Ինչո՞վ էր հիմա կարևոր Սուրեն Պապիկյանի Վրաստան այցը

Այս օրերին Վրաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Այցի ընթացքում Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ: Այս հանդիպումների ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը, երկկողմ փոխգործակցության առաջնահերթությունները, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Գաղտնիք չէ, որ Վրաստանը Հայաստանի համար հատկապես կարևոր է սպառազինության մատակարարման համատեքստում՝ որպես տրանզիտ երկիր, և այս թեման չէր կարող չլինել քննարկման օրակարգում, հատկապես Իրանի շուրջ պատերազմական իրավիճակում, երբ օբյեկտիվորեն Իրանի տարածքով սպառազինություն ստանալու խնդիր է ունենում Հայաստանը:

Մինչդեռ այս տարվա փետրվարին, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իրան էր այցելել, ռազմաքաղաքական և ռազմական լուրջ պլաններ էին գծվել, որոնց մասին գրել ենք:

Իսկ Վրաստանի հետ կապված հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվել էր ռազմավարական գործընկերության համաձայնագիր: Վրաստանի վարչապետն այդ ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին էր:

Վրաց քաղաքագետ Զաալ Կասրելիշվիլին շտապել էր «գաղտնազերծել» Վրաստանի՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր ստորագրելու գլխավոր նպատակը:

«Ռուս-վրացական պատերազմի ժամանակ մենք Հայաստանի հետ չունեինք նման համաձայնագիր, և այդ ժամանակ ՀՀ տարածքից ռուսական զորքը հարվածում էր Վրաստանի ենթակառուցվածքներին: Հիմա, այս համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանը պարտավոր է կատարել դրանում ամրագրված պահանջը»,- ընդգծել էր նա:

Իսկ թե նման կարգի ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանը, կամ Վրաստանն ի՞նչ պարտավորություն է ստանձնել, ըստ էության, մինչև այժմ բավականաչափ հայտնի չէ: Թեպետ, եթե սպառազինության մատակարարման հարցում հայկական կողմը խնդիրներ չունենա վրացական կողմից, արդեն իսկ լավ է:

Այստեղ հարկ է հիշեցնել նաև վրաց քաղաքական գործիչ Լևան Պիրվելիի՝ «Minval.az»-ին 2024 թվականի հունվարին տված մի հարցազրույց, որում նա բացել էր Վրաստանի՝ Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զենքի համար տարածք «տրամադրելու» որոշման մոտիվացիան:

«Վրաստանը դրան համաձայնել է, որպեսզի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, որովհետև ԵՄ-ն և հավաքական Արևմուտքը փաստացի սպառնում էր Վրաստանում հեղափոխություն «սարքել»: Եվ դա տեղի կունենար, եթե Վրաստանը չստանար ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ: Ուստի այս ռիսկերից խուսափելու համար Վրաստանը ստիպված էր համաձայնել «ռազմական տարանցիկությանը» Հայաստանի համար»,- մանրամասնել էր նա: Իհարկե, Վրաստանի՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու առումով լուրջ զարգացումներ եղան, բայց մի բան հստակ է՝ ցանկացած նման որոշում հետապնդում է կոնկրետ շահ, գուցե հիմա այն վրացական կողմի դեպքում փոխվել է:

Ամեն դեպքում, հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին էլ ասել էր, որ պետություններն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք ու զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով։

«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններով օգտվելու մեր տարանցման գործառույթից»,- շեշտել էր նա:

Իսկ Հայաստանն այդ առումով, ըստ էության, վտանգ չի ներկայացնում:

Մյուս կողմից, չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր օդային և ցամաքային ուղիները ՌԴ-ից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռների համար, ինչը հաստատել էր նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Իհարկե, Վրաստանը նման քայլի գնալու իր հիմնավորումն էր ներկայացրել, ինչին մանրամասն անդրադարձել ենք: 

Իսկ թե առավել առարկայական ի՞նչ արդյունքների ականատես կլինենք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Վրաստան այցից, ժամանակը ցույց կտա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930