Լուրջ փոփոխություններ են սպասվում… ժողովրդական պայթյուն է լինելու. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Որևէ մեկի համար անսպասելի բան տեղի չունեցավ. իշխանություններն ամիսներ շարունակ կեղծում էին ընտրությունները։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ գնահատելով Ազգային ժողովի ընտրության արդյունքները։

Խոսելով ընտրություններում ընդդիմության պարտության պատճառների մասին՝ քաղաքագետն ասում է, որ ունի այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության հաղթանակի մասին հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկած ժողովրդի հսկայական զանգվածն ինքնաբուխ դուրս չեկավ փողոց։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է՝ հանրության մեջ չկար մինչև ընտրության օրը գեներացված պայքարի մթնոլորտը։ Քաղաքագետի խոսքով՝ ժողովուրդը մերժեց Նիկոլին, բայց ժողովուրդն առաջնորդության կարիք ուներ։

«Ես ավելի քան համոզված եմ, որ այս ընտրությանը մեր հանրությունը քվեարկել է ոչ թե ընդդիմության օգտին, այլ Փաշինյանի դեմ։ Հանրությունը պատրաստ էր մերժել Նիկոլին, բայց պատրաստ չէր ինքն առաջնորդելու այդ փոփոխությունը»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Այս իրավիճակում Մելիք-Շահնազարյանն ավելի ակտիվ քայլեր է ակնկալում ընդդիմադիր ուժերից և նրանց առաջնորդներից՝ ընդգծելով, որ պետք է դադարել լինել իշխանության գործողություններին արձագանքողի դերում և սկսել որոշումներ կայացնել։

Կարդացեք նաև

Հրանտ Մելիք-Շահնազարյանին բացարձակապես դուր չի գալիս ժողովրդի այսօրվա լռությունը։ Ասում է՝ այս լռությունը վատ լռություն է. նման է «անդորրի՝ փոթորկից առաջ»։ Քաղաքագետն արձանագրում է կուտակված դժգոհությունը, իշխանության հանդեպ դժգոհության աճը և հույս ունի, որ այս բացասական էներգիան ծանր հետևանքներ չի ունենա։

Քաղաքագետի խոսքով՝ շատ հնարավոր է, որ իշխանության բռնաճնշումները գեներացնեն «մեծ պայթյունը» հասարակության մեջ։

«Հանրության այս տրամադրություններով, հանրային այս դժգոհությամբ և ժողովրդի այն վտանգավոր լռությամբ, որի մասին քիչ առաջ ասում էի, ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ 5 տարի էսպես կշարունակվի։ Վստահ եմ, որ լինելու է այդ «պայթյունը», կամ էլ ժողովրդին կոտրելու են վերջնականապես, և չենք ունենալու պայքարող ժողովուրդ, հետևաբար նաև՝ պետություն»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ քաղաքագետը կանխատեսում է. «Մեզ լուրջ փոփոխություններ են սպասվում»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930