Մի օր էլ կվերացնեն Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ բանակի օրհներգ հռչակված «Երազ իմ երկիր հայրենի» երգը. Գեղամ Մանուկյան
Մայիսի 28-ին կայանալիք զորահանդես-հաշվետվության շրջանակում «ջրի երես» դուրս եկավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են փոխել ՀՀ ԶՈՒ զինանշանը, քանի որ Հանրապետության հրապարակում տեղադրված պաստառներում պատկերվածը զգալի տարբերվում է:
Զինանշանի առաջարկվող տարբերակում առկա է ՀՀ եռագույնը, դրա վրա՝ Նիկոլ Փաշինյանի «մշակած» ՀՀ քարտեզը, պատկերված է նաև արծիվ՝ մի ձեռքում՝ սուր, մյուսում՝ խաչ, այսինքն, փոխվել է խաչի տեղը:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական զինանշանի վրա պատկերված է ՀՀ դրոշը՝ առանց «իրական Հայաստանի» քարտեզի:
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտոնական զինանշանը հաստատվել է 2001 թվականի հունվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Զինանշանը պատկերված է վերևում` ուղղանկյուն, ներքևում` կիսաշրջանաձև վահանի վրա: Վերին եզրում հորիզոնական կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևում` կիսաշրջանին համապատասխան` կապույտ գույնով՝ «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» բառերը:
Վահանի մնացյալ դաշտը զինանշանային (հերալդիկ) տարրերով կազմված է հետևյալ պատկերային մասերից. կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ` գլխով դեպի աջ շրջված, արծվի յուրաքանչյուր թևը բաղկացած է յոթական փետուրից (7 թիվը խորհրդանշում է արարչական շաբաթվա օրերի թիվը, կարող է արծվի գլխի հետ հասկացվել նաև պատմական Հայաստանի 15 նահանգները):
Արծիվն իրականացված է մուգ կապույտ գույնով և կենտրոնական կերպար է զինանշանի վրա: Խոհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք: Իհարկե, այդ բոլոր հատկանիշները բնութագրական են երկրի պահապան բանակին:
Արծվի գլուխը պատկերված է արևի կլոր սկավառակի վրա, որը նույնպես իմաստավորվում է. քանի դեռ կա արևը, կլինեն նաև Հայաստանն ու Հայոց զինված ուժերը: Արևի ճառագայթների վրա արծվի թևերի բացվածքի մեջ պատկերված է Հայաստանի պետական խորհրդանիշ եռագույն դրոշը, որը հավաստում է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո:
Արծվի մարմինը կազմում է հայկական կլոր վահանը` իրականացված ծիրանագույնի մուգ ու բաց երանգներով: Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են:
Վահանի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, որ մեր քրիստոնեական ժառանգորդության ու հավատի առհավատչյան է:
Զինանշանային վերջին տարրը սուրն է:
Այն հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ: Աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում` սրի ծայրահատվածը:
Սուրը խորհրդանիշն է մշտարթուն վիճակի և հանուն հայրենյաց պատրաստ է իջնել թշնամու գլխին: Զինանշանային պատկերագրության առումով, իր երևացող հատվածներով, սրի մասերը նաև խորհրդանշում են արծվի ճանկերը` ամբողջացնելով արծիվ-զինված ուժեր խորհրդանիշը:
ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ, գործող իշխանություններն ինչպես ցանկացած մնայուն, ինստիտուցիոնալ գաղափար, կառույց ապականում են, և հիմա հերթը հասել է ՀՀ ԶՈւ զինանշանին:
