ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանին և Հայաստանին կապում են պարտավորություններ անվտանգության ոլորտում, Եվրոմիությունը Երևանին այս ոլորտում ոչ մի շոշափելի այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ին և Հայաստանին կապում են մի շարք պայմանագրեր, որոնք կանգնած են հանրապետության անվտանգության պահպանության դիրքերում։
«Այդ ճարտարապետության կարևոր տարր է մնում ՀԱՊԿ-ը։ Մեզ համար Երևանի կողմից կազմակերպությանն իր անդամակցության «սառեցումը» պարտավորությունների էությունը չի փոխում։ Դժվար է պատկերացնել, թե ինչով կարելի է փոխարինել նման երաշխիքները։ Ինչպես համոզվեցքինք Երևանում ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովների ընթացքում՝ շոշափելի այլընտրանք ոչ ոք չի առաջարկում», – նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, իր հերթին, ոչ թե կարող է առաջարկել, այլ երկար տարիների ընթացքում իրապես և արդյունավետորեն ապահովում է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը։
Անվտանգության վերաբերյալ ռուս-հայկական համաձայնագրերի թվում Կալուգինը նշել է նաև 1992 թվականի պայմանագրերը՝ ռուս սահմանապահների ուժերով Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության մասին, 1995 թվականինը՝ ռազմաբազայի տեղակայման մասին և 1997 թվականինը՝ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին։
«Մենք հանրապետության գլխավոր առևտրատնտեսական գործընկերն ենք։ 2025 թվականի արդյունքներով նրա արտաքին առևտրաշրջանառության 36%-ը բաժին է ընկել մեր երկրին (այն դեպքում, երբ ԵՄ-ին՝ շուրջ 10%-ը)։ Ռուսական շուկա է մտնում գյուղմթերքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը։ Արտաքին առևտրային հաշվարկների 98%-ն անցնում է ազգային արժույթներով։ Հայաստանում մեկնարկել են հայրենական բիզնեսի տասնյակ նախագծեր՝ 4,2 միլիարդ դոլարի կուտակված ներդրումներով։ Ռուսաստանը էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորն է։ Ընդ որում, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքները և էներգակիրները մատակարարվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով», – եզրափակել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանը Եվրամիությանն անհրաժեշտ է սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար, որոնք այսօր ուղղված են Ռուսաստանի հետ դիմակայությանը։
«Տեսնում ենք, թե ինչպես են դրա համար եվրոպացիները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետությունում արդեն ծավալված են երկու առաքելություններ, որոնք նման են Մոլդովայում ընտրարշավների ժամանակ գործի դրվածներին», – նշել է նա։
«Հայտարարված նպատակները, իհարկե, կարող են վեհ հնչել, բայց գործնականում առաքելությունների նշանակությունն ակնհայտ է՝ ամրապնդել Եվրոմիության վերահսկողությունը հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի և տնտեսության նկատմամբ՝ դրանով իսկ նպաստելով Մոսկվայից կտրմանը», – հավելել է Կալուգինը։
Ինչպես մատնանշել է դեպարտամենտի ղեկավարը, եվրոպական «մասնագետները» ձգտում են բառացիորեն Ռուսաստանից թշնամի «կերտել», ստեղծում են կեղծ պատկերացում, թե իբր Մոսկվան «դեմ է անկախ Հայաստանի կայացմանը»։ Բացի այդ, շարունակել է Կալուգինը, եվրոպացիներն անհիմն կերպով մեղադրում են Ռուսաստանին «հիբրիդային հարձակումների» և հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ, «թեև սեփական խորը ներգրավվածությունը դրանցում ինչ-որ պատճառով այդպիսին չեն համարում»։
«Այո, և ընդհանուր առմամբ, ԵՄ-ն բազմիցս բռնվել է այլ երկրներում ընտրական գործընթացները ղեկավարելու փորձերի մեջ։ Նկատում ենք, թե ինչպես են այս թեզերի տարածմանը միանում որոշ հայկական ԶԼՄ-ներ և պաշտոնյաներ»,- եզրափակել է դիվանագետը։



