6 միլիոն 880.000 դրամ՝ մեկ երեկոյի համար. Շամպայն, ելակ, երաժշտություն, իսկ բժիշկներ կային, որ ստացել էին 13.000 դրամ
Ազգային պատկերասրահում օրերս ամփոփվել է Առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը։ Այս ժամանակահատվածը մի ճանապարհի սկիզբ է, որն էապես փոխում է մեր երկրի առողջապահական համակարգը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ժամանակ է պետք, որ ժողովուրդն իր վրա զգա այս բարեփոխման արդյունքները և գոհ լինի, որ, ի վերջո, երկար տարիների սպասված երաշխիքը պետությունն իրեն մատուցում է»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդ առիթով կազմակերպված միջոցառմանը՝ շեշտելով, որ այդ պրոցեսը հնարավոր է դարձել նախ Նիկոլ Փաշինյանի «քաղաքական կամքի» արդյունքում։
Մինչ միջոցառման բովանդակային կողմին անդրադառնալը, նախ՝ դրա ձևի մասին։
Այսպես, ապրիլի 8-ին Առողջապահության համընդհանուր ապահովագրման հիմնադրամը ոչ մրցութային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով ՄԱՐՕԳ ՄԱՐՔԵԹԻՆԳ ՍՊԸ-ին պատվիրակում է այս միջոցառման կազմակերպման ծառայությունները․ ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ պայմանագրի գինը կազմել է 6 միլիոն 880.111 դրամ։
Այս գումարով, ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, ՍՊԸ-ն պարտավորել էր իրականացնել միջոցառման բովանդակության մշակում, դիզայնի և տպագրության կառավարման գործընթաց, անիմացված հոլովակների պատրաստում, մասնակիցների աջակցություն, միջոցառման տեսանկարահանում և լուսանկարահանում, մեդիա ներկայացուցիչների կառավարում, միջոցառման տեխնիկական և լոգիստիկ աջակցություն, ֆուրշետ և հաշվետվություն։
«Իրենք Ազգային պատկերասրահում շամպայնով, ելակով և դասական երաժշտությամբ նշում էին 100-օրյակն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական սպասարկման շրջանակներում բժիշկներ կային, որ ստացել էին 13 000 դրամ աշխատավարձ, կամ սոնոգրաֆիստները 130 հիվանդ են սպասարկել՝ 1 հիվանդի համար 1 սոնոգրաֆիայից ստանալով 1300 դրամ»,- 168․am-ի հետ զրույցում միջոցառմանն այսպես արձագանքեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Ըստ Անուշ Պողոսյանի՝ միջոցառումն աղերս իսկ չունի ո՛չ ապահովագրության հետ, ո՛չ առողջապահական բարեփոխման հետ։
«Առողջապահական ապահովագրությունում բազմաթիվ խնդիրներ կան․ ի դեպ, այսօր արդեն խնդիրներ ունեն ոչ միայն բժիշկները, այլև բուժառուները՝ բազմաթիվ հերթագրումներ, սահմանափակումներ և այլն։ Կարծում եմ`սա ուղղակի առիթ է եղել, որ յուրայիններով հավաքվեն, մի մի բաժակ իրար հետ խմեն, մի 2 հատ էլ սիրուն ռոլիկ ստանան և ռիլեր ստանան»,- պարզաբանեց նա։
Առհասարակ, առողջապահության փորձագետը հիմնադրամի հապճեպ ներդրումը համարում է նախընտրական պրոցեսների մաս։
«Սա նախընտրական շոու էր, նախընտրական ակցիա, որ կարողանան գնալ և քաղաքացիներին ասել, որ մենք ներդրեցինք ապահովագրությունը, և մենք տեսնում ենք, որ իրենց քաղաքական ղեկավարը և նախարարն անդադար խոսում են դրանից։ Ու պատահական չէ, որ այս փուլում նրանք մեծ քանակությամբ դեղորայքների տրամադրում են իրականացնում․ ամբողջ տարվա բյուջեի 50 %–ը դեղորայքի արդեն բաշխել են»,- ամփոփեց նա։



