Չինաստանը կոչ է արել վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները
Չինաստանը հանդես է գալիս Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների հնարավորինս շուտ վերացման օգտին և ակնկալում է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կշարունակեն բանակցությունները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը Գո Ցզյակունը։
«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները պետք է հնարավորինս շուտ վերացվեն», – ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Պեկինը հույս ունի, որ ԱՄՆ-ն, Իրանը և մյուս կողմերը համատեղ կիրականացնեն արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և կշարունակեն բանակցությունները։
Գո Ցզյակունը նշել է, որ դա պետք է նպաստի իրանական հարցի հնարավորինս շուտ ու համապարփակ կարգավորմանը։