«Մինչդեռ մեր երկրի ամենալայն ինստիտուցիոնալ կառույցին վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ առանց մասնագիտական քննարկումների նման քայլի դիմելն առնվազն խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը ներկայացնող ՔՊ-ն ՀՀ զինված ուժերն իրենց կուսակցական գրասենյակներից մեկն է դիտում, և ոչ թե համահայաստանյան և համաժողովրդական կառույց: Չեմ ցանկանա գեղագիտական բոլոր մանրամասների մեջ խորանալ, որովհետև ամեն մի դետալն արդեն խնդրահարույց է՝ և՛ վահանի, և՛ խաչի, և՛ թևերը պարզած արծվի գաղափարը, որն ամբողջությամբ «վերմակի մեջ տեղավորվելու» իրենց քաղաքականության մեջ է, ավելին, զինանշանի վրա էլ ճպցրել են քարտեզի մի ուրվագիծ: Սրանք ՀՀ պաշտոնական բոլոր փաստաթղթերով՝ Սահմանադրություն, զինանշանի և օրհներգի մասին օրենքներ, ՀՀ պետական ատրիբուտներից որևէ մեկը չի, այլ ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի պատկերացումների հետ: Եթե այսպես շարունակվի, դրանք, թերևս, նաև վերացնեն ՀՀ ԶՈւ օրհներգը՝ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ բանակի օրհներգ հռչակված «Երազ իմ երկիր հայրենի» երգը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գեղամ Մանուկյանը:

Մենք փորձել ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզել՝ արդյո՞ք այս փոփոխությունները ներառող մշակված էսքիզ կա, ի՞նչ գաղափար է դրված այս փոփոխություններից յուրաքանչյուրի ներքո: Օրինակ, ՀՀ ԶՈւ պաշտոնական զինանշանում սուրը հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ, և աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում` սրի ծայրահատվածը, իսկ զորահանդեսի շրջանակում շրջանառվող տարբերակում սուրն արծվի ձեռքում է՝ սրի ծայրահատվածը դեպի վեր, կամ՝ ինչ տրամաբանությամբ է փոխվել խաչի տեղը:
Պաշտպանության նախարարությունից դեռ չեն պատասխանել, պատասխանը ստանալուն կհրապարակենք:
Իսկ մինչ այդ հիշեցնենք նմանատիպ մեկ այլ դրվագ: 2020 թվականի հունվարին շրջանառվել էր ՀՀ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակ, որն ընկալվել էր՝ որպես ՀՀ ԶՈւ զինանշան, և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվել՝ «մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն, որ հայկական խաչերը դեռ ուրարտական շրջանից եղել են ծաղկող, իսկ կելտականը՝ համադրություն է սկանդինավյան Թորի և Օդինի տարբերանշանների», և այլն:

Իսկ, որ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի մասին քննարկում կա, պարզ էր դարձել Բանակի օրվա տոնակատարության համատեքստում, քանի որ այն տպված էր հրավիրատոմսի վրա:
Այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը 168.am-ի հետ զրույցում նշել էր.
«Այդ էսքիզը տեսել եմ այլ օգտատերերի էջերում, մասնագիտական քննարկումներ են եղել տարբեր դիզայներների շրջանում, որտեղ մարդիկ իրենց դիտողություններն էին արտահայտում՝ թե՛ էսթետիկ տեսքի, թե՛ թերությունների մասին: Քննարկումները, իհարկե, արդյունավետ են, որովհետև տարբեր տեսակետներ են հնչում: Առաջին անգամ է օգտագործվել՝ որպես տարբերանշան, որի նպատակն այն է, որ լսվի հանրության կարծիքը: Ոչինչ չի խանգարում դիզայներներին՝ իրենց առաջարկներով դիմել ՊՆ-ին»:
Իսկ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում էր տարածել, որ խոսքը ԶՈւ զինանշանի մասին չէ:
«Սա ՀՀ ԶՈւ-ի զինանշանը չէ, այլ՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակը։
Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։
.Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ:
2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։
3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»:
Հետո հրապարակավ այս խոսակցությունները մարեցին:
Վերադառնանք զինանշանին, և մի ներքաղաքական դիտարկում անենք, հատկապես, երբ ՊՆ պաշտոնական պատասխան չունենք:
ՀՀ ԶՈւ զինանշանը ժամանակին հաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր որպես ՀՀ վարչապետի թեկնածու՝ մասնակցում է ԱԺ ընտրություններին, և Նիկոլ Փաշինյանը հենց ընտրություններից առաջ է նոր զինանշանը շրջանառության մեջ դնում, ինչը, կամա թե ակամա, դառնում է քաղաքական պայքարի «առարկա»:



