«Մի օր Իսրայելն անպայման կբախվի Թուրքիայի հետ». թուրք փորձագետ
Թուրքիայի Չորում քաղաքում «Ազգայնականություն և Պաղեստին» թեմայով անցկացված գիտաժողովում թուրք գրականագետ և բանախոս Ումիթ Շենգյունը հանդես է եկել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններին առնչվող հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շենգյունն ընդգծել է, որ Թուրքիան պատմական, մշակութային և կրոնական խորը կապեր ունի Պաղեստինի ու Երուսաղեմի հետ, ապա հավելել. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիայի Հանրապետության տարածքներն են: Օրերից մի օր Իսրայելն անպայման բախվելու է Թուրքիայի հետ»։
Բանախոսը հիշեցրել է թուրք ծայրահեղ ազգայնական առաջնորդների դիրքորոշումները։ Մասնավորապես մեջբերել է իշխանության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ներկայիս ղեկավար Դևլեթ Բահչելիի խոսքերը. «Իսրայելը համաշխարհային իմպերիալիզմի վարձու մարդասպանն է»:
Ըստ Շենգյունի՝ թուրք ազգայնականները պարտավոր են լինել Պաղեստինի կողքին՝ ընդդեմ Իսրայելի։ Նա նաև պնդել է, որ Օսմանյան կայսրության անկումից հետո Իսրայելը պարբերաբար ընդլայնել է իր տարածքները, իսկ միջազգային կառույցները չեն կարողացել կանխել դա:



