Փաշինյանը որոշել է բանակից վերցնել ամրացված շրջանները, որոնցով այդքան հպարտանում է Սուրեն Պապիկյանը

Անցած տարեվերջին՝ «Կիրանցի պատի տակ որոշվել է «զինաթափել» Սահմանապահ զորքերը. Փաշինյանի և ռազմական ղեկավարության համատեղ քաղաքական շոուն» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք Կիրանցում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.

«Այս հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը սկսել են ծառայությունը, բայց նախ սահմանազատումից հետո դուրս են եկել խրամատներից, այսինքն, իրար համար տեսանելի են: Հետո մի իքս պահից եղել է պայմանավորվածություն, և հանել են զրահաբաճկոններն ու սաղավարտները: Երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմատները պետք է լինեն առանց պահունակի»:

Մենք ուշադրություն էինք հրավիրել, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվածության մակարդակը տարբերվում է ՀՀ սահմանապահ զորքերի զինվածության մակարդակից, իսկ դա ունի իր պատճառները:

Մասնավորապես այն, որ 2018 թվականի դեկտեմբերից է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ստանձնել հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղստաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին: Իսկ դրանից առաջ՝ 2017 թվականին, առհասարակ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կառուցվածքում զգալի փոփոխություններ էին իրականացվել, ավելացվել էին առանձին հրամանատարություններ:

Կարդացեք նաև

Ավելին, 2019 թվականին «Արմենպրեսը» գրել էր, որ հենց Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն էր փորձել միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում: Այլ հարց է, որ այդ ժամանակվա ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը դա կարողացել է կանխել: Սա ասում ենք, որպեսզի պատկերացնեք Ադրբեջանի սահմանապահ զորքերի կարողությունը, որն իր ենթակայության տակ ունի արագ արձագանքման ուժեր, որոնք ակտիվորեն մասնակցել են 44-օրյա պատերազմին:

Fip.am-ի փոխանցմամբ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2020 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինությունում կան հետևակի մարտական մեքենաներ (BMP-1/BMP-2), զրահապատ փոխադրիչներ (BTR-60/70/80), համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (122mm 3 T-122), հարձակողական ուղղաթիռներ (24 Mi-35M Hind) և անօդաչու թռչող սարքեր (Medium Hermes 900):

Նույն ինստիտուտի 2021 թվականի ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինությունը համալրվել է «Հերմես 450» և «Հարոպ» տեսակի անօդաչու թռչող սարքերով։ Իսկ 2022 թվականի ուսումնասիրության համաձայն էլ՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինության մեջ ավելացել են օդանավ (Light 40 An-2 Colt ) և անօդաչու թռչող սարքի նոր տեսակ (SkyStriker): 

Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերը մասնակցել են նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ Ջրականի (Ջեբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Զանգելանի (Կովսական) գրավման օպերացիաներին: Սա խոսում է լուրջ փորձառության մասին: Մի առիթով գրել ենք, որ 2020 թվականի պատերազմին մասնակցել է նաև Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության ստորաբաժանումը («Yarasa»): «Yarasa»-ի անձնակազմը 44-օրյայի մարտական գործողությունների ժամանակ գործել է հայկական բանակի թիկունքում և մասնակցել բնակավայրերի գրավմանը, մասնավորապես՝ Կուբաթլիի (Որոտան) հատվածում:

Իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն այս տարվա ապրիլի 27-ին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը կրկնել է վերևում իր հիշատակված վտանգավոր հայտարարությունը՝ նշելով. 

«Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի այդ 12 կիլոմետրը միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած»:

Բայց Փաշինյանն այս անգամ ևս ավելի հեռուն է գնացել և բանակի դերի նվազմանը տանող հերթական մտադրությունն է «գաղտնազերծել»:

«Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակն իր ծառայության մեծ մասն անցկացնում է խրամատներում, դիրքերում, որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն: Իհարկե, հիմա նաև սահմաններին ամրաշինական, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումն այն է, որ X պահի նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերն այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն: Իհարկե, դա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, «դեպի ուր մենք, իհարկե, ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում»:

Հետաքրքիր է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղյա՞կ է սրանից, որ ամրացված շրջանները, որոնցով այս տարիներին կամ այս տարվա փետրվարին հպարտանում էր, կարող են բանակից վերցվել: Ի դեպ, դրանք կառուցված են զինված ուժերի կատարելիք հնարավոր խնդիրները հաշվի առնելով, և դրանք նախատեսված չեն միայն տարբեր հրաձգային զենքերով պաշտպանվելու համար, այնտեղ կարող են լինել նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի այլ նմուշներ, դրանց համար կան նախատեսված հատվածներ:

«Կախված տեղանքից՝ ամրացված շրջաններն ունեն շրջանաձև պաշտպանության հնարավորություն։ Դրանք պաշտպանված են անօդաչու թռչող սարքերից և իրենց կազմ-կառուցվածքով բավականին ամուր են։ Դրանք պոտենցիալ մարտի ժամանակ կարող են ապահովել մեր զինվորների կենսունակությունը և հնարավորություն տալ ավելի շահեկան դիրքերից իրականացնել մեր երկրի սահմանների պաշտպանությունը»,- փետրվարին ամրացված շրջանների մասին պատմող տեսանյութում մանրամասնել է Փաշինյանի կուսակից նախարարը:

Ավելի վաղ այս տարվա սկզբին հրավիրած ասուլիսի ժամանակ Սուրեն Պապիկյանը հպարտությամբ նշել էր նաև, որ 2025-ին ՊՆ կապիտալ ծախսերը կազմել են ավելի քան 57 մլրդ 702 մլն դրամ:

«Կապիտալ ծախսերը 2018 թվականին կազմել են շուրջ 17 մլրդ 718 մլն դրամ, և կխոսեմ 2025 թվականին ՊՆ կապիտալ ծախսերի մասին, որոնք կազմել են 57 մլրդ 702 մլն 154 հազար դրամ: Սա, իհարկե, ապահովում է և՛ ամրաշինական կառույցների շինարարությունը, և՛ զորանոցային ֆոնդի շինարարությունը, և, իհարկե, կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում՝ վերանորոգումները, և մեղմ ասած՝ սա նույնպես խոսուն է թվերի համատեքստում»,- շարունակել էր նա:

Ստացվում է, որ մենք, ըստ էության, չենք սխալվել, երբ մի առիթով նկատել ենք՝ արդյոք բանակի կերպափոխման հայեցակարգի մեջ է՞լ է Փաշինյանը խնդիր տեսնում, քանի որ նույնիսկ իր ժամանակ գրված հայեցակարգում բանակին պահուստային դեր վերապահված չէ, ինչն առկա է ՔՊ նախընտրական ծրագրում, որի տակ ստորագրել է նաև Սուրեն Պապիկյանը, ինչը ենթադրում է, որ իքս պահի Փաշինյանը բանակից կվերցնի ամրացված շրջանները և կհանձնի դա ուղիղ իր հսկողության տակ գտնվող ԱԱԾ սահմանապահ զորքերին, հետո գուցե իքս պահի գործը հասնի նաև բանակի այս կամ այն ռազմական տեխնիկային, ո՞վ գիտի…

Ցավալին այն է, որ սրան զուգահեռ՝ բանակին առնչվող պոպուլիստական և ոչ պրոֆեսիոնալ մտքեր են հնչում նաև ընդդիմադիր ուժերից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930