Ընտրություն՝ առանց մանևրի ընդարձակ դաշտի. Ինչպես են հյուսիսի, հարավի և արևմուտքի մարտահրավերները սեղմվում Հայաստանի շուրջ

Մինչ Հայաստանում նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթն ընթանում է ներքաղաքական ծայրահեղ շիկացած մթնոլորտում՝ զուգահեռվելով Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների ու Մոսկվայի կոշտ հռետորաբանության հետ, Հայաստանի անմիջական հարևանությամբ ծավալվում են առանցքային աշխարհաքաղաքական գործընթացներ։

ԱՄՆ-ը ու Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին պատերազմից հետո միջնորդների օգնությամբ փորձում են պայմանավորվել, ազդել միմյանց դիրքորոշումների վրա, սակայն ԱՄՆ-Իրան միջնորդավորված երկխոսությունն անընդհատ տարբեր պատճառներով բախվում է միմյանց մաքսիմալիստական պահանջներին։ Վաշինգտոնն այս փուլում Թեհրանից կտրուկ զիջումներ է պահանջում։ Axios-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, գրում է, թե Թրամփը փոփոխություններ է պահանջել Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի նախագծում՝ պահանջելով հստակեցնել Իրանի հարստացված ուրանի՝ ԱՄՆ-ին հանձնման ժամկետներն ու մեխանիզմները, ինչպես նաև վերանայել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման ձևակերպումները։

Զուգահեռաբար, The New York Times-ը փաստում է, որ ամերիկյան առաջնորդն արդեն խստացրել է գործարքի պայմանները՝ կապված իրանական ակտիվների ապասառեցման կետերի հետ, ընդ որում՝ Սպիտակ տանը բացահայտ դժգոհություն կա Թեհրանի դանդաղ արձագանքից։ Չնայած ավելի վաղ շրջանառվող տեղեկություններին, թե կողմերը քննարկում էին Իրանի համար 300 միլիարդ դոլարանոց միջազգային ներդրումային ֆոնդի ստեղծումը, և Վաշինգտոնում պահպանվող լավատեսությանը, մայիսի 29-ին Թրամփի հրավիրած Ազգային անվտանգության թիմի երկժամյա հրատապ խորհրդակցությունն այդպես էլ վերջնական որոշմամբ չի ավարտվել։ Իրանի ԱԳՆ-ն, հաստատելով շարունակվող շփումները, միևնույն ժամանակ համառորեն պնդում է, որ ընթացիկ բանակցությունները կենտրոնացած են բացառապես պատերազմի դադարեցման վրա և չեն առնչվում իր միջուկային ծրագրին»։

Ի պատասխան՝ Թեհրանն ունի պլան՝ բաղկացած 10 կետից, որով պահանջում է բոլոր պատժամիջոցների լիակատար չեղարկում, սառեցված միջոցների ազատում, Լիբանանում և բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ իր ինքնիշխանության ճանաչում։

Կարդացեք նաև

Բանակցությունների այս փուլը ձախողվում է, քանի որ կողմերի ռազմավարական նպատակները խիստ հեռու են ընդհանուր հայտարարից։ Հունիսի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ «Լիբանանում հրադադարի խախտումը նշանակում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում», և հայտարարեց բանակցություններին Իրանի մասնակցության կասեցման մասին՝ ի նշան բողոքի Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ։ Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած լրատվամիջոցները շեշտեցին, որ Իրանի համար ավելի լավ է «վատ գործարք» չունենալ, քան ընդունել ազգային շահերին հակասող պայմաններ։

Սակայն Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հաստատեց, որ Վաշինգտոնը պատրաստ է «լռության ռեժիմի»՝ հավելելով.

«Մենք չափից շատ ենք խոսել… Դա չի նշանակում, որ պատրաստվում ենք անմիջապես ռումբեր նետել, բայց մենք կպահպանենք ծովային շրջափակումը»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում էլ ասել է, որ ակնկալում է՝ Իրանի հետ հրադադարը երկարաձգելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու համաձայնագիրը ձեռք կբերվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Իսկ Truth Social-ում կատարած գրառմամբ Միացյալ Նահանգների նախագահը հավաստիացրել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են։

Գրառման անհրաժեշտությունն առաջացավ ամենայն հավանականությամբ այն բանից հետո, երբ երեկ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդեց, թե Իրանի բանակցային թիմը դադարեցնում է միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով։ Այս ֆոնին արևմտյան մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Թրամփը կոշտ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ, որից հետո հրապարակային վստահեցրել է, որ Իսրայելը չի հարձակվի «Հըզբոլլահ»-ի վրա։

