքն է այսօր գտնվում էներգետիկ բավականին ծանր կացության մեջ։ Ես ուզում եմ ընդամենը հիշեցնել, որ այս պահի դրությամբ ԵՄ–ի գազի պահեստարանները ջեռուցման սեզոնին պատրաստ են ընդամենը 75-76 %-ով։ Սա ԵՄ–ի վերջին 10-15 տարվա նվազագույն ցուցանիշն է, և եվրոպական մի շարք ինստիտուտներ այսօր խոսում են հնարավոր ճգնաժամի խորացման մասին` հաշվի առնելով նաև այն, որ 2027 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցվելու է Ռուսաստանից բնական գազի մատակարարումը»,– արձանագրում է Դավթյանը։

Ինչպես հայտնի է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին Երևանում հայտարարել է, որ ԵՄ–ը պատրաստվում է աջակցել Հայաստանին էներգամատակարարումների դիվերսիֆիկացման հարցում և այդ նպատակով հաջորդ շաբաթ Եվրոպայից փորձագետների խումբ կժամանի ՀՀ։ Նա նշել է, որ նման իրավիճակների միջով անցել են Ուկրաինայում և Մոլդովայում ու գիտեն` ինչպես դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը։

Վահե Դավթյանը նշում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից մոլդովական կամ ուկրաինական սցենարների և այնտեղ Բրյուսելի կուտակած փորձի մասին հիշատակելն առնվազն տարակուսանք է առաջացնում։

«Նախ պետք է հաշվի առնել աշխարհագրական գործոնը։ Մոլդովան իր կողքին ունի Ռումինիա, որը գազ արտահանող երկիր է և այսօրվա դրությամբ գազ է մատակարարում Մոլդովային։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա 2022 թ․-ից ի վեր Ուկրաինան ռևերսային գազ է ստանում եվրոպական շուկաներից։ Այսինքն՝ աշխարհագրական դիրքը թույլ է տալիս, որ ԵՄ–ն կարողանա քիչ թե շատ աջակցել Մոլդովային և Ուկրաինային։ Բայց երբ խոսքը Հայաստանի մասին է, ապա նույն մոդելի կիրառումը պարզապես հնարավոր չէ»,– ասում է Դավթյանը` հավելելով, որ մեր երկրի դեպքում եվրոպական աջակցությունը կարող է արտահայտվել միայն Ադրբեջանից բնական գազի ներկրումների տեսքով։

Փորձագետը պատահական չի համարում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եվրոպացի պաշտոնյայի հանդիպման առանցքային հարցը հենց էներգետիկ փոխգործակցությունն է եղել։

Դավթյանը նշում է` որքան էլ որ Եվրոպան խոստումներ է շռայլում Երևանին` առանց Բաքվի անունը հնչեցնելու, դրանց իրականացման համար քաղաքական պայմաններից բացի նաև տեխնիկական լուծումներ են անհրաժեշտ, որոնք, սակայն, բացակայում են։ Պարզ ասած` Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա ուղիղ գազատրանսպորտային հաղորդակցություն։

«Տեսականորեն կարող է դիտարկվել, օրինակ, Իջևան-Ղազախ գազամուղի կառուցման տարբերակը, որը գործում էր ԽՍՀՄ տարիներին։ Բայց, ինչպես տեսնում ենք, երկկողմ բանակցությունների օրակարգում նման հարց դրված չէ։ Մյուս տարբերակը, որը առավել շատ է քննարկվում, TRIPP-ով անցնող հնարավոր գազամուղի մասին է, որը կարող է միանալ Հայաստանի գազատրանսպորտային համակարգին։ Բայց այստեղ հարց է առաջանում` արդյոք TRIPP-ով անցնող գազամուղը կարող է ապահովել Հայաստանի գազի ամբողջ` 2․5 միլիարդ խորանարդ մետրի պահանջարկը»,– շեշտում է մեր զրուցակիցը։
Կոպիտ սխալ է, թե արևային վահանակները կարող են փոխարինել Մեծամորի ատոմակայանին. փորձագետ

Միաժամանակ Վահե Դավթյանն արձանագրում է, որ միջազգային փորձի համաձայն` միջազգային երթուղիների ենթակառուցվածքներով անցնող գազամուղով Հայաստան արտահանվող ծավալը լավագույն դեպքում կարող է կազմել տրանզիտային հոսքերի 10-15 %-ը, ինչը իրական պահանջարկի համեմատ չափազանց փոքր ցուցանիշ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031