ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիր. Պատմական ճեղքո՞ւմ, թե՞ 2015-ի կրկնվող սցենար
Մինչ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական կյանքը հունիսյոթյան ընտրություններից հետո «եռում է», Հայաստանի անմիջական հարևանությամբ աննախադեպ աշխարհաքաղաքական համաձայնություն գրանցվեց։ Թեև այն, ըստ վերլուծաբանների, դեռ փխրուն է, խոցելի, այնուամենայնիվ ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրման փաստը վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություններից մեկն է հավակնում դառնալ։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առցանց տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։ Միջազգային ԶԼՄ-ների արձանագրմամբ, Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո սա ԱՄՆ և Իրանի նախագահների կողմից համատեղ ստորագրված առաջին փաստաթուղթն է։
Վաշինգտոնն ու Թեհրանը նաև հրապարակել են փոխըմբռնման հուշագրի տեքստը։ Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Թեհրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։
«Մենք նրանց գրողի ծոցը կուղարկենք ռմբակոծություններով, եթե նրանք խախտեն համաձայնագիրը»,- Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ չի ցանկանում, որ դա տեղի ունենա։ «Ես ուզում եմ, որ նրանք հարգեն համաձայնագիրը»,- նշել է նա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «արդար չի լինի», եթե Թեհրանը բալիստիկ հրթիռներ չունենա։ Նախկինում Թրամփը խոստացել էր ամբողջությամբ ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռները։
Թեհրանից Իրանի բանակցային պատվիրակությունը գլխավորող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է մեկնաբանել ձեռք բերված հուշագիրը, ասելով, որ այն ամենը, ինչին իրենք ձգտում էին հասնել ռազմական գործողությունների միջոցով, բանակցությունների արդյունքում ստացել են մի քանի անգամ ավելին։ Ղալիբաֆը նաև հայտարարել է, որ Թեհրանը դեռ շարունակում է չվստահել ԱՄՆ-ին, և Իրանի «մատը ձգանի վրա է»։ Իրանի խորհրդարանի խոսնակը պետական Fars հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ նույնիսկ, եթե վերջնական խաղաղության համաձայնագիր լինի, «այն այդուհանդերձ վստահության արժանի չէ»։ «Մեր մատը ձգանի վրա է, և եթե թշնամին չհասկանա տրամաբանության լեզուն, մենք կրկին կդիմենք ուժի լեզվին»,- ասել է նա։
14 կետից բաղկացած փաստաթուղթը շրջանցում է մի շարք առանցքային հարցեր, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի ապագան՝ թողնելով հետագա համապարփակ համաձայնագրին։ 60-օրյա բանակցային ժամկետ է սահմանվում, որի սկիզբը կազդարարվի ուրբաթ օրը Շվեյցարիայում։ Շրջանակային համաձայնագրի տեքստը բաղկացած է 14 կետից, որոնք ներկայացնում ենք ստորև՝
- Ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում,
- ԱՄՆ-ը և Իրանը պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և զերծ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց,
- Կողմերը պարտավորվում են բանակցել և հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ,
- ԱՄՆ-ը «սկսում է անմիջապես վերացնել ծովային շրջափակումը, այն լիովին կվերացվի 30 օրվա ընթացքում,
- Հորմուզի նեղուցում Իրանը կապահովի 60 օրվա ընթացքում առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումը,
- ԱՄՆ-ը պարտավորվում է ստեղծել Իրանի վերակառուցման համար առնվազն 300 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վերջնական, փոխադարձ համաձայնեցված ծրագիր,
- ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանի դեմ բոլոր տեսակի պատժամիջոցները,
- Իրանը վերահաստատում է, որ ձեռք չի բերի կամ չի մշակի միջուկային զենք։ Կողմերը համաձայնել են քննարկել հարստացման հարցը և Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային կարիքներին վերաբերող այլ փոխադարձաբար համաձայնեցված հարցեր,
- Մինչև վերջնական համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ը և Իրանը համաձայն են պահպանել ստատուս-քվոն,
- ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր թույլտվություն կտրամադրի իրանական նավթամթերքների հետ կապված բոլոր ծառայությունների արտահանման համար,
- ԱՄՆ-ը պարտավորվում է օգտագործման համար լիովին հասանելի դարձնել Իրանի սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները,
- Կստեղծվի մեխանիզմ՝ այս հուշագրի «հաջող իրականացումը վերահսկելու համար,
- Ստորագրումից հետո, 1, 4, 5, 10 և 11 կետերի կատարման պայմանով, Միացյալ Նահանգները և Իրանը կսկսեն բանակցություններ վերջնական համաձայնագրի շուրջ,
- Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շրջանակային համաձայնագրի բովանդակությունը սպասելի էր, հավասարակշռված էր, բխում էր կողմերի շահերից։
Ըստ նրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ այս տեքստում պահպանել այն կարմիր գծերը, որոնք հայտարարել էր։
«Նման փուլում մենք կարող ենք գնահատել միայն այս փաստաթղթի տեքստը։ Սա հուշագրի ձևաչափ ունեցող տեքստ է, շատ կարևոր է, թե կողմերն ինչպիսի լրջությամբ կվերաբերվեն դրան և կպահպանեն այն բոլոր կետերը, որոնք դրանում ամրագրված են։ Նման բարդ հակամարտող կողմերի միջև պայմանավորվածություններից հետո առանցքային հարցը հետևյալն է՝ արդյոք կողմերը կպահպանե՞ն այդ պայմանավորվածությունները, թե՞ ոչ։
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ փաստաթղթերի քաղաքական կշիռը ստուգվում է ոչ թե ստորագրման պահին, այլ դրան հաջորդող գործնական քայլերով։ Այս տեսանկյունից անհնար է չհիշել 2015 թվականի Միջուկային համաձայնագրի ճակատագիրը։ Տարիների բարդ բանակցությունների արդյունք հանդիսացող այդ պատմական փաստաթուղթը հեշտությամբ զրոյացավ, երբ 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ դրանից՝ վերականգնելով պատժամիջոցները։ Ուստի, երբ Սպիտակ տանը կրկին Դոնալդ Թրամփն է, պետք է այս շրջանակային համաձայնագրի արդյունքներին մոտենալ զգուշավորությամբ, քանի որ ցանկացած տատանում կարող է տապալել այս առցանց ձեռքբերումը»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա կարծիքով, այնուամենայնիվ ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրից պետք չէ սպասել ակնթարթային ու կայուն խաղաղություն, հատկապես, երբ այս ամենում անուղղակիորեն կա նաև Իսրայելը։
Վերլուծաբանը գտնում է, որ փաստաթուղթը կողմերի համար սահմանում է միայն խաղի ընդհանուր կանոններն ու լարումը նվազեցնելու մտադրությունը։
«Ըստ ամենայնի, առաջիկայում կտեսնենք «քայլ՝ քայլի դիմաց» սկզբունքի կիրառում, սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած չնախատեսված, չծրագրված միջադեպ Մերձավոր Արևելքում կարող է այս փխրուն իրավիճակը չեղարկել։ Իրանի ներքին կյանքի համար սա կարևոր էր, սա կարող է հնարավորություն տալ կայունացնել արժույթը, մեղմել սոցիալական դժգոհությունը և ամրապնդել դիրքերը երկրի ներսում, քանի որ մինչ ԱՄՆ-ի հետ պատերազմն Իրանում ներքին իրավիճակը խիստ անկայուն էր։ Թեհրանը կփորձի օգտագործել այս դադարը սեփական դիվանագիտական մեկուսացումը վերջնականապես կոտրելու և աշխարհի խոշոր տնտեսական կենտրոնների հետ հարաբերությունները, ազդեցությունը վերականգնելու համար»,- ասաց նա։
Այս գլոբալ պայմանավորվածությունը, նրա համոզմամբ, կունենա հետևանքներ նաև Հարավային Կովկասի համար՝ փոխելով ուժերի հավասարակշռությունը։ «Եթե ԱՄՆ-Իրան ներկայիս իրավիճակը բարեհաջող շարունակվի, Իրանը ռեգիոնում կամրապնդվի թե քաղաքականապես, թե տնտեսապես, կսկսի նոր հայտ ներկայացնել ռեգիոնում, մասնակցելով նաև նախագծվող պրոյեկտներին։ Հայաստանի համար սա հնարավորություն կլինի խորացնել Իրանի հետ կապերը։ Սակայն կրկնեմ, որ ամենակարևորը ներկայումս, թե ինչպես կողմերը կպահպանեն պայմանավորվածությունները և ինչպես կհաղթահարեն «քայլ՝ քայլի դիմաց» փուլը հաջորդիվ մեծ համաձայնագիր ստորագրելու փուլին հասնելու համար»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

