Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Պուտինը. հայկական կողմը` հեռախոսազրույցի մասին
Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենայն հավանականությամբ առաջիկայում կհանդիպեն։ Սա է հետևում ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունից։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով, ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ, երկու երկրի ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»,– ասված է Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։



