Վաշինգտոնի նախաձեռնած ցանկացած նոր բախում մարդկային կորուստներ կպատճառի ԱՄՆ-ին․ Խամենեիի խորհրդական

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից նախաձեռնված ցանկացած նոր ռազմական բախում լուրջ կորուստներ կպատճառի նրանց։

Ամերիկյան «NewsNation» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Իրանն, իր խոսքով, օժտված է ռազմական նոր հնարավորություններով, որոնք գործի կդրվեն էսկալացիայի դեպքում։

«Եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը նույնիսկ չնչին սպառնալիք թույլ տան Իրանի հասցեին, ապա հաջորդ պատերազմը նման չի լինի նախորդին»,— հայտարարել է Ռեզային։ Նա նաև հավելել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմանա, որ այս անգամ իրենք մարդկային զգալի կորուստներ են կրելու»։

Ռեզային նաև կասկածի տակ է դրել դիվանագիտական գործընթացում Վաշինգտոնի անկեղծությունը՝ պնդելով, որ Իրանը Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ գործել է «լրջորեն և օպերատիվորեն», մինչդեռ ԱՄՆ-ն, նրա խոսքով, չի կատարում իր պարտավորությունները։

«Մենք կարծում ենք, որ նրանք փորձում են ժամանակ շահել»,— ասել է նա՝ հավելելով, որ ամերիկյան կողմը կենտրոնացած է ներքին տնտեսական ու քաղաքական հարցերի, այլ ոչ թե կայուն համաձայնության հասնելու վրա։

Առանձին անդրադարձով նա հայտարարել է, որ ցանկացած պայմանավորվածություն պետք է սկսվի ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի շրջանակներում «Իրանի օրինական իրավունքների» ճանաչմամբ, ներառյալ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) վերահսկողության ներքո գտնվող խաղաղ միջուկային ծրագիրը։

Ռեզային նաև կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, ապաշրջափակել Իրանի սառեցված ակտիվները և ճանաչել Հորմուզի նեղուցի կառավարման գործում Իրանի դերը։

«Հորմուզի նեղուցը որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ»,— հայտարարել է նա՝ հավելելով, որ դրա կարգավորումը բացառապես Իրանի և Օմանի իրավասության հարցն է։

Նրա խոսքով՝ Իրանը տասնամյակներ շարունակ ապահովել է այս ռազմավարական երթուղու անվտանգությունը, իսկ այն երկրները, որոնք օգտվում են նեղուցով իրականացվող ծովային փոխադրումներից, պետք է մասնակցեն դրա պահպանության և էկոլոգիական պաշտպանության ծախսերին։

Ռեզային վերահաստատել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել։

«Այն պնդումը, թե Իրանը ձգտում է միջուկային զենքի, միշտ էլ մեծ սուտ է եղել»,— ասել է նա՝ հղում անելով ամերիկյան հետախուզության նախկին գնահատականներին, որոնց համաձայն՝ Թեհրանը միջուկային ռումբի մշակում չի իրականացնում։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ հաջորդող վարչակազմերը, իր կարծիքով, չեն հասկանում Իրանի դիրքորոշումը և գտնվում են իսրայելական հատուկ ծառայությունների ազդեցության ու քաղաքական ճնշման ներքո։

Դիմելով ամերիկյան լսարանին՝ Ռեզային տարանջատել է ԱՄՆ կառավարության և նրա քաղաքացիների նկատմամբ իր վերաբերմունքը։

«Մենք չենք ուզում, որ ամերիկացի ժողովուրդը տառապի»,— հայտարարել է նա։ «Բայց մենք վճռականորեն պաշտպանվելու ենք ԱՄՆ կառավարության կամ նրա զինված ուժերի կողմից իրականացվող ցանկացած ագրեսիայից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930