Աննա Վարդապետյանը փրկո՞ւմ է ԱԱԾ տնօրենին, թե՞ «անմեղ մանիպուլյացիայի» է դիմել
Ապրիլի 29-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. գործունեության մասին հաղորդումը:
Այս համատեքստում նա անդրադարձել է նաև ուժային կառույցներում արձանագրված դեպքերին:
«2025թ. ՀՀ ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45 տոկոսը պատահարներ են, այլ խոսքով` ոչ հանցագործություններ, իսկ 1221-ը կամ 54,3 տոկոսը՝ հանցագործություններ, այդ թվում` 687-ը կամ 56,3 տոկոսը՝ զինվորական, 534-ը կամ 43,7 տոկոսը՝ այլ հանցագործություններ: 2024 թվականի համեմատ պատահարներն աճել են 265-ով կամ 34 տոկոսով, հանցագործությունները նվազել են 110-ով կամ 8,3 տոկոսով: Ընդ որում, ընդհանուր բնույթի հանցագործությունները նվազել են 82-ով կամ 13 տոկոսով, իսկ զինվորական հանցագործությունների դեպքերը՝ 28-ով կամ 3,9 տոկոսով»,- մանրամասնել է Աննա Վարդապետյանը՝ շեշտելով, որ, մասնավորապես, ՀՀ զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել։
Այնուհետև Վարդապետյանը որոշել է առանձին ներկայացնել 2025թ. ՀՀ զինված ուժերում արձանագրված՝ ծառայության հետ կապված մահվան դեպքերը, բայց դիտմամբ թե պատահմամբ դրանց շարքում հիշատակել է նաև Սահմանապահ զորքերում գրանցված դեպքերը, թեպետ Սահմանապահ զորքերն ԱԱԾ ենթակայության տակ են, իսկ ԱԱԾ-ն էլ ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:
«2025թ. ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ 6 ժամկետային զինծառայող, սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային, այսինքն, ծառայության հետ կապված մահվան ընդհանուր 9 դեպք՝ 2024թ. 27 դեպքի համեմատ:
Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնեական անփութություն՝ 1 դեպք, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդուն մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք: 2025թ. ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66 տոկոսով»,- թվարկել է Աննա Վարդապետյանը:
Այսինքն, Գլխավոր դատախազն ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերում ժամկետայինների մահվան դեպքերը ներկայացնում է ՀՀ ԶՈւ-երում գրանցված դեպքերի շարքում, մինչդեռ այս դեպքում պատասխանատուն ԱԱԾ տնօրենն է և Նիկոլ Փաշինյանը, որին ուղիղ ենթարկվում է Անդրանիկ Սիմոնյանը:
168.am-ը 2025թ. հուլիսին 26-ին՝ «Ժամկետային զինծառայողի ինքնասպանության հերթական դեպքը դարձյալ գրանցվել է Փաշինյանին ուղիղ ենթակա կառույցի զորամասում. ո՞վ է մեղավոր» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է 2025թ. ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողի մահվան դեպքին, երկրորդ դեպքն արձանագրվել էր նույն թվականի հուլիսին: Երկու դեպքն էլ ինքնասպանություն էր:
Ինչ վերաբերում է բանակին, ապա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026թ. հունվարին հայտարարել էր, որ 2025թ. ծառայության հետ կապված ունեցել են մահվան 6 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված:
«2025 թվի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել, զոհվել է 30 զինծառայող, բայց դա չի նշանակում, որ 30 մահը բոլորը զոհեր են։ Խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է։ Եվ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերն են, այդ թվում՝ հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից, տանը, ճանապարհային երթևեկության խախտումների պայմանների բերումով, վթարի բերումով։ Կոչ եմ անում պատգամավոր գործընկերներին, քաղաքական գործիչներին չդառնալ մահվան և ողբի մունետիկ, դա լավ բան չէ»,- մանրամասնել էր Պապիկյանը:
Վերադառնանք Աննա Վարդապետյանին և հիշեցնենք, որ բանակում 2023թ. վերաբերող դեպքերի հետ կապված նա ևս վրիպումներ էր թույլ տվել,այս անգամ՝ ՊՆ-ի պաշտոնական թվից տարբերվող թիվ էր ասվել: Եվ սա անձամբ Դատախազությունն էր ընդունել, որ 54-ի փոխարեն՝ նշվել է 22: Եվ հենց այստեղ նորից վերադառնանք Գլխավոր դատախազի նշած 27 թվին:
2025թ. ապրիլին Աննա Վարդապետյանն անդրադառնալով բանակում դեպքերին՝ նշել էր.
«2024թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, հիշեցնեմ՝ 2023 թվականի թիվը կրկնապատիկ էր՝ 54 դեպք»:
Ի դեպ, ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է. «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող»:
Իսկ հիմա թե Դատախազությունում ինչպես են ընկալում Աննա Վարդապետյանի վրիպումները, շփոթություն առաջացնող ձևակերպումները, կամ՝ արդյո՞ք կընդունեն, թե՞ ոչ, որ դա կարող է մանիպուլյացիայի տեղիք տալ, իրենց խնդիրն է: Մենք ընդամենը փաստեր ենք ներկայացնում, միայն փաստեր:



