Փաշինյանն իբր ուզում է «խայթել» ընդդիմադիր ուժերին, բայց գործնականում ուղղակիորեն զրպարտում ու վիրավորում է շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիների. «Փաստ»
Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց հետևյալը. «Ես գիտեմ մի բան՝ ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%ով ընտրակաշառքով քվե»: Ապա հավելեց. «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»:
Դեռ մի կողմ դնենք հարցը, թե որքանով են «օրգանիկ» ՔՊ-ի օգտին տրված քվեները: Այստեղ առանցքայինը ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Փաշինյանի հայտարարության երկրորդ հատվածն է: Այն է՝ բոլորը, ովքեր հունիսի 7-ին քվեարկել են ոչ թե ՔՊ-ի, այլ մյուս ուժերի, առավել ևս՝ ընդդիմադիր հիմնական երեք ուժերի օգտին, կաշառակերներ են, ընտրակաշառք վերցնողներ: Փաշինյանն իբր ուզում է «խայթել» ընդդիմադիր ուժերին, բայց գործնականում ուղղակիորեն զրպարտում ու վիրավորում է շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիների: Ընդգծենք. նման հայտարարությունը չի կարող լղոզվել «քաղաքական գնահատական», «կարծիք», «ենթադրություն» որակումներով կամ «կռուտիտներով»:
Հատկապես, եթե նկատի ունենանք հայտարարողի կարգավիճակը՝ «ՀՀ վարչապետ», և այն, որ դա ասվել է պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ:
Փաշինյանը հնչեցրել է որոշակի, պարզորոշ ու ընկալելի ձևակերպված, երկիմաստության տեղ չթողնող, կոնկրետ արտահայտություն (մեղադրանք):

