Կործանեց Արցախը, ՀՀ ինքնիշխանությունը, 5000 կյանք տվեց. սա հետապնդելու է Փաշինյանին մինչ գերեզման. Զուրաբյան
90-ականներին սկսված շարժման նպատակը եղել է պաշտպանել Արցախի ժողովրդին իրենց բնօրրանից վտարումից և ոչնչացումից։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ շնորհավորելով բոլոր հաղթանակների օրվա առիթով։
«Մենք կռվում էինք ոչ թե ինչ-որ տարածքներ գրավելու կամ Ադրբեջանի դեմ, մենք կռվում էինք մեր ազատության, անկախության և մեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ Նիկոլ Փաշինյանն իր ոճրագործ քաղաքականությամբ մեզ ներքաշեց 2020 և 2023թթ․ պատերազմների մեջ, մեր ժողովրդի մի ամբողջ հատված ենթարկվեց ցեղասպանության և վտարման, բայց մենք պետք է վառ պահենք այդ հաղթանակները, որովհետև դրանք առաջին հերթին խորհրդանշում են մեր կամքը դեպի ազատություն, անկախություն, ինքնիշխանություն»,- ասաց Զուրաբյանը։
Մեկնաբանելով Փաշինյանի երեկվա հայտարարություններն Արցախյան շարժման վերաբերյալ, թե այն եղել է «ճակատագրական սխալ», «ՀՀ-ն ստեղծման առաջին օրվանից գտնվել է թակարդում»՝ Զուրաբյանը նշեց՝ Փաշինյանը փորձում է այնպես ներկայացնել, որ մենք տարածքային նկրտումներ ենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ, ագրեսիա ենք գործել, մինչդեռ մենք ընդամենը պաշտպանել ենք Արցախի ժողովրդին։
«Որ չթողնենք այդ մարդկանց իրենց պատմական հողից, բնօրրանից քշեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը թողեց, ինչ-որ էտապում խրախուսեց այդ նույն ցեղասպանությունը»,- ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահը նաև հիշեցրեց, որ 2008թ․ Փաշինյանը սատարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գովաբանում նրա քաղաքականությունն Արցախյան հարցում, իսկ հիմա ասում է «ճակատագրական սխալ» ու «թակարդ»։ Զուրաբյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Փաշինյանը կործանեց Արցախը, գիտի, որ այդ պատմական մեղքն իր ուսերին է, փորձում է բեռը թեթևացնել՝ նախկինների վրա բարդելով։