Այսպիսով, ԱՄՆ-ը, հենվելով իր տնտեսական ճնշումների և Իրանի նավահանգիստների շրջափակման վրա, փորձում է կորզել առավելագույն զիջումներ միջուկային ծրագրի մասով։ Իրանը, որն արդեն իսկ ունի կորուստներ նախորդող ռազմական հարվածներից, այնուամենայնիվ, դատելով հայտարարություններից, չի կարող գնալ միակողմանի զիջումների, քանի որ դա կդիտարկվի՝ որպես կապիտուլյացիա։ Թեհրանի քաղաքական էլիտան, չնայած ներքին տնտեսական բարդ վիճակին, ընտրել է դիմադրության և այլընտրանքային ցամաքային ու ծովային առևտրային երթուղիների զարգացման ճանապարհը՝ փորձելով շրջանցել ամերիկյան բլոկադան։

Ստեղծված իրավիճակն անմիջական և բազմաշերտ ազդեցություն է թողնում Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացումը և սահմանափակումների երկարաձգումը մեծացնում են տարածաշրջանային անվտանգային ռիսկերը։ Թեհրանի ուշադրության և ռեսուրսների կենտրոնացումը Մերձավոր Արևելքում ընթացող «պրոքսի» պատերազմների և ԱՄՆ-ի հետ դիմակայության վրա կարող է ժամանակավորապես թուլացնել նրա ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում, ինչից կարող են օգտվել տարածաշրջանային այլ խաղացողներ՝ սեփական օրակարգերն առաջ տանելու համար։ Միևնույն ժամանակ, Իրանի կողմից աշխարհաքաղաքական շրջափակումը ցամաքային երթուղիներով ճեղքելու փորձերը մեծացնում են տարածաշրջանի տրանսպորտային միջանցքների, այդ թվում՝ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների ռազմավարական նշանակությունը Թեհրանի համար։

Վերլուծելով զարգացումները՝ մոտակա ժամանակահատվածում պետք չէ սպասել ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման կամ խոշոր համաձայնագրի ստորագրման։ Կողմերը երկարատև հյուծող դիմակայության փուլում են, որտեղ Վաշինգտոնը կշարունակի խստացնել տնտեսական ու ռազմական պատժամիջոցները (ինչպես մայիսի վերջին ԻՀՊԿ-ի նավթային ցանցերի դեմ սահմանված նոր պատժամիջոցներն են), իսկ Իրանը՝ դիմադրել տարածաշրջանային դաշնակիցների և այլընտրանքային առևտրային գործընկերների միջոցով։ Սա նշանակում է, որ Հարավային Կովկասը շարունակելու է գտնվել բարձր տուրբուլենտայնության գոտում։

Այսպիսով, ԱՄՆ-Իրան բանակցությունների տապալումը Երևանի համար ստեղծում է արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավեր։ Հայաստանը կանգնած է բազմաշերտ երկընտրանքների խաչմերուկում. մի կողմից՝ անհրաժեշտ է պահպանել կենսական ու բարիդրացիական կապերն Իրանի հետ, մյուս կողմից՝ ՀՀ ներկայիս իշխանությունները խորացնում են Վաշինգտոնի հետ կապերը, այն ներկայումս արդեն ձևակերպելով՝ որպես համապարփակ ռազմավարական հարաբերություններ։

Այս ամենը զուգահեռվում է նաև ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական ու քաղաքական բարդ ընտրության հետ։ Արդյունքում, Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ բոլոր արտաքին վեկտորներով ստիպված է մանևրել փոխբացառող շահերի միջև։ Ստեղծված աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում Երևանի գլխավոր խնդիրն է դառնում սեփական անվտանգային շահերի պաշտպանությունը և թույլ չտալը, որ երկիրը վերածվի գերտերությունների բախման հարթակի։ Սակայն այստեղ էականն այն է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործնականում արձագանքում ԵՄ-ԵԱՏՄ աշխարհատնտեսական երկընտրանքին կամ ինչ մասնակցություն է ունեցել այս ընտրանքի ձևավորման հարցում։

Մոսկվայի կողմից բանեցվող քաղաքական ու տնտեսական ակնհայտ ճնշումները՝ սկսած դեպի Ռուսաստան հայկական արտահանման խոչընդոտներից՝ մինչև քաղաքական կոշտ հայտարարություններ, արդեն իսկ լրջագույն մարտահրավերների առաջ են կանգնեցրել Հայաստանի տնտեսությունը։ Ուստի, տեսնելով ներկայիս իշխանության գործելաոճը, արտաքին քաղաքականությունը, ճգնաժամերը կառավարելու ունակությունը, բարդ չէ գուշակել, թե ինչ սցենարով կարող է ընթանալ իրավիճակը, եթե ԱՄՆ-Իրան ճգնաժամը մոտ ապագայում չկարգավորվի, իսկ դերակատարները պայքարը փորձեն այլ ուղղություններ տեղափոխել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930