Ներքաղաքական փիա՞ռ, թե՞ պետության շահեր. Արամ Աբրահամյան. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Արահամյանն իր խմբագրականում գրում է. «Գիտեմ, որ ընթերցողներից շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց որպես մարդ ես համերաշխ եմ Ուկրաինայի ժողովրդի հետ, որը 4 տարուց ավելի է՝ դիմակայում է Ռուսաստանի ագրեսիային:
Այդ դիրքորոշումս չի սասանվում այն պատճառով, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ Ուկրաինան հանդես էր գալիս որպես Ադրբեջանի եթե ոչ դաշնակից, ապա՝ շատ հարցերում աջակցող երկիր: Բայց որպես քաղաքական ռեալիզմի կողմնակից, ես շատ կցանկանայի, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Երեւան ու նրա արտասանած ճառերի հետեւանքները նախօրոք հաշվարկված լինեին:
Հայաստանն այն վիճակում չի գտնվում, որ իրեն թույլ տա աշխարհում տեղի ունեցող այս տեկտոնիկ փոփոխությունների պայմաններում հայտնվի ճեղքվածքներից մեկի վրա: Կարծում եմ, հնարավոր էր դիվանագիտական եղանակներով համաձայնեցնել, որ Զելենսկին Երեւանից Մոսկվայի վրա հարձակմամբ չսպառնա, այն էլ՝ մայիսի 9-ին՝ ռուսաստանցիների համար սակրալ նշանակություն ունեցող օրը: Եթե համաձայնեցնելու փորձ չի արվել, վատ է: Եթե արվել է, բայց չի հաջողվել, նույնպես վատ է: Եթե Փաշինյանն ուրախ է, որ նման սպառնալիքներ են հնչել (ինչը նրա, մեղմ ասած, ոչ հասուն ուղեղի դեպքում հնարավոր է)՝ ավելի վատ:
Այն, որ Երեւանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով՝ դրական փաստ է: Պարզապես շատ ցանկալի կլիներ, որ ընդունող կողմն ավելի լավ պատրաստվեր դրան՝ մասնավորապես, ճշտեր օրակարգը:
Օրինակ, պայմանավորվեր, որ գագաթաժողովի շրջանակում Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում չհրավիրեն: Եթե դու քո երկրում տեղի ունեցող միջոցառման օրակարգի վրա չես կարող ազդել, ապա քո ինքնիշխանության մասին պնդումները կասկածելի են: Իհարկե, ենթադրելի է, որ այդ ամենը Փաշինյանին չի էլ հուզում, նրան հետաքրքրում է նախընտրական PR-ը՝ տեսեք-տեսեք, թե եվրոպական լիդերներն ինձ որքան են սիրում, խելքները գնում է ինձ համար: Մանր, գավառական կայֆեր, մի խոսքով:
Իսկ քանի որ քաղցր խոսքերը ձրի են, եվրոպական լիդերներից ոչինչ չի պակասի, եթե իրենց հաճոյախոսություններով նպաստեն այդ PR-ին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այդ առումով առանձնացավ բոլորից՝ պնդելով, որ 8 տարի առաջ Երեւան ոչ ոք չէր գա:
Այսինքն՝ 2018 թվականի Փաշինյանի «թավշյա հեղափոխության» շնորհիվ է, որ եվրոպական լիդերները շփվում են Հայաստանի ղեկավարների հետ: …Ընդհանրապես, որեւէ երկիր այցելելուց առաջ երկրի ղեկավարի սեղանին են դնում այդ երկրի հետ հարաբերությունների հակիրճ պատմությունը: Մակրոնի օգնականները, հավանաբար, այդ հարցում զլացել են»:



