«Իրավիճակը պատային է Թրամփի համար, եթե մինչև հունիսի 19-ը կարողացավ կոտրել Նեթանյահուի դիմադրությունը՝ համաձայնագիր կստորագրվի». Միջազգայնագետ

Հունիսի 14-ին ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես նշել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամանակահատվածում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանը։

Դրանից հետո Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների նոր փուլը կսկսվի ուրբաթ օրը՝ Ժնևում փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը խոսելով Իրան-ԱՄՆ բանակցությունների և նախատեսվող համաձայնագրի ստորագրման մասին, նշեց, որ հունիսի 19-ին կարող է և այդ համաձայնագիրը չստորագրվել։

«Իսրայելը երեկ կրկին խախտել է հռչակագրի կետը, որը ստորագրվել էր Իրանի և ԱՄՆ-ի միջև, և հարվածել է Լիբանանին, չնայած նշված էր, որ Իսրայելը զորքը պետք է դուրս բերի, բայց վերջինս հայտարարել է, որ զորքը մնալու է։ Այսինքն՝ այս պահին արդեն իրավիճակը պատային է Թրամփի համար, եթե մինչև հունիսի 19-ը նա կարողացավ կոտրել Նեթանյահուի դիմադրությունն, ապա այդ դեպքում կստորագրվի, եթե ոչ՝ չի ստորագրվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այս գործընթացների ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, Գրիգոր Բալասանյանն ասաց՝ Իրանը ցույց է տալիս, որ եթե պետությունը, ժողովուրդը պայքարում է իր անկախության, տարածքային ամբողջականության, սուվերենության համար, ապա էական չէ, թե իր դիմաց ով է, էականն այն է, որ այդ պետության կողքին կանգնում են ու աջակցում են, եթե պայքարն արդար է։

«Իրանը ցույց տվեց այս ամենի կլասիկ օրինակը, որ կարելի է պայքարել անգամ միջուկային գերտերության ու համար մեկ տերության դեմ, ինչպիսին Միացյալ Նահանգներն է։ Իրանը ցույց տվեց, որ եթե Մերձավոր Արևելքում չպետք է լինի Իրանը, ապա ո՞ւմ է պետք նման Մերձավոր Արևելք, և սկսեց մոխրի վերածել բոլոր այն դաշնակիցներին, որոնք Միացյալ Նահանգներն ուներ Պարսից Ծոցում։ Սա նաև Հարավային Կովկասի պետությունների համար պետք է լինի հստակ ազդակ, եթե Իրանը հարվածում է իր հետ բարեկամական կապեր ունեցող Օմանին, ապա Հարավային Կովկասի պետությունները չեն կարող խուսափել Իրանի, այսպես ասած՝ բարկությունից, եթե Աստված ոչ անի, կայացվեն որոշումներ, որոնք դեմ լինեն նրան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, միջազգայնագետը նկատեց՝ այն բացառապես տնտեսական նախագիծ է, և դրա մասին եռակողմ համաձայնագիրը՝ Հայաստանի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև, ըստ էության համաձայնագիր է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի։

«Այդ համաձայնագրում էլ հստակ նշված էր, որ կողմերը որևէ իրավական պարտավորություն չունեն միմյանց նկատմամբ, սա ուղղակի գործարք է երեք պետությունների միջև, բայց չգիտես ինչու, միայն մեկ պետության պարտավորվածությամբ։ Չի հասկացվում, թե Ադրբեջանն ինչպես է մասնակցելու ԹՐԻՓՓ-ին, օրինակ, Գորիսից հետո Ադրբեջանը ճանապարհը որ հատվածով է  անցնելու և ուր է դուրս գալու։

Հեռու եմ այն մտքից, որ Աստված ոչ անի, եթե որևէ ռազմական գործողություն տեղի ունենա, ապա Թրամփը կամ ԹՐԻՓՓ-ը կարող են այդ գործողությունները կանգնեցնել։ Միացյալ Նահանգները չկարողացավ նույնիսկ մեկ պղանձաձուլական գործարանի կառուցում պաշտպանել Երասխում ադրբեջանական կրակոցներից։ Սա նշանակում է՝ Թրամփը մտադրություն էլ չունի խորանալ որևէ խնդրի մեջ և իր համար հավելյալ խնդիր ստեղծել Հարավային Կովկասում։ Մերձավոր Արևելքը բավարար է Թրամփին, որտեղ դեռևս հասկանալի էլ չէ, թե ինչպես է լինելու»,- շեշտեց Գրիգոր Բալասանյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 2020 թվականի Արցախի  44-օրյա պատերազմի ժամանակ Թրամփն ԱՄՆ նախագահն էր և պատերազմը չկանգնեցրեց, միայն հայտարարեց, որ հայերին ճանաչում է և լավ ժողովուրդ են։ Հետևաբար՝ հույս ունենալ, թե գերտերության ղեկավարը կարող է կանգնեցնել հնարավոր պատերազմը Հարավային Կովկասում, հեքիաթի ժանրից է։ Յուրաքանչյուր պետություն պետք է ինքը մտածի իր անվտանգության մասին, և այդ պետության քայլերը պետք է մտածված լինեն։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ էին հասցրել Իրանին։ Իրանն էլ իր հերթին՝ պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Շաբաթներ անց, ապրիլի սկզբին, ԱՄՆ նախագահը համաձայնել էր երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարձակումները, Թեհրանն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում՝ իր կողմից առաջարկած 10 կետերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930