«Որևէ տեղեկություն չունեմ, թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ». Ջուջևանի վարչական ղեկավար
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան: Տեղեկությունը հաստատել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այլ մանրամասներ չէր հաղորդել։
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի փոխվարչապետը ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանի և Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է ունեցել Աղվերանում։
SHAMSHYAN.com-ը հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր, ուր նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին:
168.am-ը Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանից հետաքրքրվեց՝ տեղեկություններ ունի՞, Ադրբեջանի փոխվարչապետը գնալո՞ւ է Ջուջևան, բնակիչներն արդյո՞ք պատրաստ են նրան ընդունելու։
Մեր հարցերին վարչական ղեկավարը կարճ պատասխանեց.
«Այդ ամենը բնակչությունը չէ, որ պետք է կազմակերպի, ժողովրդի տրամադրվածության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե Կառավարությունը որոշել է, որ այդպես պետք է լինի, ուրեմն՝ պետք է այդպես լինի, ի՞նչ ասեմ։
Ես որևէ տեղեկություն չունեմ, լրատվամիջոցից եմ այդ լուրն իմացել»։
Հարցին՝ եթե Մուստաֆաևը գյուղ գնա, նրան, որպես վարչական ղեկավար՝ ցույց տալո՞ւ է այն տարածքը, որտեղ նա Խորհրդային Միության տարիներին ապրել է, Համբարձում Պետրոսյանը պատասխանեց.
«Թույլ տվեք այդ հարցին ես չպատասխանեմ»։
Նշենք, որ Շահին Մուսաֆաևը 2022 թվականին ստեղծված հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նախագահն է Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի կողմից այդ պաշտոնը զբաղեցնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։



