Մարդիկ պետք է հասկանան, որ այդ գյուղերի զիջման գործընթացն ընդամենը «պաուզայի» վրա է. Արմեն Մանվելյան
Ադրբեջանը փաստացի չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ հետաքրքրված լինելով Հայաստանի հետ սահմանազատում իրականացնել միայն այն հատվածներում, որտեղ իրենք հավակնություններ ունեն ներխուժելու ՀՀ տարածք և վերահսկողություն հաստատելու ճանապարհների նկատմամբ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման մասին վերջին օրերի հայտարարությունները։

Սահմանազատման գործընթացի հետ կապված՝ միջազգայնագետը լուրջ մտավախություններ ունի, որ հայկական և ադրբեջանական կողմերը գաղտնի համաձայնություն են ստորագրել, այսպես կոչված՝ «անկլավների» վերաբերյալ։
«Ադրբեջանական կողմն, այսպես կոչված՝ սահմանազատում է իրականացնում այն ուղղություններով, որտեղ ինքն ունի հավակնություններ։ Ադրբեջանցիները նպատակ են դրել վերցնել Տավուշի, այսպես կոչված՝ «անկլավները»: Իրականության մեջ, ըստ Հայաստանի Սահմանադրության և օրենքների, չկան այդպիսի անկլավներ, բայց ես որքան հասկանում եմ՝ իրենք ունեն գաղտնի համաձայնություն, և հայկական կողմը տվել է իր համաձայնությունը, ցավոք սրտի, այդ անկլավները հանձնելու։ Դրա անուղղակի ապացույցն է նաև այն փաստը, որ իրենք որոշել են գազամուղը մոտ 5.5 կմ դեպի արևմուտք տանել, այսինքն՝ հեռացնել, որովհետև այդ գազամուղի մի մասն անցնում էր հենց այդ «անկլավներով», որոնք նվիրաբերելով Ադրբեջանին՝ մենք նաև նվիրաբերում ենք նրանց՝ գազամուղի նկատմամբ վերահսկողությունը, իսկ մենք հիշում ենք՝ Արցախում ինչ տեղի ունեցավ, որ նրանք վերահսկողության տակ առան գազամուղը Լաչինում»,- մեկնաբանեց Արմեն Մանվելյանը։
Միջազգայնագետն ընդգծում է, որ Փաշինյանի ռեժիմը շարունակական ճնշման տակ է Ադրբեջանի կողմից և շարունակական զիջումների է գնալու, և նախընտրական այս շրջանում կոչ է անում գիտակցել այս վտանգները և հետևություններ անել. «Մարդիկ, ովքեր հիմա նախընտրական շրջանում են, պետք է հասկանան, որ այս զիջումները հիմա շատ թեթև են գնում, բայց եթե, Աստված մի արասցե, սրանք վերարտադրվեն, ապա Հայաստանի նկատմամբ և՛ ճնշումներն են մեծանալու, և՛ սրանց պատրաստակամությունը՝ էլ ավելի մեծ տարածքներ զիջելու Հայաստանից:
«ՀայաՔվե»-ի ներկայացուցիչը շեշտում է՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակը Հայաստանի ոչնչացումն է, և հավելում, որ այն քաղաքացիները, որոնք կքվեարկեն Փաշինյանի կուսակցությանը, պետք է հասկանան, որ ձայն են տալու Ալիևին և Էրդողանին, այսինքն՝ Հայաստանի ոչնչացմանը։

«Բացեք ցանկացած ադրբեջանական դպրոցական դասագիրք և կարդացեք, որ Հայաստանի ոչնչացումն այսօրվա Ադրբեջանի քաղաքական նպատակներից մեկն է:
Եթե իրենց առաջին դեմքը բացահայտ դա չի ասում, բայց գոնե իր այս վերջին ելույթում, երբ նա Բաքվից Երևան ելույթ էր ունենում, նա հստակ կերպով հայերին կոչեց «սեպարատիստներ», հայ գերիներին՝ «տեռորիստներ», և լրիվ արդարացված էր համարում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանությունը և Արցախի հայաթափումը:
Հայաստանի ոչնչացումն իրենց քաղաքական ծրագրային կարևորագույն խնդիրներից մեկն է, և այդ առումով իրենք ձեռք ձեռքի տված աշխատում են այսօրվա ռեժիմի հետ, ուստի հատկապես այս նախընտրական շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է շատ լավ մի բան հասկանան, որ ցանկացած մեկը, որ ձայն է տալիս գործող ռեժիմին, ինքը փաստացի ձայն է տալիս Ալիևին և Էրդողանին, այսինքն՝ ձայն է տալիս հայերի Հայաստանի ոչնչացմանը։ Սա է փաստը։
Մարդիկ պետք է հասկանան, որ այդ գյուղերի զիջման գործընթացն ընդամենը «պաուզայի» վրա է, այն կանգնեցված չէ, ընդհակառակը, եթե սրանք վերարտադրվեն, այդ գործընթացն էլ է ավելի արագանալու, և թող Սյունիքի բնակիչները, Տավուշի բնակիչները, նրանք, ովքեր պատրաստվում են Նիկոլ քվեարկեն, հասկանան, որ իրենց տունը, իրենց հողը, իրենց երեխաների ապագան թուրքին զիջելու քաղաքականությանն են կողմ քվեարկում, ու թող չկարծեն, թե դա իրենց չի անդրադառնա»,- նշեց Արմեն Մանվելյանը։
Միջազգայնագետը նաև մատնացույց է անում Փաշինյանի վտանգավոր քաղաքականությունը միջազգային գործընկերների հետ՝ հիշեցնելով, որ հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ նախագծի ճանապարհն անցնելու է Միացյալ Նահանգների հետ պատերազմի մեջ գտնվող Իրանի սահմանից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Մանվելյանի խոսքով՝ այս պատերազմի ընթացքում Իրանի հարվածը Նախիջևանին և ըստ որոշ տեղեկությունների՝ նաև օկուպացված Արցախի որոշ տարածքներին՝ զգուշացում էր Ադրբեջանին, որ հաջորդ անգամ ավելի կոշտ կլինի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ սահմանազատման աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են։ Նա նաև նշել էր, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ կողմերը ստորագրել են երեք փաստաթուղթ, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ Սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



