Կառավարությունը Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի 9 համայնք կմիավորի
ՀՀ կառավարությունը մտադիր է Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 9 համայնք միավորել 3-ի մեջ։
Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՏԿԵնախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ Ավետիսյանի` Լոռու մարզում նախատեսվում է միավորել արդեն իսկ խոշորացված Լոռի Բերդ, Գյուլագարակ և Ստեփանավան համայնքները՝ ձևավորելով Ստեփանավան համայնքը, որի մեջ կմտնի 20 բնակավայր։
«Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս համայնքը՝ 28 բնակավայրով։ Վայոց Ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Եղեգիս և Արենի համայնքները։ Եղեգնաձոր համայնքի մեջ կմտնի 32 բնակավայր։
Առաջարկվող ծրագրում ներառված է լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 համայնք։ Համայնքների միավորման այս փուլի ավարատից հետո Հայաստանում դրանց թիվը կկազմի 64։ Կշարունակեն մնալ 7 չխոշորացված համայնք՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք»,- մանրամասնեց Ավետիսյանը։
Ըստ նրա՝ իշխանությունները բազմիցս նշել են, որ շրջանային սկզբունքով միավորումը շատ ավելի արդյունավետ է, քան փնջայինը։ ՏԿԵ փոխնախարարը վստահեցրեց, որ կառավարություն այս քաղաքականությամբ համայնքների վարչական սահմանները մոտեցվում են նախկին շրջանային բաժանման սկզբունքին։
«Միավորումը կնպաստի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և տեղական ժողովրդավարության խորացմանը։ Նախնական քննարկումներ են անցկացվել ավագանու անդամների և համայնքների ղեկավարների հետ, սակայն բնակիչների հետ քննարկումներ դեռ չեն եղել։ Հնարավորության դեպքում դա կարվի մինչև ավագանու նոր ընտրությունները»,– ավելեցրեց Ավետիսյանը։
Նա նշեց, որ խոշորացված համայնքների ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2026 թվականի աշնանը։
ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին։



