Պետք է ՀՀ-ն դուրս բերել թուրքական թակարդից, փորձում են աջակցել ՀՀ իշխանություններին. Մելքոնյան
Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները Հայաստանին մեկ ամբողջություն են, և դա այդպես չդիտարկելը սխալ է, իսկ դիվանագետների կամ քաղաքական ղեկավարների պարագայում՝ կոպտագույն և ճակատագրական սխալ երկրի համար։ Այս մասին «Նախընտրական Հայաստանը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում» խորագրով փորձագիտական պանելային քննարկման ընթացքում ունեցած իր ելույթում նշել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով «Թուրքիայի ռազմավարության մարտավարական դրսևորումները նախընտրական Հայաստանում» թեմայի շուրջ։
Թուրքագետի խոսքով՝ անզեն աչքով նկատվում է, որ Անկարան և Բաքուն Հայաստանի հարցում գործում են համաձայնեցված և սինքրոն։
«Թուրքայի ռազմավարությունը Հայաստանի հանդեպ մշակվել, ամրապնդվել և կարծրացել է տասնամյակների ընթացքում ու բնութագրվում է՝ որպես մաքսիմալ կոշտ։ Դա դրսևորվել է ոչ միայն հռետորաբանությամբ, այլև ռազմական, քաղաքական, տնտեսական ագրեսիայի տեսքով՝ ընդդեմ Հայաստանի։
Արդյոք այն ներկայումս փոխվե՞լ է՝ հարցին մասնագիտական պատասխանն է՝ ոչ, քանի որ Թուրքիայի քաղաքականության խորքային ուղղությունների մեջ որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել, իսկ այն, ինչ արձանագրվել է, կոշտ ռազմավարության ժամանակավոր քողարկումն է մեղմ մարտավարությամբ, որը որևէ կերպ չի վնասում թուրքական կարծր քաղաքական գիծը, սակայն կարողանում է տպավորություն ստեղծել Թուրքիայի քաղաքականության թվացյալ մեղմացման փոփոխության վերաբերյալ, որն էլ ավելի թեժ ու բուռն տարածվում է Հայաստանում՝ ներկայիս իշխանության և նրա քարոզչական ողջ գործիքակազմի միջոցով, որի մեջ ոչ միայն լրատվամիջոցներն են, այլ նաև մերձիշխանական քարոզիչ-փորձագետները, ՀԿ հատվածի ներկայացուցիչները և այլք»,- բացատրեց թուրքագետը։
Ռուբեն Մելքոնյանը շեշտում է՝ մասնագետների շրջանում հայտնի փաստ է, որ Թուրքիան իր «ուժի քաղաքականության» մեջ կոշտ ուժը համադրում է փափուկ ուժի հետ, և ըստ նպատակահարմարության՝ դրանց տեղերն ու դիրքերը փոխվում են։
«Ներկայումս, հատկապես Հայաստանի ընտրական գործընթացներին ընդառաջ և արդեն նախընտրական փուլում մենք տեսնում ենք Թուրքիայի մեղմ մարտավարության բացահայտ դրսևորում, որը միտված է վերոնշված թյուր տպավորության ստեղծմանը՝ առանց խորքային կոշտ ռազմավարության փոփոխության, և եթե նայենք Թուրքիայի ձեռնարկած քայլերին, ապա կտեսնենք, որ դրանք բոլորը մակերեսային ու սիմվոլիկ բնույթի են»,- հավելեց պրոֆեսորը։
Օգտագործելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի բառը՝ Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է՝ Թուրքիան ներկայումս Հայաստանի հանդեպ կիրառում է կա՛մ սիմվոլիկ, կա՛մ ավելի ճիշտ՝ «կոսմետիկ» մեղմ քայլերի քաղաքականություն, հատկապես այս նախընտրական փուլում, սակայն դրա դիմաց շարունակելով պահանջել Հայաստանի կողմից լրջագույն, ինքնութենաստեղծ, ռազմավարական, գաղափարախոսական և այլ կարևոր զիջումներ։
Մասնավորապես, Հայաստանը զիջում է կամ պատրաստվում է զիջել թուրքական պահանջներով ներկայացված՝ Սահմանադրությունը փոխելու, ազգային խորհրդանիշ Արարատ լեռից հրաժարվելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվության դադարեցման և այլ կարևոր հարցերում և դրա դիմաց ստանում է պայմանականորեն ասած՝ Անիի պատմական կամուրջը համատեղ վերանորոգելու խոստում։
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ներկայիս դիվանագիտությունը կարելի է բնորոշել հետևյալ կերպ՝ «զիջում ես կարևորը, ստանում ես կոսմետիկը»։
«Թուրքիան միշտ հետաքրքրվել է Հայաստանի ընտրություններով, բայց նախկինում եղել է պասիվ դիտորդի դերում, իսկ հիմա ձեռք են բերել գործելու ազատություն, հիմա գերակտիվ են։ Բավական է նայել տարբեր պաշտոնյաների բացահայտ հայտարարությունները՝ սկսած արտգործնախարար Հաքան Ֆիդանից մինչև Ադրբեջանի դեսպանի, տարբեր այլ դիվանագետների հայտարարությունները, որոնք մի կողմից՝ ինքնավստահ տոնով ներկայացնում են գործողությունների հերթականությունը հետընտրական Հայաստանում՝ կանխատեսելով, որ Սահմանադրությունն է փոխվելու։ Ի դեպ, զարմանալի է, որ իրենց ինքնիշխանության ջատագով հռչակած իշխանությունները Հայաստանի լուռ հետևում են սրան և որևէ կերպ չեն արձագանքում, իսկ մյուս կողմից՝ թուրք պաշտոնյաները հայաստանյան գործող իշխանություններին ուղիղ կամ անուղղակի աջակցելու քայլեր ու հայտարարություններ են անում։
Այս ամենը խոսում է այն մասին, որ ներկայիս իշխանությունները կա՛մ չեն ընկալում, կա՛մ չեն ուզում ընկալել թուրքական դիվանագիտության ոճը, խնդիրները, նպատակները, և իրենց անխոհեմ քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է թուրքական դիվանագիտական թակարդի մեջ, իսկ թակարդում շարժվելը և գործելու հնարավորությունները խիստ սահմանափակ են»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։
Պանելային քննարկումը կազմակերպել է Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնը։



