Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում
Հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Օհանյանը անժամկետ նստացույց է սկսել՝ պահանջելով ազատ արձակել Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսպիյանին։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Ես նստացույց եմ սկսում ու այստեղ եկել եմ որպես քաղաքացի, ու որևէ քարոզարշավ կամ այլ քաղաքական գործընթաց չի կարող խանգարել։ Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական ուժեր իմ այս քայլը կփորձեն օգտագործել դիվիդենտ հավաքելու համար, բայց դա բացառվում է։
Իմ նստացույցին կարող են միանալ նրանք, ովքեր ինչ-որ քարոզչամեքենա չեն կիրառելու ու քարոզարշավը չեն բերելու այստեղ։ Ես Արթուր Օսիպյանին չեմ ճանաչում ու 2 օր առաջ էլ իմացա, որ նա 2 անչափահաս երեխա ունի։ Փաստորեն նա կալանավորվել է զուտ այն բանի համար, որ Արցախից տեղահանված է ու համարձակվել է վարչապետի թեկնածուին հարց ուղղել»,- ասաց Օհանյանը։
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։
Կալանավորելուց հետո Արթուր Օսիպյանը հացադուլ էր հայտարարել:



