Բաժիններ՝

Զելենսկու թիմը փորձել է համոզել Զալուժնիին չմասնակցել ընտրություններին, վերջինս չի համաձայնել․ «Ուկրաինական պրավդա»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում փակ հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է 2026 թվականի աշնանը նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ հանդիպմանը մասնակցելու և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականը քննարկելու պատրվակով Լոնդոնից հատուկ Կիև է կանչվել Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ներկայումս Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։

Լրագրողների տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) պետ Կիրիլ Բուդանովը, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլեգ Տատարովը, «Սլուգա նարոդա» խմբակցության առաջնորդ Դավիթ Արախամիան, թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆեդորովը և Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկու թիմը փորձել է համոզել Զալուժնիին չմասնակցել հնարավոր ընտրություններին՝ որպես փաստարկ բերելով հասարակական հավանական պառակտումը, չափից ավելի կոնֆլիկտային քարոզարշավի վտանգն ու պետության համար առկա ռիսկերը։

Ինչպես գրում է թերթը, հանդիպման ժամանակ նախագահն ուղիղ հարց է տվել նախկին գլխավոր հրամանատարին՝ արդյո՞ք նա կառաջադրվի, եթե ընտրությունները կայանան աշնանը, ինչին վերջինս պատասխանել է. «Այո՛, կառաջադրվեմ»։

«Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրների համաձայն՝ Զելենսկին պատրաստ է եղել Զալուժնիի հետ քննարկել գրեթե ցանկացած պետական պաշտոն, սակայն այս պատասխանից հետո նրան այլևս ոչինչ չի առաջարկել։

Հանդիպման ընթացքում, ըստ պարբերականի, ներկայացվել են նաև ուկրաինական սոցիոլոգիական ընկերություններից մեկի կողմից՝ նախագահի գրասենյակի պատվերով իրականացված հարցման տվյալները։ Այդ հարցման համաձայն՝ Զելենսկին այժմ ունի 34% աջակցություն, Զալուժնին՝ 28%, իսկ Բուդանովը՝ 12%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031